Ռուսաստանն էլ կովկասյան շահերի մասին առանձնապես չի մտածում
Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով ու այսպես կոչված վերլուծություններով Հարավային Կովկասի եւ ընդհանրապես Կովկասի մասին պատկերացում կազմել հնարավոր չէ: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում երեկ կազմակերպված քննարկումը նվիրված էր հենց ռուսական ԶԼՄ-ներում Հարավային Կովկասի ներկայացվածությանը:
Իսլամի գծով եւ ԱՊՀ հարավային տարածաշրջանների մասնագետ Ալեքսեյ Մալաշենկոյի մատուցմամբ, ռուսաստանյան ԶԼՄ-ները հիմնականում կառավարամետ են, իսկ դրանցում Կովկասի մասին նյութերի 80 տոկոսը` պատվիրված: Վառ օրինակ է Վրաստանը, որի վերաբերյալ տեղեկությունները միակողմանի են այնպես, ինչպես միակողմանի են լրահոսն ու վերլուծությունները Չեչնիայի մասին: Ի դեպ, վերջինի դեպքում ուղղակի առկա է որոշակի գրաքննություն: Ըստ Մալաշենկոյի, նախ, Ռուսաստանը Կովկասով հետաքրքրված չէ, քանի որ առանձնակի հետաքրքրված չէ ոչնչով: Լրատվամիջոցներում էլ բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Կովկասի մասին արվող վերլուծությունները աղաղակող սխալներով են իրականացվում, ինչն էլ իր հերթին աղավաղում է Կովկասի առնչությամբ ձեւավորված առանց այն էլ աղճատված պատկերը:
Քաղաքական մեկնաբան, լրագրող Ալեքսեյ Կոլեսնիկովը թեմայի շրջանակներում հիշատակեց երկու արդեն իսկ բավականին քայքայիչ գործունեություն ծավալած կարգախոս. «Ռուսաստանը ռուսների համար» եւ «կՏվՈպւՈսՌ ՑցՑ...» (թարգմանությունն ուղղակի անիմաստ կլիներ - Ա.Հ.): Այս նույն մոտեցումներն, ըստ էության, առկա են նաեւ մամուլում: Եվ քանի որ Ռուսաստանում որակ ունեցող մամուլը զգալի փոքր թիվ է կազմում, իսկ վերահսկվող հեռուստատեսությունն էլ հիմնականում բացասական վերաբերմունք է ձեւավորում, ստացվում է, որ Կովկասի մասին ճիշտ եւ իրական տեղեկություն ուղղակի չի տրվում:
Ըստ Կոլեսնիկովի, գոյություն ունի ուղղակի կապ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության եւ մամուլի դրսեւորած մոտեցումների միջեւ: Ելնելով պետության քաղաքականությունից` լրատվամիջոցները տեղեկատվական քաղաքականությամբ թշնամու կերպար են ձեւավորում, հանդուրժողականություն չեն դաստիարակում, էթնիկ բախումները որակում են կենցաղային, հասարակական գիտակցությանն էլ չի հասցվում իրավիճակի լրջությունը:
Փորձագետ Լեւ Ձուգաեւի կարծիքով, լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը լրջագույն խնդիր է Կովկասին առնչվող հարցերում: Ըստ փորձագետի, թերեւս Ռուսաստանն ինքը հստակ չի պատկերացնում իր շահերը Կովկասում, մինչդեռ Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ է կատարվում իր հարավային սահմաններին, պետք է մտահոգվի տարբեր ֆոբիաներով: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ միայն իշխանությունները, այլեւ փորձագիտական շրջանակները չգիտեն ինչպես վարվել այդ ֆոբիաների հետ:
Պատմաբան Գենադի Բորդյուգովի համոզմամբ, վերջին տարիներին նախ եւ առաջ տեղի ունեցավ մասսայական գիտակցության ազգայնացում, սկսեցինք յուրաքանչյուրս մեր պատմությունն էլ ավելի հինավուրց ներկայացնել, հերոսացնել, փոփոխել խորհրդանիշները, սկսեցինք մրցել մեր մշակույթներով, մեկը մյուսից բարձր-ցածր լինելու հարցեր բարձրացնել: Եվ այս ամենում վտանգավորը նման ազգայնացման հիմքն է` էթնոցենտրիզմը, որ բերում է նաեւ պատմություն կեղծելուն:
Սա դեռ ամենը չէ: Ըստ Բորդյուգովի, այնուհետեւ սկսվել է այդ խեղված պատմության առարկայացումը` դասագրքերով, ԶԼՄ-ներով: Եվ քանի որ պատմաբանները պատմագրությամբ զբաղվելու փոխարեն այս կամ այն պատվերով առկա իրականությանն են «համապատասխանեցնում» պատմությունը, վերջինս դառնում է հեշտորեն կեղծվող առարկա: Մասնավորապես Վրաստանում դպրոցական դասագրքերում Ռուսաստանը ներկայացվում է որպես թշնամի, Ադրբեջանում որոշակի չեզոքություն է պահպանվում, Հայաստանում հյուսիսային հարեւանը մնում է բարեկամ` չեզոքության տարրերով: Իսկ Ռուսաստանի դասագրքերում Կովկասը աշխարհագրական միավոր է, այլ ոչ պատմական, ռուսական դպրոցներում օգտագործվող պատմական բառարանի 1500 հասկացություններից միայն 3-ն են վերաբերում ամբողջ Կովկասին:
Քննարկման թերեւս ամենահետաքրքրական դիտարկումն այն էր, որ ռուսաստանյան նման իրականության մեջ ոչ թե դավադրություններ է պետք որոնել այս կամ այն պետության դեմ, այլ ուղղակի ընդունել, որ ՌԴ ղեկավարության վերին էշելոններում հիմարներ են նստած: Օրինակ, նույն Վերին Լարսում նորոգման աշխատանքներ սկսելուց առաջ ռազմավարական գործընկեր Հայաստանին չզգուշացնելն առնվազն հիմարություն է, այլ ոչ դիտավորություն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ