Թուրքական մամուլը շարունակում է արձագանքել նրա Հայաստան կատարած այցին
Ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցը: Դա նաեւ պատմական էր, որովհետեւ նպաստում է աշխարհում Հայաստանի ճանաչողությանը եւ նախադրյալներ է ստեղծում, որ բարձրանա նրա միջազգային հեղինակությունը: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան արժանացել է Եվրոմիության եւ հատկապես հարեւան երկրների ուշադրությանը, որոնցից Թուրքիան մտահոգությամբ է արձագանքել դրան:
Այցի նախօրյակին թուրքական «Հյուրիեթն» ահազանգել էր, որ Ժակ Շիրակը լինելու է Մեծ եղեռնի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ավելացնելով. «Արդյոք Հայաստան այցելող Ֆրանսիայի նախագահը կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» բառը»: Ահազանգի առումով «Հյուրիեթին» էր միացել նաեւ «Զամանը»:
Հայաստանում Ֆրանսիայի նախագահը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին արտահայտվեց, այլեւ պահանջեց, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը եւ ճանաչումը որպես Եվրոմիությանն անդամակցության նախապայման առաջադրեց նրան: Այլ կերպ, Ժակ Շիրակը գերազանցեց այցի առնչությամբ թուրքական թերթերի մտավախությունները:
Սեպտեմբերի 30-ի համարներում «Հյուրիեթը» այցին անդրադարձավ «Ծաղկեպսակ Ցեղասպանության հուշարձանին», «Սաբահը»ՙ «Ցեղասպանությունը որպես ԵՄ-ի նախապայման», «Միլիեթը»ՙ «ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը», «Զամանը»ՙ «Այցելելով Երեւան, Շիրակը սադրանքի դիմեցՙ պահանջելով ցեղասպանության ճանաչումը Թուրքիայից», իսկ «Գյունեշը»ՙ «Հայության ծառան վերստին նախապայման առաջադրեց» վերնագրերով:
«Գյունեշը» կենտրոնական թերթերից չէ, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին համարում է «հայերի մոլեռանդ բարեկամը» եւ որպես հիմնավորում մեջբերում է նրա հետեւյալ խոսքերը. «Եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ Շիրակի այս խոսքերը «Զամանում» ստանում են «սադրանքի» որակում, «Միլիեթը» գրում է, որ Ֆրանսիայի նախագահն այս խոսքերով մեկ անգամ եւս հիշեցրեց իր երկրում Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը, «Հյուրիեթը» հարկ է համարում ընդգծել ճանաչման ամրագրումը Ֆրանսիայի խորհրդարանի 2001 թ. ընդունած օրենքով, իսկ «Սաբահը» վերոհիշյալ խոսքերը համարում է Թուրքիային սաստելու դրսեւորում:
Ըստ «Սաբահի», Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հայաստան կատարած այցի ընթացքում Թուրքիային սաստելու համար արտասանել է «ցեղասպանություն» բառըՙ այն էլ երեք անգամ, ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին անդամակցության նախապայման է առաջադրել եւ թուրքական պետությանը նույնացրել է նացիստական Գերմանիայի հետ, թերեւս դրանով էլ զուգահեռներ է անցկացրել հրեաների Հոլոքոսթի եւ հայերի ցեղասպանության միջեւ:
Թուրքական թերթերի խնդիրը սոսկ Ֆրանսիայի նախագահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կամ Ցեղասպանության թանգարան այցելելը չէ, ոչ էլ «ցեղասպանություն» բառի արտասանումը կամ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմանավորումը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այլ Ֆրանսիայի խորհրդարանի հոկտեմբերի 12-ին նախատեսվող նիստը:
Ինչպես հայտնի է այս նիստում քննարկվելու եւ քվեարկության է դրվելու «Հայոց ցեղասպանության ուրացման համար» պատիժ նախատեսող օրինագիծը: Պաշտոնական Անկարան հաշվարկներ է անում օրինագիծը ձախողելու ֆրանսիական իշխանությունների միջամտությամբ: Իսկ նախագահ Ժակ Շիրակի հայտարարություններն ի չիք են դարձնում ձախողման հաշվարկները: Ավելին, այդ հայտարարություններով Ֆրանսիայի նախագահն ակամա խրախուսում է խորհրդարանին, որ ընդունի օրինագիծը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ