«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2006-09-26 | #183, 2006-09-27 | #184, 2006-09-28


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ

Չինաստանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցագորգ դուրս եկած մեր բոլոր 5 ըմբիշներն էլ` Ռոման Ամոյանը (55 կգ), Կարեն Մնացականյանը (60 կգ), Արտակ Հարությունյանը (66 կգ), Մովսես Կարապետյանը (74 կգ) եւ Տիգրան Սահակյանը (84 կգ) անհաջողության մատնվեցին ու չկարողացան մասնակցել մեդալների համար մղվող պայքարին: Հավաքականում ընդգրկված մեր վեցերորդ մասնակիցը` ռուսաստանցի գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւն այդպես էլ չմասնակցեց առաջնությանը: Մրցաշարի կազմկոմիտեն նրան չթույլատրեց մրցագորգ դուրս գալ: Պատճառն այն է, որ ըստ գործող կարգի, եթե մարզիկը փոխում է քաղաքացիությունը եւ ընդգրկվում այլ երկրի հավաքականում, ապա նոր թիմի կազմում նա իրավունք ունի պաշտոնական մրցումներին մասնակցել միայն երկու տարի անց: Նշենք, որ Պատրիկեեւն այս տարվա գարնանն է Հայաստանի քաղաքացիություն ընդունել: Վերջին անգամ նա ՌԴ հավաքականի կազմում մասնակցել է 2005 թ. գարնանը կայացած Եվրոպայի առաջնությանը: Այնպես որ նա Հայաստանի հավաքականի կազմում կարող է հանդես գալ միայն հաջորդ տարվա գարնանից:

Չինաստանում այժմ իրենց մրցավեճն են սկսում ազատ ոճի ըմբիշները: Մեր հավաքականի կազմում են Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Շամիլ Գիտիեւը (96 կգ), Ռուսլան Բասիեւը (120 կգ) եւ Կարինե Շադոյանը (63 կգ):

Մրցաշարի օրերին կայացավ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում քննարկվեց աշխարհի հաջորդ առաջնությունը Բաքվում անցկացնելու հարցը: Նշենք, որ Բաքվի իշխանությունները հայտարարել էին, որ հայ մարզիկների մուտքը Ադրբեջանի տարածք չեն երաշխավորում: Միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշում էր կայացրել Բաքվից տեղափոխել առաջնությունը, սակայն հաջորդ օրը կայացած արտակարգ նիստում ադրբեջանցիներին հաջողվել էր, այնուամենայնիվ, համոզել գործկոմի անդամներին, նախկին որոշումը թողնել ուժի մեջ: Այնպես որ, առայժմ հարցական է, թե արդյոք կմասնակցե՞ն հայ ըմբիշները Բաքվում հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4