Մատենադարանում կամ գիտական մեկ այլ օջախում իրենց գործը լուռ ու մունջ անող մեր գիտնականները հեռուստաէկրաններին գրեթե չեն երեւում, նրանց գրագետ խոսքը հազվադեպ է լսվում ու տարբեր կողմերից հնչում են ոչ ճիշտ կարծիքներ, թե վե՜րջ, վերջացավ, այլեւս մտավորականություն չունենք, մտքի խեղճություն է, գաղափարի սով:
Մատենադարանի ավագ գիտաշխատող, ձեռագրագետ Արմեն Տեր-Ստեփանյանի ուսուցիչներից մեկը` Ասատուր Մնացականյանը, ձեռագրագիտությունը համեմատել է օվկիանոսի հետ: Ոմանք օվկիանոսի մասին գրում են նրա վրա լողալով, ոմանք իջնում են մինչեւ հատակը, ուսումնասիրում խորքերն ու նոր միայն գրում:
Ի՞նչ է մտածում գիտնականը մեր իրականության մասին, ո՞րն է համարում մտավորականության անելիքը, ի՞նչ կարծիք ունի գիտության ու կրթության ոլորտներում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:
«Իմ խորին համոզմամբ, բոլոր մտավորականները պիտի լինեն ընդդիմություն, բայց ոչ ընդդեմ իշխանությունների, այլ հօգուտ ժողովրդի: Ամենաիդեալական իշխանությունների օրոք անգամ կլինեն խնդիրներ, որոնցով պիտի զբաղվեն նաեւ մտավորականները: Ապշում եմ, երբ մեր մտավորականները գովերգում են իշխանություններին, բնավ էական չէՙ վերջիններս լավն են, թե վատը: Իսկական մտավորականը միշտ պիտի խոսի ընդդեմ իշխանությունների, պիտի լինի ազատ եւ անկուսակցական:
Մեր երկրի զարգացման ուղիները բոլորին են տեսանելի, գիտության մարդիկ գիտեն ինչպես զարգացնել գիտությունը, կրթության մարդիկՙ կրթությունը, բայց ո՞վ է լսում նրանց, ո՞վ է հարցնումՙ ի՞նչ խնդիրներ ունեք, ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ամենավատ բանն արհամարհված լինելն է, իսկ այսօր արհամարհված են գիտնականը, մշակույթի գործիչը, դպրոցի ուսուցիչը: Այսօր շատ ենք բողոքում դպրոցների ուսուցիչների իմացության մակարդակից, բայց թույլ տվեք հարցնել, ի՞նչ աշխատավարձ է ստանում ուսուցիչը, որպեսզի երիտասարդ խելացի կադրը ձգտի դպրոց մտնել: Ամեն ինչ սկսվում է դրանից: Դպրոցում ուսուցիչներ են աշխատել Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, մեր բոլոր մեծերը, որովհետեւ այն ժամանակ մեծարանք կար ուսուցչի հանդեպ: Խորհրդային տարիներին գիտնականների հանդեպ իշխանությունների հարգանքը, չգիտեմ, խորքային էր, թե ձեւական, բայց երբ հյուրեր էին բերում Մատենադարան, պաշտոնյաները մոտենում էին գիտնականներին ու հարցնումՙ ինչի՞ կարիք ունեք: Այդ պաշտոնյաների համար այն ժամանակ զեկուցումներ էին գրում նրանց խորհրդականները, որ ժողովրդի առջեւ ելույթ ունենալիս նրանք կարդան: Լավ էին կարդում, թե վատ, այս պահին դա չէ խնդիրը, այլ այն, որ ամեն մի դպրոցական տեսնում էր, որ պաշտոն ունենալու համար գրագիտություն է պետք: Այսօր հիմարությունը ծաղկում է բոլոր ասպարեզներում»:
Արմեն Տեր-Ստեփանյանի կարծիքով, դպրոցը պիտի լինի ոչ թե գրագիտության կամ դպրոցական դասագրքերի մակարդակով գիտելիքների, այլ մշակույթի փոխանցման կրթօջախ, ինչպես երաժշտության կամ նկարչության ասպարեզում, ուր մշտապես նշվում է, թե այսինչ դաշնակահարը կամ նկարիչը ո՞ր վարպետի սանն է եղել: Մյուս ասպարեզներում դրա մասին չի խոսվում, որովհետեւ բոլորը նույն կրթությունն են ստանում: «Այդպես չպետք է լինի, մշակութային ժառանգությունը նոր սերնդին փոխանցելու համար ամեն մի ուսուցչի պիտի ազատություն տրվի դասավանդելու իր մտածելակերպով ու գիտելիքների պաշարով: Առանց բանիմաց ուսուցիչների ոչ մի ասպարեզում լավ սերունդ չենք ունենա, ամեն ինչ դպրոցից է սկսվումՙ թե՛ գիտությունը, թե՛ տնտեսությունն ու մշակույթը:
Այսօր բուհ են ընդունվում կենտրոնացված քննական համակարգով, որը հնարավորություն չի տալիս դիմորդին ճանաչելու, նրա բանավոր ու գրավոր խոսքը գնահատելու: Գրագիտություն կարելի է սովորեցնել ամեն մեկին, բայց գրելու ձիրքն աստվածատուր է: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Հովհաննես Շիրազը տառասխալներ անելու պատճառով չընդունվեր համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Պատմության ֆակուլտետի դասախոսները մեր տարիներին ամեն ինչ անում էին վերլուծական միտք ունեցող դիմորդներին ընդունելու համար: Իսկ այսօրվա պայմաններում տաղանդավոր երիտասարդներին կարելի է հեշտությամբ զրկել բարձրագույն կրթություն ստանալուց:
Ես դեմ եմ նաեւ 12-ամյա կրթական համակարգին, որովհետեւ սեղմ ժամկետում աշակերտին շատ ավելի գիտելիքներ կարելի է տալ: Գիտելիքը տարիների հետ ոչ մի կապ չունի, ծրագրերը պիտի այնպես մշակվեն, որ աշակերտին մղեն լավ սովորելու: 1960-ականներին փորձ արվեց անցնելու 11-ամյա կրթական համակարգի, բայց 3 տարի հետո համոզվեցին, որ համակարգը չի արդարացնում ու նորից անցան 10-ամյա կրթության»:
Նա անօգուտ է համարում կրթության ու գիտության ոլորտում միջազգային չափանիշներին հետեւելը, որովհետեւ դրանց համար Հայաստանում դեռ հող չի նախապատրաստված: Արտերկրում կրթական տվյալ համակարգը հաջողված է, որովհետեւ այնտեղ գոյություն ունեն սոցիալական բոլորովին այլ պայմաններ: «Չունենալով համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, մենք վազում ենք հսկայական ծառերի հետեւից միայն այն բանի համար, որ դրանք տարածված են աշխարհում: Եթե հող չունես, ինչպե՞ս կարող ես հսկայական ծառեր աճեցնել: Մեր նախարարներն իրենց ելույթներում անընդհատ խոսում են միջազգային չափանիշներից, բայց թույլ տվեք հարցնել, ի՞նչ աշխատավարձ է ստանում այսօր գիտնականը: Ապրանքների գները հավասարեցրել են միջազգայինինՙ աշխատավարձերը թողնելով խղճուկ»:
Իր խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար Տեր-Ստեփանյանը հիշեց մի հին անեկդոտ, որը շատ է սիրում պատմել պաշտոնյաներին: Մահամերձ հիվանդի համար բժիշկ են կանչում, բայց մինչեւ նրա գալը հիվանդը մահանում է: «Մեռնելուց առաջ գոնե քրտնե՞ց», հարցնում է բժիշկը: «Այո», լինում է պատասխանը: «Դա լավ նշան է», ասում է բժիշկը: «Մեր ղեկավարները շարունակ խոսում են տնտեսական աճի մասին, բայց եթե չքավոր խավը սովամահ է լինում, տնտեսական աճը նրան ի՞նչ, ինչպե՞ս գոհանա դրանից, եթե իր կյանքում փոփոխություն չի տեսնում, եթե իր աշխատավարձը դրանից չի բարձրանում այնքան, որ կարողանա մարդավայել ապրել: Մեր պաշտոնյաներից ամեն մեկը մի քանի խորհրդական ունի, բայց նրանցից ո՞ր մեկն է մտնում գիտական հիմնարկություններ, կազմակերպություններ` մարդկանց խոսքը լսելու:
Կրթություն-գիտություն-մշակույթ: Ոչ մի ժողովուրդ առանց դրանց չի կարող ժողովուրդ համարվել: Բոլոր ժամանակներում եղել են սակավաթիվ նվիրյալներ, եւ ժողովուրդը գոյատեւել է հենց նրանց շնորհիվ: Գրիգոր Նարեկացին մի ամբողջ դարաշրջան է լուսավորելՙ հալածվել է, զրկանքներ կրել, բայց ժողովուրդը նրան սրբացրել է իր կենդանության օրոք: Ցավն այն է, որ մեր ազատ մտածող մտավորականներն այսօր չեն գնահատվում: Պետական մրցանակներն ու պարգեւները, նաեւ պաշտոնները տրվում են հիմնականում արքունի մտավորականներին: Ունենք փայլուն գիտնականներ, որոնք որպես կանոն լինում են խիստ անճարակ ու չեն կարողանում իրենց աշխատանքների համար գումար ձեռք բերել: Լավ կլիներ, որ նախագահի ամենամյա մրցանակը տրվեր ոչ թե արդեն կատարված գործի համար, որի դիմաց տվյալ գիտնականն արդեն վարձատրվել է, այլ մեր ժողովրդի համար շատ կարեւոր թեմաներին: Ամեն ինչ արվում է ծանոթով, կազմակերպվում տնավարի, այս ձեւով հնարավոր չէ գիտություն, կրթություն ու մշակույթ զարգացնել», եզրահանգում է գիտնականը եւ այս խառնափնթոր վիճակից դուրս գալու համար առաջարկում է հանրապետության նախագահին կամ վարչապետին կից ստեղծել հանձնաժողով, որը մասնագետների հետ խորհրդակցելով կարճ ժամանակահատվածում կստեղծի կրթության ու գիտության զարգացման խելամիտ ծրագրեր:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ