«Կասկադ-կրեդիտ» վարկային կազմակերպությունը երեկ 150 մլն դրամի երաշխավորված պարտատոմսեր թողարկեց Հայաստանի ֆոնդային բորսայում: Այդ կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության գործադիր տնօրեն Գարեգին Գեւորգյանը հայտնեց, որ պարտատոմսերը 100 տոկոսով երաշխավորված են «Կասկադ ինվեստմենտ» ընկերության եւ 50 տոկոսովՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց անվանական արժեքն է 50 հազար դրամ, թողարկվել են 1 տարի ժամկետով եւ 7,2 տոկոսադրույքով:
Առաջին անգամ Հայաստանում վարկային կազմակերպության կողմից արժեթղթերի թողարկումը կարեւորեց նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա համոզմամբ, սա լավ օրինակ կարող է ծառայել մյուս կազմակերպությունների համար, նպաստել ֆինանսական շուկայի եւ մասնավորապես արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացմանը:
Ա. Մ.