Երեւի ճիշտ էին այն պատգամավորները, ովքեր առաջարկում էին առավոտյան 10-ին սկսել լիագումար նիստերը, քանի որ ժամը 12-ին սկսված նիստը երեկ ժամը 15:30-ի սահմաններում միայն կարողացավ օրակարգ հաստատել:
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, չնայած կառավարությունը որպես առաջնահերթ ընդունման ենթակա կրկին խորհրդարան էր ուղարկվել, ոչ մի շանս չուներ օրակարգում ներառվելու: Թեեւ այն ոչ հիմնական, ոչ էլ լրացուցիչ հարցերի մեջ ընդգրկված չէր` պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցից հետո հայտնի դարձավ, որ հարցը երեկ առավոտյան լսվել էր պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացել: Նիստին մասնակցած ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորների խոսքով` քննարկումը լիարժեք չի եղել, մինչդեռ հանձնաժողովի նախագահի խոսքերով ընդդիմադիր պատգամավորների հարցերը ելույթներից ավելի «բեթար» են եղել. «Ամեն մեկը 4 հարց է տվել, ամեն հարցից առաջ 10 րոպե խոսելով»: Սակայն հարցն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքիՙ հարցը պետք է քննարկվեր եւ նրա մասին եզրակացությունը բաժանվեր ԱԺ նիստից 2 ժամ առաջ. պետաիրավականի նիստն սկսվել էր 10:30-ին եւ ավարտվել լիագումար նիստից ընդամենը 5 րոպե առաջ: Այնպես որ հարցի ընդգրկումն օրակարգում պարզապես կանոնակարգի խախտում կլիներ: Չնայած դրան` մոտ երկու տասնյակ պատգամավորներ, օգտագործելով օրակարգի քննարկմանն արտահայտվելու իրենց իրավունքըՙ էլ ինչ ասես չասացին, վկայակոչելով ԱԺ նախագահի կանոնակարգապաշտությունն ու կոչ անելով կանոնակարգը չխախտել եւ օրինագիծը չընդգրկել օրակարգում երկրորդ ընթերցմամբ նորից քննարկելու եւ քվեարկելու: Բացի այդ էլ` դեռ վաղ առավոտից ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին եկել օտարումից դժգոհ մնացած եւ իրենց պայքարը շարունակող քաղաքացիները: Միայն օրվա երկրորդ կեսին, երբ պատգամավորները մի «բոլ» ընդդիմախոսել էին օրինագծի դեմ, ԱԺ նախագահը հայտարարեց, որ այն այդպես էլ չէր ներառվելու օրակարգում, քանի որ դա օրենքի խախտում կլիներ: Հավանաբար կառավարությանը չմերժելու համար էր այս օրինագիծը կիսաքննարկում անցել պետաիրավական հանձնաժողովում: Ավելի ուշ մեր հարցին պատասխանելովՙ Տ. Թորոսյանը դժվարացավ ասել, թե ի՞նչ ընթացակարգովՙ արտահերթ, թե հերթական նիստով կքննարկվի այն հետագայում. «Ես լինեիՙ չէի բերի այս օրինագիծը», խոստովանեց նաՙ նկատի ունենալով այն արագությունը, որի ընթացքում հնարավոր չէր լրամշակել օրենքը: Իսկ Ռ. Պետրոսյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնեց, որ որոշում է կայացվել նախագծի հասարակական լսումներ կազմակերպել:
Չնայած գրանցված 105 պատգամավորներին` երեկ օրակարգ չմտավ նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որին կողմ քվեարկեց 61 պատգամավոր: Երեւում է` նախընտրական տրամաբանությունն աշխատելու է նաեւ մյուս քվեարկությունների ժամանակ:
Իսկ հեռուստաոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի քննարկումներն այսօր են լինելու, այդ առիթով շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ լսումներ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այս շաբաթվա վերջում կամ եկող շաբաթվա սկզբում խոստացավ, առաջին ընթերցմամբ քվեարկություն ապահովելուն զուգընթաց:
Մ. Խ.