«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2006-09-27 | #184, 2006-09-28 | #185, 2006-09-29


ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԶԵԿՈՒՑԱԳՐՈՎ

Այդ մասին պաշտոնապես հայտարարել է թուրքական արտաքին գերատեսչությունը

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, Եվրոխորհրդարանը ձայների 429 կողմ եւ 71 դեմ հարաբերակցությամբ սեպտեմբերի 27-ին ընդունել էր Թուրքիայի վերաբերյալ զեկուցագրի վերափոխված տարբերակը, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի դիտարկվում Եվրոմիությանն անդամակցության նախապայման: Քվեարկության նախորդ օրը քննարկումներում սոցիալիստները, լիբերալները եւ «կանաչները» համատեղ նախաձեռնությամբ առաջարկել էին զեկուցագրից հանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ցեղասպանության ճանաչմամբ պայմանավորող հոդվածը: Առաջարկին կողմ է քվեարկել 320 խորհրդարանական, իսկ 280-ըՙ դեմ:

Դրա ընդունման պայմաններում Եվրոխորհրդարանը քվեարկելով զեկուցագրի վերափոխված տարբերակի օգտին, փաստորեն մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրեւ նախապայման Թուրքիային առաջադրելու նախաձեռնությունը: Քվեարկության օրը մերժվել էին նաեւ ԵՄ-ին լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային արտոնյալ գործակցություն առաջադրելու եւ զեկուցագրին Պոնտոսի հույների ցեղասպանության վերաբերյալ պարբերություն կցելու առաջարկները:

Հակառակ դրան, Եվրոխորհրդարանն ընդունել է «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության PKK-ին հասցեագրած զինադադարի կոչին, Հռոմի պապի Թուրքիա այցին, «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դատավարությանն առնչվող առաջարկները, դատապարտվել է PKK-ի ահաբեկչությունը եւ ողջունել Թուրքիայի ու Իսպանիայի վարչապետներիՙ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համատեղ նախաձեռնությունը:

Զեկուցագրի վերափոխված տարբերակով Եվրոխորհրդարանը Թուրքիայից պահանջել է վերանայել «Ահաբեկչության դեմ պայքարի օրենքը», չեղյալ հայտարարել քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածը, վերանայել կամայական մեկնաբանությունների տեղիք տվող մի շարք հոդվածներ, ճանաչել ալավիներին որպես կրոնական փոքրամասնություն, ընդլայնել ազգային էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, երկրում ապահովել դատական իշխանությունների անկախությունը, սահմանափակել ներքաղաքական կյանքում բանակի դերը, ինչպես նաեւ արագացնել այն բարեփոխումները, որոնք ներառում են խոսքի ազատության, կանանց ու արհեստակցական միությունների իրավունքների բնագավառները:

Եվրոխորհրդարանը Թուրքիայից պահանջել է նաեւ ճանաչել ԵՄ-ի անդամ Կիպրոսի Հանրապետությունը եւ կիպրական նավերի առջեւ բացել թուրքական նավահանգիստները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ սեպտեմբերի 27-ին Եվրոխորհրդարանի ընդունած զեկուցագիրը նախորդներից էապես չի տարբերվում: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծելով հանդերձ Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրեւ անդամակցության նախապայման չդիտարկելու, PKK-ի գործունեության դատապարտման եւ ԵՄ-ի հետ բանակցությունների լիիրավ անդամակցությամբ պայմանավորման կարեւորությունը ԵՄ-Թուքիա հարաբերությունների զարգացման համար, այնուամենայնիվ անբավարար է համարել զեկուցագիրը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել է հենց սեպտեմբերի 27-ի քվեարկության օրը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4