Երկօրյա այցով Հայաստանում է Ռումինիայի նախագահը
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Երեկ երկօրյա այցով Հայաստան ժամանեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ Ռումինիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Առանձնազրույցին երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, եվրոկառույցների շրջանակում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Առանձնազրույցին հաջորդել են բանակցությունները` ընդլայնված կազմով:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում մեր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը Արեւելյան Եվրոպայի երկրներից Ռումինիայի հետ առավել զարգացած հարաբերություններ ունի` հատկապես հումանիտար ոլորտում: Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբՙ երկու երկրների համագործակցության նոր հեռանկարներ են բացում 2007-ի հունվարի 1-ին Ռումինիայի անդամակցությունը ԵՄ եւ Հայաստանի ու ԵՄ միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի բանակցությունների ավարտը:
Նա գտնում է, որ Սեւծովյան տարածաշրջանի զարգացման ծրագրից Ռումինիայի սպասելիքները միանգամայն բնական են, քանի որ ԵՄ-ին Ռումինիայի անդամակցությամբ այդ կառույցը հասնում է Սեւծովյան տարածաշրջանի տարածքով եւ բնակչությամբ ամենամեծ երկիրՙ Ռումինիա, որն ունի ծովային զարգացած ենթակառուցվածքներ: «Ռումինիայի աշխարհագրական դիրքը, ծովափնյա տերմինալների հնարավորությունները մեզ հուշում են, որ դա հետաքրքրական ճանապարհ է առեւտրական հարաբերությունների ակտիվացման համար, համատեղ մամուլի ասուլիսում նշեց Ռոբերտ Քոչարյանը: Այն ուղիղ առեւտրային ճանապարհ է եվրոպական երկրների հետ, եւ մենք շատ հետաքրքրված ենք, որ այդ ճանապարհն արդյունավետ աշխատի եւ զարգանա»:
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի խոսքերով, Սեւծովյան տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, եւ այդ երկիրը կօժանդակի, որպեսզի Հայաստանը մերձենա Եվրոմիությանը: Նա նշեց, որ Ռումինիան հետաքրքրված է Հայաստանի` ԵՄ մուտքով եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում Հայաստանին ներկայացնել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ անդամակցելու իրենց փորձը:
Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն ստորագրեցին: Ստորագրվեցին նաեւ միջկառավարական փաստաթղթեր առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության, ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության, ինչպես նաեւ ծրագիր մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում 2006-2010 թթ. համագործակցության մասին: Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվեց եվրոպական եւ եվրատլանտյան համագործակցության մասին հուշագիր: