«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ նախագահի հրավերով հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան այցելեց Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց զոհերի հուշարձանին ու մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց անմահ հիշատակը: Հիշողության պուրակում Ռումինիայի նախագահն իր ձեռքով տնկեց ու ջրեց մշտադալար եղեւնի, այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Ուշի-ուշով դիտելով թանգարանի ցուցանմուշներըՙ Տրայան Բասեսկուն թանգարանի հուշամատյանում գրեց մեկ բառՙ «Ի հիշատակ» ու ստորագրեց: Թանգարանի տնօրեն, պատմաբան-ցեղասպանագետ Լավրենտի Բարսեղյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց թանգարանի կազմած (հեղինակ` պատմաբան Երանուհի Մարգարյան) 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված գիրքը, որը պարունակում է 130 լուսանկարներ եւ չորս լեզվով ցեղասպանության պատմությունը ներկայացնող բացատրական նյութեր: Բացի դրանից, թանգարանի կողմից Ռումինիայի նախագահին հանձնվեց ցեղասպանության 90-ամյակի արծաթյա հուշամեդալը: Հրաժեշտից առաջ պրն Տրայան Բասեսկուն թանգարանին նվիրեց Ռումինիայի տեսարժան վայրերը պատկերող ծավալուն հուշալբոմը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4