Այն, որ Շառլ Ազնավուրի աստվածային համերգի հեռարձակման բացառիկ իրավունքը վերապահվել էր միայն հանրային հեռուստատեսությանը, բացատրելի է: Կողմերը այդպես են պայմանավորվել: Բայց որ Ֆրանսիական հրապարակի բացման արարողության ուղիղ հեռարձակումն էլ իրականացրեց բացառապես հանրայինը, կարծում ենք տարակուսանք պատճառեց այդ օրը հեռուստացույցների մոտ նստած հազարավոր մարդկանց:
Որ Հ2, կամ «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաալիքներով ուղիղ հեռարձակումն արգելվել է Ֆրանսիայի նախագահի անվտանգության ծառայության կամ մեր արտգործնախարարության հրահանգներով, փոքր-ինչ կասկածելի է: Զանգվածային միջոցառումները պարզապես անհնար կդառնային, եթե նման մանրախնդրություն ցուցաբերվեր, այն էլ զանգվածային լրատվամիջոցների հանդեպ:
Ընդամենը հանրային ալիքն ընդլայնում է մենաշնորհային հավակնությունները` այս անգամ կլանելով համաքաղաքային եւ համաքաղաքական նշանակության կարեւոր միջոցառումը:
Կ. Դ.