«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում մեկնարկել են տղամարդկանց աշխարհի 75-րդ եւ կանանց 18-րդ առաջնությունները: Հայաստանի հավաքականը (գլխավոր մարզիչ` Աշոտ Մխիթարյան) բավական ներկայացուցչական կազմ ունի: Մրցահարթակ դուրս կգան 8 հայ ծանրորդներ եւ երեք մարզուհիներ: Մեր ծանրորդներից վեցը ներկայացնում են Գյումրին: Նրանք են Արսեն Թամրազյանը (56 կգ), Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (77 կգ), Գեւորգ Սարգսյանը (77կգ), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (85 կգ) եւ Ռաֆիկ Չախոյանը (105 կգ): Հավաքականի կազմում են նաեւ սպիտակցի փորձառու ծանրորդ Արմեն Ղազարյանը (69 կգ) եւ վանաձորցի Արթուր Բաբայանը (105 կգ):

Մեր երեք մարզուհիներից միջազգային մրցաշարերի բավական փորձ ունի 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա թիմակիցներն են Մելինե Դալուզյանը (63 կգ) եւ Նազիկ Ավդալյանը (69 կգ):

Առաջինն իրենց մրցավեճը սկսեցին տղամարդկանց մրցաշարի մինչեւ 56 կգ քաշային կարգի ծանրորդները: Հայ ծանրորդ Արսեն Թամրազյանը համեստ արդյունք ցույց տվեց` 32 մասնակիցների մեջ երկամարտի 249 կգ (110+139) արդյունքով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: Արսենը հատկապես անհաջող հանդես եկավ պոկում վարժությունում: Առաջին մոտեցմամբ իրեն ենթարկելով 110 կգ-անոց ծանրաձողը, նա հաջորդ երկու փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 113 կգ ծանրությունը: Այս վարժությունում Արսենը գրավեց 15-րդ տեղը: Հրում վարժությունը հայ ծանրորդն ավելի հաջող կատարեց: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 135 կգ, ապա անհաջղության մատնվեց 139 կգ ծանրությունը հաղթահարելիս, սակայն երրորդ փորձից «սանձեց» ծանրաձողը:

Քաշային այս կարգում բավական թեժ պայքար ծավալվեց մրցանակային տեղերի համար: Ի վերջո չեմպիոնի տիտղոսը նվաճեց չին ծանրորդ Չժենգ Լին` 280 կգ (128+152): Նա ընդամենը 1 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, կուբացի Ալվարես Բոուլետին` 279 կգ (123+156): Բրոնզե մրցանակակիր, վիետնամցի Թաուն Հոանը վերջինիս զիջեց 3 կգ-ով` 276 կգ (124+152):

Չին ծանրորդի հաղթանակով ավարտվեց նաեւ մինչեւ 62 կգ քաշայինների մրցավեճը: Այստեղ երկամարտի 308 կգ (140+168) արդյունքով ոսկե մեդալի արժանացավ Քյու Լին: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին կոլումբիացի ծանրորդներ Օսկար Ֆիգուեռան (297 կգ) եւ Ֆեռնանդո Սալազարը (295 կգ):

Կանանց մրցապայքարը սկսվեց աշխարհի ռեկորդների գրանցմամբ: Մինչեւ 48 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ չին մարզուհի Լիան Յանը, որը երկամարտում ցույց տվեց 217 կգ (98+119) արդյունք: Թե երկամարտում, թե առանձին վարժություններում չին մարզուհին թարմացրեց աշխարհի ռեկորդները:

Արծաթե մեդալակիր դարձավ թաիլանդցի Վիրաթհավորն Արին` 188 կգ (85+103): Նույնպիսի արդյունքով բրոնզե մրցանակակիր դարձավ ճապոնուհի Հիրոմի Միյակին` 188 կգ (80+108):

Իսկ մինչ առաջնության մեկնարկը տեղի ունեցավ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում տարբեր պատժամիջոցներ կիրառվեցին ազգային այն ֆեդերացիաների նկատմամբ, որոնց մարզիկների դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել: Ընդհանրապես վերջին տարիներին համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը բավական խստացրել է ծանրորդների հսկողությունը: Ըստ գործող կարգի, եթե ազգային ֆեդերացիայի 3 եւ ավելի մարզիկների մոտ մեկ տարվա ընթացքում արգելված խթանիչների առկայություն է հայտնաբերվում, ապա ֆեդերացիան հնարավոր է տուգանվի 100 հազար դոլարով կամ որակազրկվի մեկ տարով: Հիշեցնենք, որ անցյալ տարի օլիմպիական չեմպիոն, թուրք Հալիլ Մութլուի մոտ դոպինգի հայտնաբերման եւ մինչ այդ էլ դոպինգ-ստուգման արդյունքները կեղծելու համար Թուրքիայի հավաքականին չթույլատրվեց մասնակցել Քաթարում կայացած աշխարհի առաջնությանը, իսկ ֆեդերացիան որակազրկվեց մեկ տարով: Այս տարի նմանատիպ պատժամիջոցի ենթարկվեցին Հնդկաստանի ծանրորդները: Որակազրկում էր սպառնում նաեւ ռուսներին, բայց ի վերջո պատիժը փոխարինվեց 250 հազար դոլար տուգանքով: Նույնպիսի տուգանքի է ենթարկվել նաեւ Ղազախստանի ֆեդերացիան: Իսկ ահա իրանցիները տուգանվել են 400 հազար դոլարով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4