Ինչպիսին են կառավարության մոտեցումներն այս եւ երկքաղաքացիության այլ վիճելի հարցերի առնչությամբ
Հայաստանում երկքաղաքացիության հարցն անկախությունից ի վեր ամենաչարչրկվածներից է: Մոտեցումներն էլ խիստ բեւեռացված ենՙ միանշանակ դրականից մինչեւ միանշանակ մերժողական: Կառավարությունում ձեռնամուխ են եղել համապատասխան օրենսդրության մշակմանը:
Երկքաղաքացիության օրենքն ինչպե՞ս է կարգավորելու զինվորական ծառայության, ընտրելու եւ ընտրվելու, սեփականության ձեռքբերման եւ մնացած այլ վիճելի հարցերը: Քանի որ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի ժամանակ այս օրենքի վերաբերյալ կառավարության տեսակետներն էր ներկայացրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նրան էլ դիմեցինք պարզաբանումներ ստանալու համար: Ի պատասխան նախարարությունից տրամադրեցին այդ տեսակետները ներկայացնող գրավոր մանրամասներ:
Թերեւս ամենակարեւորՙ զինվորական ծառայության հարցն ի՞նչ կարգավորում պետք է ստանա երկքաղաքացիության ընդունման դեպքում: Մասնավորապես առաջարկվում է հետեւյալը: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կցանկանան դառնալ նաեւ այլ պետության քաղաքացի, կդիտարկվեն որպես զուտ ՀՀ քաղաքացի եւ պարտավոր կլինեն զինվորական պարտադիր ծառայություն անցնել Հայաստանում: Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիներին, որոնք կցանկանան դառնալ նաեւ ՀՀ քաղաքացի, ապա նրանք կազատվեն Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց այն դեպքում միայն, եթե այլ երկրում անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն: Ընդ որում, այս դրույթը գործում է մինչեւ 27 տարեկանների համար, քանի որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը սահմանափակված է մինչեւ այդ տարիքը: Միաժամանակ, նկատի ունենալով մեր երկրի աշխարհաքաղաքական վիճակը, պատերազմի վտանգի դեպքում ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ենթակա լինեն զորակոչի:
Ընտրելու իրավունքը որոշակի տարանջատում է նախատեսում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տվյալ համայնքում ապրող երկքաղաքացին իրավունք պետք է ունենա մասնակցելու: Սակայն երկրի նախագահի կամ Ազգային ժողովի ընտրություններին երկքաղաքացիներն իրավունք կունենան մասնակցելու, եթե տվյալ պահին գտնվում են Հայաստանի տարածքում: Այսպես կոչված բացակայող, այսինքն այլ երկրի տարածքից քվեարկությունը բացառվում է:
Ընտրվելու իրավունքը տեղական ինքնակառավարման մարմիններում նույնպես չի սահմանափակվումՙ տվյալ համայնքում դարձյալ որոշակի բնակության ցենզի դեպքում: Սակայն երկքաղաքացիներիՙ երկրի նախագահ կամ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում պետք է լինեն սահմանափակումներ:
Ի՞նչ պաշտոններ չեն կարող զբաղեցնել երկքաղաքացիները: Ներկայումս առաջարկվում է առնվազն սահմանափակել ուժային կառույցներումՙ բանակ, ոստիկանություն եւ ազգային անվտանգություն, բարձր պաշտոններ զբաղեցնելը: Հարկային եւ մաքսային պարտավորությունների կատարման առումով ընդհանրապես որեւէ նոր կարգավորում չի առաջարկվում, քանի որ արդեն իսկ գործող օրենսդրությամբ տարանջատում մտցված չէ ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրացիների միջեւ: Հետեւաբար տարանջատում սահմանելու անհրաժեշտություն չկա նաեւ միայն ՀՀ քաղաքացիների եւ երկքաղաքացիների միջեւ:
Օտարերկրացիներիՙ հողի նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է եղել 1995 թ.-ի սահմանադրությամբ: Ներկայիս, բարեփոխված սահմանադրությամբ օտարերկրացիները կարող են հող ձեռք բերել բնակելի տան, արտադրական կամ հասարակական շինության կառուցման համար, բայց չեն կարող ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողեր: Երկքաղաքացիների համար առաջարկվում է վերացնել նաեւ այս արգելքը:
Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական պաշտպանություն երկքաղաքացիները կունենան, երբ կգտնվեն երրորդ երկրի տարածքում: Սակայն երբ գտնվեն երկրորդ քաղաքացիության երկրում, ապա Հայաստանի դիվանագիտական պաշտպանությունից չեն կարող օգտվել:
Առաջին անգամ փորձ է արվելու հստակեցնել, թե ովքեր են համարվում հայեր, նկատի ունենալով այն սահմանադրական դրույթը, ըստ որի ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով: Կառավարությունն ազգությունն առաջարկում է սահմանել այսպեսՙ եթե անձն ունի հայ նախնիներ եւ կարող է դա ապացուցել:
Ընդհանուր առմամբ, ըստ արդարադատության նախարարի, երկքաղաքացիության վիճելի դրույթների առնչությամբ կառավարությունը որդեգրել է ազատական մոտեցումներ: Բացառություն է կազմել պարտադիր զինվորական ծառայության հարցը: Սակայն Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու եւ երկքաղաքացի դառնալու ցանկություն ունեցողների մեծ հոսք չի ակնկալվում մի քանի պատճառներով: Որո՞նք են դրանք:
Բանն այն է, որ օտարերկրացիները, դառնալով ՀՀ քաղաքացի, զրկվում են մի շարք իրավունքներից: Նախՙ նրանք զրկվում են Հայաստանի տարածքում իրենց քաղաքացիության երկրորդ երկրի դիվանագիտական պաշտպանությունից օգտվելուց: Հայաստանում դատարանի կողմից դատապարտվելու դեպքում նրանք իրավունք չեն ունենում երկրորդ քաղաքացիության երկիր էքստրադիցիայի հավակնելուց: Կալանավորման եւ ձերբակալման դեպքում եւս նրանք զրկվում են երկրորդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչներին տեղեկացնելու իրավունքից: Եվ վերջապես, ձեռք բերելով Հայաստանի քաղաքացիություն, երկքաղաքացիություն ունեցողները դադարում են համարվել օտարերկրյա ներդնող եւ դառնում են ՀՀ քաղաքացի ներդնող: Սա դիտարկվում է որպես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու զսպող հանգամանքներից մեկը, քանի որ օտարերկրյա ներդրումները հաճախ պաշտպանված են լինում միջազգային երկկողմ պայմանագրերով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ