«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2006-09-27 | #184, 2006-09-28 | #185, 2006-09-29


ՓՈՐՁՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

Երեկ տեղի ունեցան «Ատոմ-հակաահաբեկչություն-2006» զորավարժությունները: Փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ծրագրի շրջանակներում ինչպես հնարավոր եղավ չեզոքացնել ահաբեկիչներին, ազատել պատանդներին: Արմավիրի մարզի Բաղրամյանի դաշտային զորավարժարանում վաղ առավոտյան հնչում է տագնապ (փորձնական), որ երեք ահաբեկչական խմբեր տարբեր տեղերից փորձում են գրավել ատոմակայանը: Կայծակնային արագությամբ ստեղծված օպերատիվ շտաբըՙ կազմված տարբեր ստորաբաժանումներից, 9.55-ին հրաման արձակեց չեզոքացնել ահաբեկիչներին: Նախ օդ բարձրացան ՍՈւ-24 ինքնաթիռները, իրականացրին օդային հետախուզում, սկսվեցին զինվորական գործողություններն ու կարճ ժամանակում հնարավոր եղավ մոտոհրաձգային խմբի եւ այլ ստորաբաժանումների միջոցով չեզոքացնել վտանգավոր օջախները, ահաբեկիչներին գերի վերցնել: Նրանք հարցաքննության ժամանակ պատմեցին, որ ահաբեկչական երկու խումբՙ կազմված 3-4 մարդկանցից, գրավել է ատոմակայանը: Զորավարժությունների երկրորդ փուլը տեղափոխվեց Մեծամոր, ու օպերատիվ շտաբից ստացած ցուցումներով ահաբեկիչների հետ բանակցությունների դուրս եկան: Նրանք պահանջում էին «շտապ զորքերի դուրսբերում օտար երկրներից, հեռու մնալ հակաահաբեկչական ծավալվող պայքարից, ԱՄՆ 1 մլն դոլար, մեքենա ու ինքնաթիռՙ երկրից հեռանալու համար»: Հակառակ դեպքում կպայթեցնեն ատոմակայանի ընդհանուր կառավարման համակարգը (որտեղ թափանցել էին) եւ կսպանեն գնացքի մի վագոնում գերեվարվածներին: Երկար բանակցելուց հետո, օգտագործելով հատուկ չեզոքացման մեթոդներ, ԱԱԾ-ի «Ալֆա-Ա» եւ այլ ստորաբաժանումների ուժերով չեզոքացվեց վտանգը, ականազերծվեց օբյեկտը, գերեվարվածները ազատվեցին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4