«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ԲՈՒՇ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Երեկ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Ազգը» նախապես նշել էր, որ հանդիպման օրակարգում առաջնահերթ նշանակությամբ քննարկվելու է թուրք-ամերիկյան ռազմավարական գործակցությունը, միաժամանակ ընդգծելով. «Թուրքիայի վարչապետն ԱՄՆ նախագահից վճռական քայլեր է պահանջելու PKK-ի դեմ պայքարում եւ նրան է ներկայացնելու կոնկրետ առաջարկներ»:

«Վաթան» թերթն էլ հոկտեմբերի 2-ին գրել էր. «Երկկողմ հարաբերությունների շուրջը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը նախագահ Բուշին փոխանցելու Էրդողանի մտադրության մասին, նկատի ունենալով, որ նման հանդիպումներում ԱՄՆ նախագահը մշտապես դրանց բարելավման հարց է բարձրացնում»:

Մեկ ժամ ծրագրված Բուշ-Էրդողան հանդիպումը երկարաձգման պատճառով տեւել է 1 ժամ 40 րոպե: Սա հանդիպման լարված բնույթի վկայությունն է, ինչը դրա ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է Բուշը, ասելով. «Իրանի առնչությամբ բանավեճեր ենք ունեցել: Պահանջել ենք, որ խաղաղությանն առնչվող գործիչները մերժեն իսլամական արմատականությունը: Վարչապետն իմ ընկերն է եւ խաղաղության մարտիկ»: էրդողանն իր հերթին հանդիպումը համարել է դրական եւ շնորհակալություն հայտնել նախագահ Բուշին:

«Միլիեթը» նշում է, որ շուրջ մեկուկես ժամ տեւողությամբ հանդիպմանը PKK-ի հարցին, որը բարձրացրել էր Էրդողանը, ընդամենը 10-15 րոպե է հատկացվել, ավելինՙ դրա ավարտին նախագահ Բուշը լրագրողների հետ հանդիպմանը ո՛չ PKK-ի մասին է հիշատակել, ո՛չ էլ արծարծել է Հյուսիսային Իրաքի հարցը, ինչը հենց այդ հարցի վրա կենտրոնացած թուրքական պատվիրակությանը խորը հիասթափություն է պատճառել: Ինչ վերաբերում է Հայաստանի հարցին, ապա հանդիպմանը դրա արծարծման մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4