«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


Ո՞ՐՆ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

Լրտեսներ բռնելու պահի ընտրությունը բնավ էլ ինքնանպատակ չէ

Լրտեսական կրքերն ու այդ ֆոնին դիվանագիտական հարաբերություններում առկա խութերում նավարկությունը բնավ էլ չտեսնված-չլսված երեւույթներ չեն: Ռուս-վրացական հարաբերություններում ներկա իրադարձությունները` լրտեսության մեղադրանքով ռուս սպաների եւ Վրաստանի մի տասնյակից ավելի քաղաքացիների ձերբակալություններն ու ի պատասխան Վրաստանի դեմ տնտեսական տարաբնույթ սանկցիաների կիրառումը քիչ դուրս են լրտեսական պատմությունների սցենարներից: Եվ դա ակնհայտ է, հատկապես երբ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը մեկ-երկու օրում հավաքում է երեխաներին ու կանանց եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներով հեռանում Վրաստանից:

Թերեւս պետք չէ միամիտ լինել ու կարծել, թե Վրաստանը ռուս լրտեսների ձերբակալությամբ պատմության նոր էջ է բացում կամ բարձրաձայնում է իր իրավապահ մարմինների անօրինակ հնարավորությունների մասին: Լրտեսությունն ու լրտեսները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ երկրագնդի վրա գոյություն կունենա գեթ երկու պետություն` սեփական իրականությամբ ու զարգացման տարբեր ծրագրերով: Ավելին, անգամ նման պատմություններից հետո լրտեսական կազմակերպություններն ու դրանցով զբաղվող հակահետախուզական կառույցները մեկմեկու թույլ չեն տա մնալ անգործ:

Ուրեմն, ստացվում է, որ Վրաստանը կամ վրացի մեր հարեւաններին լրտեսական բացահայտումներում աջակցող ուժերը միշտ էլ կարող են որեւէ պահ հարմարեցնել ու նման ձերբակալություններ իրագործել: Եվ նման պարագայում որոշիչ է դառնում ոչ թե հենց հետախուզական գործողությունների ու գործունեության, նաեւ գործիչների բացահայտումը, այլ դրա համար ընտրված պահը:

Եթե հիշելու լինենք նմանօրինակ մի պատմություն, որ տեղի ունեցավ Ռուսաստանի լրտեսների ձերբակալությամբ Անգլիայում, ապա պետք է փաստել, որ ռուս-անգլիական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, եւ հարկ էր որոշակի ձեւով այդ մասին հայտարարել: Արվեց դա հենց լրտեսների ձերբակալությամբ: Վրաստանի դեպքում խնդիրն այնքան էլ պարզ չէ թեկուզ այն հիմնավորմամբ, որ այստեղ ռուս սպաների ձերբակալությանը հետեւած երկու կողմերի հայտարարություններն ու գործողությունները անցել են որոշակի սահմաններ: Ամեն դեպքում, պետք է ընդունել, որ Վրաստանը (եւ ոչ միայն Վրաստանը, այլեւ նրան աջակցող ուժերն ու տերությունները) հակահետախուզական գործողությունների միջոցով արված բացահայտումներով հստակորեն նշում են Ռուսաստանի համար այդ երկրում անցանկալիության վերջնակետի մասին:

Եվ եթե վրաց իշխանությունների կողմից հենց այս պահին ռուս սպաների ձերբակալելը դիտարկվի որպես ապտակ Ռուսաստանին, ապա դրա համար շատ հարմար հենակետ են նույն Վրաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե 2007 թվականը պիտի սկսվի Ցխինվալում ամանորյա տոնակատարությամբ: Ընդ որում, այդ մասին վրաց իշխանությունները չեն նշել մեկ անգամ, այլ բազմիցս, չեն մոռանում հիշեցնել ամեն հարմար եւ ոչ այնքան հարմար առիթներով, չեն զլանում Ցխինվալում Նոր տարի նշելու խոստումը չպահելու դեպքում որոշակի քայլեր իրականացնելու խոստումներ տալ:

Հետաքրքրական է, որ երբ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի նախագահ Սաակաշվիլին խոսում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների համար բոլոր ոչ ռազմական ուղիների անարդյունք լինելու մասին, քիչ անց Վրաստանում բացահայտվում է լրտեսական այնպիսի մի «դավադրություն», որը եթե ընդհանրապես գործում էր Վրաստանի տարածքում, ապա հաստատապես կարող էր բացահայտված լինել նաեւ ավելի վաղ: Ուրեմն մնում է ենթադրել, որ այս պահին շատ տեղին էր նման աղմուկը: Սակայն հետեւանքներն այնքան էլ պատեհ չեն ու կարծես ավելի շատ խոսում են անհրաժեշտության, քան կարողության մասին:

Նախ, մի կողմից, ստացվում է, որ վրացի իրավապահներն օգնությամբ թե առանց դրա կարող են նման ձերբակալություններ իրականացնել, փակում են երկրի օդային տարածքը, փոխում բավականին երկար ժամանակ գործած կանոններ միայն ռուսաստանցիների համար: Ռուսաստանում էլ իրավապահները «հովհարային» արդյունավետություն են ցուցաբերում. հենց այս օրերին Ռուսաստանում ձերբակալում են վրացի քրեականների մի մեծ խումբ, փակում են վրացիների վերահսկողության տակ գտնվող կազինոներ, տնտեսական շրջափակում են ձեւավորում Վրաստանի շուրջը, անելանելի վիճակ ստեղծում Ռուսաստանում ապրող վրացիների համար:

Ի դեպ, ամեն մի կողմն իր հերթին բողոքի ձայն է բարձրացնում միջազգային քաղաքացիական ավիացիոն ընկերության կամ ՄԱԿ-ի մակարդակով, միջազգային կառույցներն ու մի շարք երկրներ էլ միանգամից միջնորդ դառնալու պատրաստակամություն են հայտնում, անգամ Ուկրաինան, որ ինքնին փայլուն հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ: Եվ առավել հետաքրքրական է, որ փակ ճանապարհներն ու օդային տարածությունները բնավ էլ չեն սահմանափակի ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ վրացական իշխանական վերնախավի «ազատ տեղաշարժվելու իրավունքը»: Դեռեւս Վրաստանում գտնվող ռուս զինվորականներն ու Ռուսաստանում ապրող որոշ տվյալներով 300 հազար վրացիները պիտի մտահոգվեն, թե Թբիլիսի Ռուսաստանից հասնեն Բաքվո՞վ, թե՞ Երեւանով:

Ինչեւէ, մինչ Ռուսաստանը հայտարարում է, թե աբխազական ու հարավօսական հարցերը ռուս-վրացական հարաբերությունների խնդիր չեն, Թբիլիսին խոսում է հենց Վրաստանի տարածքից Աբխազիա մտնելու հավանականության ոչ հեռավոր լինելու մասին: Եվ քանի որ Վրաստանը ռուս-վրացական հարաբերությունների առումով աննախադեպ քայլերի է գնում, ուրեմն մնում է սպասել, որ դրան կհետեւեն քայլեր, որ ուղղված կլինեն իսկական նպատակին: «Ազգի» տեղեկություններով, նման նպատակ իսկապես կա` կապված Հարավային Օսիայի խնդիրը շատ մոտ ապագայում ի նպաստ Վրաստանի լուծված տեսնելու հետ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4