Մ. Նահանգների հայոց եկեղեցվո արեւմտյան թեմի գրասենյակից խոր վշտով հայտնում են մահը ազգային բարերար Վարդգես Բարսամի, որն անմնացորդ նվիրումով իր ամբողջ գիտակցական կյանքում ծառայել էր ինչպես հայոց առաքելական եկեղեցուն, այնպես էլ ազգային զանազան կազմակերպությունների, այդ թվում նաեւ ՀԲԸՄ-ի, Հայկական համագումարին, Սբ. Վարդանի ասպետներին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանին:
1988-ի երկրաշարժերից անմիջապես հետո նա պարտավորվեց կառուցել նոր դպրոց Ստեփանավանում, որի համար նա բազմիցս Հայաստան այցելեց: Դպրոցի բացումը կատարվեց 1997-ի սեպտեմբերին: Դրանից բացի նա այլ միջոցներով օժանդակել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին: Իր հայրենասիրության եւ մարդասիրական ծառայությունների համար Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է Սբ. Ներսես Շնորհալի մեդալով, իսկ 1997-ին Սբ. Վարդանի ասպետները կազմակերպության կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: 2006 թվին երկրին ընձեռած ծառայությունների համար Մ. Նահանգների կառավարությունը նրան շնորհել է «Էլիս Այլենդի» պատվավոր մեդալը:
Հանգուցյալը Եղեռնից մազապուրծՙ Մ. Նահանգների Վայոմինգ նահանգում էր հաստատվել նախ, բայց 23 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես: Ամուսնացել է Ջին Չուքասզյանի հետ եւ հայեցի դաստիարակությամբ մեծացրել իր զավակներին ու թոռներին:
Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սբ. Հակոբ եկեղեցում սեպտեմբերի 21-ին:
«Ազգ»-ի խմբագրակազմն ու տնօրենությունը խորազգաց ցավակցություններ են հայտնում հանգուցյալի հարազատներին:
Հ. Ծ.