«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԸ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Թերեւս գործի չդրվեն տնտեսական սանկցիաներ Վրաստանի դեմ

Անհրաժեշտության դեպքում Եվրոմիությունը պատրաստ է աջակցել Ռուսաստանի եւ Վրաստանի հակասությունների լուծմանը, բայց միայն Եվրոմիության ջանքերով դա չի հաջողվի: Կողմերն իրենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: Եվրոմիությունում ներկայումս նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Թուոմիոյայի նման հայտարարությունը բնավ էլ չի վկայում վրաց-ռուսական հարաբերությունների հակասության հերթական լինելու մասին: Լրտեսության մեղադրանքով ձերբակալված ռուս սպաների պատմությունը ռուս-վրացական հարաբերությունների բացասականության մեջ մի նոր մակարդակի է հասել, եւ Եվրոմիության այսօրինակ մտահոգությունը թերեւս պայմանավորված է հնարավոր բախման հեռանկարով:

Մտահոգություններն ուղեկցվում են նաեւ տարբեր կոչերով, նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու ցանկություններով:

Այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանին մեղադրում է «պետական ահաբեկչության մեջ` պատանդներ վերցնելով», իսկ երկրի վարած քաղաքականությունն էլ համեմատում է Լավրենտի Բերիայի գործունեության հետ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարում է, թե ռուս սպաների ձերբակալության առնչությամբ Ռուսաստանի արձագանքն «անհարկի կտրուկ» է: Սաակաշվիլին իր թերահավատությունն է հայտնել Վրաստանի դեմ Ռուսաստանի ուժի կիրառության կապակցությամբ, ընդ որում, տնտեսական նոր սանկցիաներից Վրաստանը չի վախենում, քանի որ, ըստ Վրաստանի նախագահի, ժողովուրդն արդեն սովորել է տնտեսական խնդիրներին եւ սկսել հաղթահարել դրանք:

Մինչդեռ տնտեսական սանկցիաները կարող են մեծապես վնասել Ռուսաստանում ապրող եւ աշխատող վրացիներին (ռուսական աղբյուրների համաձայն, մոտ 300 հզ. անօրինական միգրանտ), որոնք ՌԴ Պետդումայի նախաձեռնած օրինագծի ուժ ստանալու դեպքում չեն կարողանա Վրաստան դրամական միջոցներ փոխանցել: Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկվանից արդեն իսկ սկսել են գործել ռուսական կողմի արգելանքները: Մասնավորապես, Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի հետ ավիացիոն, ավտոմոբիլային, երկաթգծային, ծովային, փոստային հաղորդակցությունը: Ընդ որում, ավիացիոն թռիչքներ չեն լինի հոկտեմբերի լույս 4-ի գիշերվանից: Այս առումով նշանակալի վնասներ կրելու մասին արդեն իսկ հայտարարել է «Վրացական ավիաուղիները»:

Երեկ արդեն Թբիլիսի է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը` Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո: Ամեն դեպքում, Թբիլիսիում երեկ տեղի է ունեցել ռուս ձերբակալված սպաների փոխանցումը ԵԱՀԿ գործող նախագահին: Թեեւ հստակ չէ նման քայլի իրավական հիմքը, սակայն Սաակաշվիլու խոսքերով, վրացական կողմն ընդառաջել է ԵԱՀԿ խորհուրդներին:

Վրացական կողմը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: «Ռուս սպաների ձերբակալությունը վենդետա չէ: Այն, որ մենք փոխանցում ենք ռուս սպաներին ԵԱՀԿ-ին, նշանակում է, որ չունենք վրեժ լուծելու ցանկություն եւ մոտիվ»: Ամեն դեպքում, ռուս չորս սպաներին, որ Վրաստանում ձերբակալվել էին լրտեսության մեղադրանքով, ցմահ արգելվում է մտնել Վրաստան: Այսինքն` ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտին լրտեսության մեջ մեղադրվող ռուս սպաներին հանձնելն ավելի շուտ ամենասովորական վտարում է Վրաստանից:

Ինչեւէ, «ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կարել դե Գուխտին փոխանցված ռուս 4 սպաները հանձնվել են Վրաստանում Ռուսաստանի ներկայացուցչությանը, որտեղից էլ նրանք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով հասցվել են Մոսկվա: Ձերբակալվածներին ՌԴ ներկայացուցիչներին են հանձնել հենց Թբիլիսիի օդանավակայանում` ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդական մասնակցությամբ: Չճշտված տեղեկություններով, նույն ինքնաթիռով Վրաստանը լքել է նաեւ եւս մեկ ռուս սպա` Կոնստանտին Պիչուգինը, որին հանձնելու պահանջով վրացական կողմը շրջափակել էր Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի շտաբի շենքը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Դեռեւս հստակ չէ, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Վրաստանի 12 քաղաքացիներին, ովքեր եւս մեղադրվում էին «լրտեսներին աջակցելու գործում»: Իհարկե, եթե գործեն զուտ իրավական նորմերը, ապա հայրենիքի դավաճանությունը շատ ծանր հոդված է եւ կբերի ծանր պատժի: Հիշեցնենք, որ Վրաստանի այդ 12 քաղաքացիների մեջ կան հայեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4