«Դուք գիտե՞ք ում եք պաշտպանում, դուք պաշտպանում եք ջհուդներին: Գնացեք եւ պարզեք, թե ով է կանգնած այդ ընկերության հետեւում», լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, տվյալ պահին չմտածելով, որ այդ արտահայտությունը կհասնի Հայաստանի փոքրաթիվ հրեական համայնքին ու վրդովմունք կառաջացնի: Այվազյանի խոսքերից վիրավորված հրեական համայնքի ներկայացուցիչ Ռիմա Վարժապետյանն ասել է. «Չեմ կարծում, թե նախարարը վրիպել է: Հավանաբար դա հոգեվիճակ է: Ունենալով նման պաշտոնՙ նա չպետք է նման բաներ ասեր: Եթե նա հանդիպեր ինձ կամ հրեական համայնքի այլ ներկայացուցիչների հետ, չէր համարձակվի այդպես ասել»:
Իսկ «Գլոբալ գոլդ» ընկերության վերաբերյալ Վարժապետյանը նշել է, որ թեպետ ինքը անձամբ ծանոթ չէ ղեկավարների հետ, բայց բնավ չի կարծում, որ ընկերության գործունեությունը միայն օգուտ կբերի Հայաստանին: «Հայտարարել, թե այդ ընկերությունը կվատնի Հայաստանի ունեցվածքը, սրբապղծություն է», ասել է նա: Նախարարի դեմ հրեաների բողոքն այսքանով կանցնի կգնա, որովհետեւ Այվազյանը իրենից ոչ հայ ժողովուրդ է ներկայացնում, ոչ էլՙ կառավարություն: Հրեաները որոշել են նրա ասածը շատ սրտամոտ չընդունել: Հրեաների բողոքից գլուխը կորցրած Այվազյանն էլ շտապել է «Ազատություն» ռադիոկայանին հայտնել, որ հրեաներին վիրավորելու ցանկություն չի ունեցել, այլ նկատի է ունեցել կոնկրետ «Գլոբալ գոլդի» գործունեությունը: