Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի արած հայտարարությունները, որոնցում նա Թուրքիայից պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ճանաչումը վերջինին նախապայման էր առաջադրում Եվրոմիությանն անդամակցելու համար, բուռն հակազդեցություն էր առաջացրել Թուրքիայում:
Ընդհանուր առմամբ դրական չէին նաեւ ԵՄ-ի կառույցների արձագանքներն այս հայտարարություններին: Թերեւս ֆրանսիական կենտրոնական թերթերն էին հայտարարությունների առնչությամբ պաշտպանել նախագահ Շիրակին, ընդգծելով, որ նա տաբուներ է կործանել: Համենայն դեպս, հոկտեմբերի 3-ի հաղորդագրությամբ հայտարարություններին արձագանքեց նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը:
Կառավարամետ «Ենի շաֆաքի» տվյալներով, Թուրքիայի արտգործնախարարությունը խոր ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կատարած այցի ընթացքում (ցեղասպանության առնչությամբ) հայերի անհիմն պնդումների օգտին հայտարարություններ է արել: Թուրքական արտաքին գերատեսչությունը միաժամանակ տարակուսանքով նշել է. «Ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին անդամակցության չափորոշիչների թվին չի պատկանում: Քաջ գիտենալով այդ մասին, նախագահ Շիրակը պատրանք է ստեղծել, թե հայերի պնդումները ԵՄ-ի չափորոշիչներից են, թերեւս դրանով էլ բախվել է թուրք ժողովրդի արդարացի հակազդեցությանը»:
Հ. Չ.