Առնչության շրջանառվող վարկածը թուրքական դիտավորության հերթական դրսեւորում է
Հոկտեմբերի 3-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից Ստամբուլ մեկնող թուրքական քաղավիացիայի «Բոինգ-737» տիպի ինքնաթիռը, ինչպես երեկվա համարում գրել էր մեր թերթը, Հունաստանի օդային տարածքում ուղղությունը փոխել եւ վայրէջք էր կատարել Իտալիայի Բրինդիզի քաղաքի օդանավակայանում: Օդանավի 107 ուղեւորներից թուրք էին միայն 5-ը, 80-նՙ ալբանացի, իսկ մյուսներըՙ այլազգի:
Այլ կերպ, ինքնաթիռն առեւանգվել էր: Առեւանգման պահին ենթադրվում էր, որ երկու ահաբեկիչներն էլ թուրք են եւ այդ քայլին են դիմել, որպեսզի բողոքի ենթարկեն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առաջիկա նոյեմբերին Թուրքիա նախատեսվող այցը: Օդանավակայանում արդեն, երբ ուղեւորները դուրս են բերվում ինքնաթիռից, անձնակազմի 6 անդամները նմանապես, պարզվում է, որ ինքնաթիռն առեւանգել է ոչ թե երկու, այլ մեկ ահաբեկիչՙ Հասան Էքինջի անունով:
Նա ոչ միայն ինքնակամ հանձնվում է իտալական իրավապահ մարմիններին, այլեւ քաղաքական ապաստան է խնդրում Իտալիայից: Այս հանգամանքն ի չիք է դարձնում ինքնաթիռի առեւանգումը Հռոմի պապի այցով պայմանավորելու նկրտումները, որոնք, ըստ ամենայնի, թուրքական են:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Հասան Էքինջին եղել է դասալիք: 2006 թ. մայիսի 16-ին զորամասը լքել եւ հայտնվել է Տիրանայում: Հոկտեմբերի 3-ին նստեցնելով ինքնաթիռ, ալբանական իշխանությունները նրան ոչ միայն երկրից էին վտարում, այլեւ հանձնում թուրքական իշխանություններին: Թերեւս այդ առումով պատահական չէր Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերի ահաբեկչական գործողության ընթացքում արած հայտարարությունը. «Եթե ինքնաթիռը վայրէջք կատարեր Ստամբուլում, ապա դասալիք Էքինջին կալանավորվելու էր»: Սա նշանակում է, որ թուրքական ոստիկանությունը Ստամբուլի օդանավակայանում Էքինջիին էր սպասում:
Կալանավորման սպառնալիքի տակ պապի այցի դեմ բողոքելը, առավել եւս բողոքելու համար ինքնաթիռն առեւանգելը տրամաբանական լինել չէր կարող: Մանավանդ որ Էքինջին Տիրանայից գրավոր դիմել էր պապին եւ, «Զամանի» տվյալներով, ասել, որ ինքը պատերազմի հակառակորդ է, կաթոլիկ-քրիստոնյա, հետեւաբար չի կարող ծառայել մահմեդական բանակում:
Այսպիսի իրավիճակում գտնվող մեկը պապի այցի դեմ բողոքելու փոխարեն պետք է օգնության խնդրանքով դիմեր նրան, հատկապես այն դեպքում, երբ ինքն իր իսկ խոսքերով գիտեր, որ իրեն «առաջին ինքնաթիռով Ստամբուլ են ուղարկելու»: Հիրավի, իտալական իրավապահ մարմիններին հանձնվելու պահին նախքան քաղաքական ապաստան խնդրելն Էքինջին նրանց ասում է. «Ես քրիստոնյա եմ: Խնդրանք ունեմ Հռոմի պապին»:
Հասան Էքինջիի դասալքության պարագան, նրան հոկտեմբերի 3-ին առաջին իսկ ինքնաթիռով Ստամբուլ ուղարկելու ալբանական իշխանությունների ձեռնարկումը, առավել եւս օդանավակայանում նրա կալանավորման սպառնալիքն ի սկզբանե բացառում էր ինքնաթիռի առեւանգումը Հռոմի պապի այցով պայմանավորելու բոլոր վարկածները: Քանի որ այս ամենը չէր կարող վրիպել թուրքական ծառայությունների ուշադրությունից, երբ նրանք Ստամբուլի օդանավակայանում հատուկ սպասում էին Էքինջիին, ուստի Անկարան այս վարկածը շրջանառության մեջ է դրել այցի նախօրյակին Հռոմի պապի վրա ճնշում գործադրելու եւ այդ ճնշումը «երկրում առկա հակազդեցությամբ» քողարկելու նկրտումով:
Ակնհայտ է, որ դեռեւս այցի նախօրյակի գործադրվող ճնշումներն այցի ընթացքում զգալի կկաշկանդեն Հռոմի պապինՙ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կրոնապետների, առավել եւս Կ. Պոլսո հունաց տիեզերական պատրիարքի հետ շփումներում, եւ նա հնարավորինս զերծ կմնա վերջիններիս պահանջներին ընդառաջելու գայթակղությունից:
Հ. ՉԱՔՐՅԱՆ