«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԽԻՍՏ ԽՈՑԵԼԻ Է

«Մենք քաղաքական կուսակցությունների մեջ գոնե մի դաշնակից չունենք»

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, եւ ամեն պատեհ պահի կարող է առաջին ընթերցման քվեարկության դրվել: Այդ պատեհ պահը, ըստ այս առթիվ բողոքի հայտարարություն հրապարակած լրագրողական 5 կազմակերպությունների, կարող է լինել դեմ քվեարկելու հակված պատգամավորների վերակողմնորոշումներից հետո, երբ նրանց կհամոզեն, օրինակ, որ հանրային հեռուստատեսությամբ Աժ նիստերի լիարժեք հեռարձակման դրույթները չեն հանվի օրենքից: Եվ մեր օրենսդիրներն իրենց անզուգական դատողությունները ցուցանելու հնարավորությունից չեն զրկվի:

Լրագրողական 5 կազմակերպությունները, որոնք առայժմ գործում են առանց հասարակական այլ կառույցների օժանդակության, շարունակում են մատնացույց անել նախագծի վիճելի ու վնասակար դրույթները, որոնք կարող են հեռուստառադիոհեռարձակման շուկայում անարդար բարքեր արմատավորել:

Նոր նախագիծը Հանրային հեռուստառադիոընկերություններով հեռարձակվող գովազդին արտոնյալ պայմաններ է երաշխավորում` մասնավորապես վերացնելով հեռարձակվող հաղորդումները առեւտրային գովազդով չընդհատելու սահմանափակումը: Նրան նույն հնարավորություններն են ընձեռվում, ինչ մյուս ընկերություններին, չնայած բյուջետային պատկառելի հատկացումներին: Հանվում է նաեւ հեռուստառադիոընկերությունում հեռարձակվող առեւտրային գովազդի ընդհանուր հաղորդումների 5 տոկոս տեւողության սահմանափակումը:

Փաստացի, հանրայինը իր գովազդային ռեսուրսները կրկնապատկելու եւ գերիշխող դիրքը նոր իրողությամբ ամրապնդելու հնարավորություն է ստանում, երբ «առանց այդ էլ տիրապետում է գովազդային շուկայում շրջանառվող գումարների 40-45 տոկոսին»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագծի անսպասելի հայտնությունը բացատրում է նախընտրական ժամանակաշրջանով: «Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ այս օրինագիծը միտված է նախընտրական որոշակի հիմնախնդիրներ իրականացնել, եւ իրականացնել լրատվական տեռոր համապատասխան կառույցների (ընդդիմության) հանդեպ»:

Հաջորդ լուրջ վտանգը լրագրողները համարում են նախագծի 31-րդ հոդվածը, որ վերաբերում է վարչական տույժերի կիրառմանը: Հակառակ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի, ըստ որի «Օրենքով սահմանված պատժամիջոցների թվարկումը պետք է մատչելի լինի եւ սկսվի նախազգուշացմամբ», նախագիծը «նախազգուշացումը չի նշում որպես պարտադիր առաջնահերթ պատժամիջոց», հնարավորություն տալով միանգամից անցնել ասենք, տուգանքների կիրառմանը:

Օրենքը խճողված է ներկայացնում նաեւ մրցույթների անցկացման կարգը: Հայտնի չէ, թե ի՞նչ չափանիշներով են որոշվում հաղթողները: «Չկան մասնագիտական պատրաստվածության, ֆինանսական, տնտեսական, ծրագրային ընդհանրացված չափանիշներ: Հիմիկվա ընդհանուր կարգի փոխարեն Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը ցանկացած մրցույթի համար կարող է լրացուցիչ կարգ սահմանել եւ մրցույթը ավարտված համարել, երբ նպատակահարմար է գտնում»:

Սակայն գլխավոր փաստարկը, որով նախագիծն անընդունելի է համարվում, խորհրդարանում առանց հասարակական լսումների քննարկումներն են:

Թեեւ ուշացումով, արդարադատության նախարարությունը 2 օր առաջ հաղորդագրություն տարածեց, որով նախագիծը լրամշակելու նպատակով համագործակցության է հրավիրում հեռուստառադիոընկերությունների տնօրեններին, շահագրգիռ կազմակերպություններին եւ անձանց:

Այնուամենայնիվ, անկախ խնդրի կարեւորությունից, լրագրողական կազմակերպությունները կուսակցությունների եւ ֆրակցիաների հետ այնքան էլ ակտիվ աշխատանքի ջանքեր չեն թափում: Մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փաստը բացատրում է մտավախությամբ, որ կուսակցությունների ու պատգամավորների հետ իրենց բացահայտ համագործակցությունը կարող է քաղաքական կողմնորոշում դիտվել: Ագրեսիվ լոբբիինգ չի իրականացվում, որովհետեւ իրենք հայտնվել են մի տեսակ անհեթեթ վիճակում: Ստացվում է, որ պայքարում են մի բանի համար, որի հանդեպ հիմնական շահառուները` հեռուստատեսությունն ու ռադիոն լիակատար անտարբերություն են ցուցաբերում կամ տարբեր պատճառներով պատրաստ չեն պայքարելու: ԱԺ քննարկումների օրերին եթերով գրեթե անդրադարձներ չեղան խնդրի վերաբերյալ կամ էլ եղան խիստ կողմնակալ: «Մենք հիմա ընդամենը մեր փորձագիտական ռեսուրսն ու վերլուծությունները կարող ենք առաջարկել ֆրակցիաներին, եւ ցավոք, այս պահին միայն դրանով կարող ենք սահմանափակվել: Մինչեւ կզգանք, որ քաղաքական կուսակցությունների մեջ գոնե մի դաշնակից ունենք, որը հետեւողական է պաշտպանելու խոսքի ազատության գաղափարը բոլոր դեպքերում եւ բոլոր օրինագծերի դեպքում: 1990 թվականից մինչ օրս մենք այդպիսի կուսակցություն չենք տեսել քաղաքական ասպարեզում: Ամեն մեկը պայքարում է իր համար ազատություններ ստանալու համար», ասում է Բորիս Նավասարդյանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4