Հրատարակվել են հանդեսի երկու նոր հատորները
Մեր երկրի անկախության 15-ամյակի շրջանակներում օրեր առաջ Ազգային գրադարանում տեղի ունեցավ Բեյրութում լույս տեսնող «Հայկազյան հայագիտական հանդեսի» ԻԶ եւ ԻԴ երկհատորյակի շնորհանդեսը, որը կազմակերպել էին Հայկազյան համալսարանի տնօրենությունը, նույն համալսարանի հայագիտական ամբիոնը, հանդեսի խմբագրությունն ու Ազգային գրադարանը: Հայկազյան հայագիտական հանդեսի հիշյալ երկու հատորները լույս են ընծայվել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության նյութական օժանդակությամբ: Տարեգրքի շնորհանդեսին ներկա էին Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, հանդեսի խմբագրական կազմի անդամ Արմեն Յուրնեշլյանը, Բախտիար Հովակիմյանը, գրականագետ Արծվի Բախչինյանը, որը Հայաստանում հանդեսի ներկայացուցչությունն է ապահովում: Ի դեպ, Արծվի Բախչինյանը հայտնեց, որ հանդեսում տպագրվելու ցանկություն ունեցող հեղինակները կարող են իրենց նյութերը հանդեսի խմբագրակազմին հանձնել իր միջոցով:
35 տարվա պատմություն ունի Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդեսը», որն իր հրատարակության օրվանից անդրադառնում է հայագիտությանը, հայկական մշակույթին, պատմությանը, գրականությանը, մամուլին, կրոնին, լեզվագիտությանը, ազգագրությանը, տպագրում նաեւ բնական, քաղաքական եւ ընկերային բնույթի նյութեր: Հանդեսի խմբագրակազմի անդամ Արմեն Յուրնեշլյանի ներկայացմամբ, մինչ օրս հանդեսում տպագրված հայագիտական հոդվածների, հրապարակումների, գրախոսականների թիվը հասնում է 500-ի: Ավելի քան 10 հազար էջ հայագիտական գրականություն է ներկայացվել «Հայկազյան հայագիտական հանդեսի» մինչ օրս լույս ընծայված հատորներում: 170 հեղինակներից 50 տոկոսը սփյուռքահայեր են, Հայաստանի հեղինակները 40 տոկոս են կազմում, իսկ օտարագիրները` 10 տոկոս:
Տարաբնույթ եւ կարեւոր նյութերով հարուստ հանդեսը լույս է ընծայվում տարին մեկ անգամ` հայերեն, անգլերեն, արաբերեն եւ ֆրանսերեն լեզուներով ու տարածվում սփյուռքի հայաշատ երկրներում` փորձ անելով նպաստել հայապահպանությանը: 1970 թ-ից լույս ընծայվող հանդեսի հրատարակումը մի պահ` Լիբանանի քաղաքացիական պատերազմի շրջանում ընդհատվել էր, որը սակայն վերսկսվեց 1991 թ.` Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի, համալսարանի տնօրենության, հայագիտական ամբիոնի շուրջը համախմբված հայագետների նախաձեռնությամբ: Հայկազյան հանդեսի մտահղացումն ու առաջին եւ երկարամյա խմբագրումը պատկանում է դոկտ. Երվանդ Քասունուն, իսկ այսօր տարեգրքի պատասխանատու խմբագրի աշխատանքը կատարում է հայր Անդրանիկ Ծ. վրդ. Կռանյանը:
Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց. «Հանդեսը հրատարակողների նպատակը սփյուռքի գիտական ուժերը համախմբելն է` ի նպաստ հայագիտության զարգացման»: Իսկ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն անդրադարձավ հանդեսի թեմատիկ ընդգրկմանը` նշելով, որ հրատարակությունը մեծ ընդգրկում ունի եւ ներառում է հնագույն ժամանակները, միջնադարը, նոր ժամանակները, ինչպես նաեւ պատմական, մշակութային եւ բանասիրական հարցեր: «Հայկազյան հայագիտական հանդեսի» արժեքին անդրադարձան նաեւ ներկաներից մի քանիսը:
Հայագիտական հանդեսի այս նոր երկու հատորները ներկայացնում են հայագիտական գրականություն` ոչ միայն հայերենով, այլեւ անգլերենով, ֆրանսերենով եւ արաբերենով: ԻԶ հատորում հրապարակումներ են ներկայացվում բանասիրության, հայ միջնադարյան երաժշտության տեսության, արեւմտահայ մամուլի, դպրոցի, գրականության, պատմության, մշակույթի, համաշխարհային կինոյում հայերի մասնակցության, Հայոց ցեղասպանությունը վերապրածների, 1970-76 թթ. Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հայոց մասնակցության մասին: Հաջորդ` ԻԴ հատորում նույնպես ընդգրկված են հայագիտությանը նվիրված նյութեր եւ հրապարակումներ: 300-ական տպաքանակով լույս տեսած հանդեսի հիշյալ հատորներից առաջինի խմբագրականում` հանդեսի խմբագրակազմը (Արտո Էքմեքճի, Արշալույս Թոփալյան, Արմեն Յուրնեշլյան, Անդրանիկ Տագեսյան) նշում են հանդեսի անցնելիք ճանապարհի եւ մարտահրավերների մասին` հավելյալ բարձրորակության ձգտում, հետեւողական պայքար միջակության դեմ, սփյուռքի գաղութների կյանքի այլազան դրսեւորումների համակարգված ուսումնասիրություն, Միջին Արեւելքում հայագիտության հաստատում:
Տեղեկացանք նաեւ, որ Հայկազյան հայագիտական հանդեսի հաջորդ հատորը նվիրված է լինելու Հայկազյան համալսարանի 50-ամյակին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ