Մինչ այդ ՌԴ դեսպանը հետ է կանչվել Մոսկվա խորհրդակցության
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզական բաժինը, ինչպես «Ազգը» տեղեկացրել էր երեկ, ձերբակալել էր մի շարք անձանց` լրտեսության կասկածանքով: Ըստ վրաց իրավապահների, Վրաստանի տարածքում բացահայտվել է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության լրտեսական ցանց, որ գործում էր Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբի անվան տակ: Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու խոսքերով, ցանցը գլխավորել է ռուսական ռազմական հետախուզության սպա, գնդապետ Անատոլի Սինիցինը, որ նաեւ 2005 թ.-ի փետրվարի 1-ին Գորիում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է եղել:
Մերաբիշվիլու մատուցմամբ, Սինիցինը գործողությունները ղեկավարել է Երեւանից, ՌԴ ԶՈՒ 44843 զորամասից: Ձերբակալված ռուս 4 (ռուսական աղբյուրներում` 5) սպաներից Ալեքսանդր Սավվան ԳՀՎ գնդապետ է, որ վրաց իրավապահների մեղադրանքով ղեկավարել է լրտեսական ցանցը Վրաստանում: Նա եւ ԳՀՎ փոխգնդապետ Դմիտրի Կազանցեւը ձերբակալվել են Թբիլիսիում: Բաթումում ձերբակալվել են ԳՀՎ փոխգնդապետ Ալեքսեյ Զավգորոդսկին եւ ԳՀՎ մայոր Ալեքսանդր Բարանովը: Վրաստանի ՆԳ նախարարի տեղեկացմամբ, ԳՀՎ եւս մեկ փոխգնդապետ` Կոնստանտին Պիչուգինը թաքնվում է Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի շտաբում, ինչի պատճառով էլ սեպտեմբերի 27-ին շրջափակվել էր շտաբի շենքը: Վրացական կողմը շտաբի ղեկավարությունից պահանջել է հանձնել Պիչուգինին, միեւնույն ժամանակ ենթադրելով, որ շտաբի անձեռնմխելիության իրավունքից օգտվելով Պիչուգինը կարող է հեռանալ Վրաստանից: Ի դեպ, նույն այդ դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքի առկայությունն էլ անհնար էր դարձնում վրաց իրավապահների մուտքը շտաբ: Ու թեեւ առաջին ձերբակալություններից հետո պարզ դարձավ եւս երկու ռուս զինծառայողի ձերբակալության մասին, որոնցից մեկը Ամիր Ասլանյանն է, շտաբի շրջափակումը, Վրաստանի ՆԳՆ տեղեկացմամբ, երեկվա դրությամբ դադարեցված չէր:
Բացի չորս սպաներից, ձերբակալվել են նաեւ Վրաստանի 11 (որոշ աղբյուրների համաձայն` 12) քաղաքացիներ` Արտաշես Բալոյանը, Վիկտոր Օրեխովը, Ալեքսանդր Զալինյանը, Վիկտոր Զաբրոդինը, Գոդերզի Ձուլիաշվիլին, Գիա Կակուրիձեն, Ազիզ Ասլանյանը, Կարեն Աբոյանը, Ֆյոդոր Աշրատյանը, Բեսո Գաբաիձեն: Նրանք մեղադրվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության եւ հայրենիքի դավաճանության մեջ:
Մերաբիշվիլու տեղեկացմամբ, վրացական հակահետախուզական ծառայությունները բացահայտել են լրտեսական խմբավորման հետաքրքրությունների շրջանակը. Վրաստանի պաշտպանունակություն, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ծրագրեր, երկրի զարգացման ծրագրեր, էներգաանվտանգության հարցեր, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող կուսակցություններ ու ՀԿ-ներ, Վրաստանի ՊՆ առանձին ստորաբաժանումներ, վրաց բանակի սպառազինության եւ առանձին անձանց, ռազմական նշանակության բեռների, ՆԳՆ եւ ՊՆ դասընթացների մասին տվյալներ, տեղեկություններ ռազմական գնումների, ծովային նավահանգիստների, երկաթգծային միջոցների եւ բեռնափոխադրումների, հակամարտությունների գոտում ռազմական միավորների տեղաբաշխման մասին:
Ռուսաստանն իր հերթին, ի դեմս արտգործնախարարության, արդեն իսկ հայտարարել է սեփական տնօրինության տակ գտնվող բոլոր միջոցների օգնությամբ իր քաղաքացիներին Վրաստանից պահանջելու մասին: Ըստ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, վրացական կողմի նման գործողությունները առիթ են, որ այս խնդրով զբաղվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, հատկապես որ «աբխազական հարցում էլ Վրաստանը սադրիչ քայլեր է անում»: Ըստ ՌԴ արտգործնախարարի, մոտակա երկու շաբաթում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենա վրաց-աբխազական հարցի կարգավորման բանաձեւի քննարկումը, որտեղ այս ձերբակալություններից հետո Ռուսաստանը կպնդի, որ դրանում արտացոլվեն վրացական կողմի հակառուսաստանյան գործողությունները:
Տեղի ունեցածը Լավրովը որակել է որպես հակառուսաստանյան քաղաքականության դրսեւորում եւ հերթական սադրանք, ավելացնելով, որ նման կերպ Վրաստանը փորձում է լրացուցիչ փաստարկներ ձեռք բերել իր նկատառումներն իրականացնելու համար, այն է` ուժային ճանապարհով կարգավորել իրավիճակը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:
Ինչեւէ, իրադարձությունների այս հոլովույթում որոշակի հստակություն կարող է մտցվել այսօր, երբ, վրացական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ձերբակալված «լրտեսներին» կներկայացվի մեղադրանք: Իսկ մինչ այդ ռուսական կողմն արդեն երեկվանից դադարեցրել է Վրաստանի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի անցագրերի տրամադրումը, ընդ որում, առանց մեկնաբանության:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն էլ երեկ առանձին հայտարարել է մեկ այլ դեպքի մասին, երբ Բաթումում ձերբակալվել են ռուսական զորքերի 7 զինծառայողներ: Ըստ Իվանովի, նրանց ծեծել են, ձեռքերից խլել զենքերն ու մեքենան, սակայն որոշ ժամանակ անց նրանց բաց են թողել` առանց որեւէ բացատրության: Վրացական կողմն, ի դեմս ներքին գործերի նախարարության, հայտարարել է, որ Բաթումում ձերբակալված 7 զինծառայողները իրենց հետ կրել են զենքեր եւ զինամթերք` առանց փաստաթղթերի, եւ այդ առնչությամբ գործը դեռ քննվում է: Զինծառայողներն ազատ են արձակվել, սակայն զինամթերքը մնացել է առգրավված, ընդ որում նրանց չեն ծեծել:
Վրաստանի ՆԳ նախարարությունը իր պաշտոնական կայքէջում տեղադրել է անհրաժեշտ եւ կարեւոր բոլոր տեղեկությունները ռուսաստանցի սպաների լրտեսությունն ապացուցելու վերաբերյալ: Ամեն դեպքում, երեկ արդեն լրատվամիջոցներին են փոխանցվել տեսա եւ ձայնագրություններ, որոնք վկայում են ռուս սպաների լրտեսության մասին` Վրաստանի քաղաքացիների ներգրավմամբ: Տեսագրություններում ֆիքսված են գործակալների հետ ռուս սպաների հանդիպումները, գումարներ փախցնելու պահերն ու հանձնարարությունները` «գաղտնի» վերտառությամբ տեղեկությունների ձեռքբերման եւ հանձնման մասին: Երեկ դեռ չէին հաստատվում տեղեկությունները լրտեսության մեջ կասկածվողների խոստովանությունների մասին:
Եվ մինչ վրացական իշխանությունները հրապարակում են ունեցած տվյալները, Ռուսաստանի ԱԳՆ որոշմամբ, Վրաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հետ է կանչվել Մոսկվա խորհրդակցության, իսկ այսօր արդեն Վրաստան ժամանող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները մասնակի կէվակուացնեն Վրաստանում ռուսաստանյան հաստատությունների աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին: ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաեւ ձեռնպահ մնալ Վրաստան այցելություններից: