1991 թ. սկզբին Հայաստանը դեռեւս գտնվում էր Խորհրդային Միության կազմում, սակայն ղարաբաղյան շարժումը արդեն նախանշել էր մեր երկրի ապագան: Ազատության շունչը ոգեւորել էր արվեստագետներին, ազգային ավանդներին վերադառնալու ցանկություն առաջացրել: Այդ շրջանում էր, որ բազմաթիվ նկարիչներ սկսեցին անդրադառնալ քրիստոնեության թեմաներին, որոնք խորհրդային երկրում արգելված էին:
Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ստեղծած քարոզչական գրասենյակի պատասխանատու Աբրահամ վարդապետ Մկրտչյանին (այժմ եպիսկոպոս, Սյունյաց թեմի առաջնորդ) դիմում էին բազմաթիվ արվեստագետներ` ինչպես խորհուրդներ հարցնելու, այնպես էլ քրիստոնեության թեմաներով գործերի ցուցահանդես կազմակերպելու համար: Աբրահամ վարդապետն այդ գործը կայուն հիմքի վրա դնելու համար, խորհրդակցելով Հայաստանի պետական պատկերասրահի հայ միջնադարյան արվեստի բաժնի վարիչ Կարեն Մաթեւոսյանի հետ, որոշեց ստեղծել հասարակական կազմակերպություն: Այսպես ստեղծվեց «Մոմիկ» միությունը` անվանակոչվելով 13-14 դդ. ճարտարապետ եւ մանրանկարիչ Մոմիկի անունով:
«Մոմիկի» առաջին ցուցահանդեսը կազմակերպվեց 1991-ի սեպտեմբերին` Արարատյան թեմի առաջնորդարանի սրահում եւ նվիրված էր մեռոնօրհնեքին: Դեկտեմբերին բացվեց 2-րդ ցուցահանդեսը` նվիրված Սուրբ ծննդյան տոնին: Կազմակերպված ցուցահանդեսները ցույց տվեցին, որ նկարիչներն ունեն քրիստոնեական արվեստի, պատկերագրության, խորհրդանիշների մասին գիտելիքների պակաս, որը լրացնելու համար հրատարակվեց «Ավետարանական պատկերներ» գիրքը, ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահներում կազմակերպվեցին քրիստոնեական մշակույթի եւ հայ արվեստի պատմությանը նվիրված դասախոսություններ, Աջափնյակում հիմնվեց մանկական նկարչական դպրոց: Միությունը քրիստոնեական թեմաներով ստեղծագործող արվեստագետների գործերը հետագայում ներկայացրեց ոչ միայն ողջ հանրապետությունում, այլեւ ցուցահանդեսներ կազմակերպեց Լիբանանում, Կանադայում, Դանիայում, Ավստրալիայում (ընդհանուր առմամբ կազմակերպվել է շուրջ 40 ցուցահանդես):
Այժմ «Մոմիկը» ՀՀ անկախության տարեկիցն է, այդ առթիվ օրերս «Նարեկացի» արվեստի միությունում նշվեց «Մոմիկի» 15-ամյակը: Ելույթ ունեցավ «Շարական» համույթը (գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտ), ներկայացվել էին միության արվեստագետների ստեղծագործությունները: Միության նախագահ Կարեն Մաթեւոսյանն ամփոփեց «Մոմիկի» 15-ամյա ուղին, ընդգծելով հատկապես «Հայ արվեստ» հանդեսի հիմնումը, որն անխափան տպագրվում է արդեն հինգերորդ տարին, իսկ 2005-2006-ին` նաեւ անգլերեն թարգմանությամբ եւ լայնորեն տարածվում նաեւ սփյուռքում:
Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ