Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտից խմբագրությունը ստացել է «Հուրիեթի» սեպտեմբերի 24-ի համարում տպագրված Օզդեմիր Ինչեի վերոհիշյալ վերնագրով հոդվածի անգլերեն թարգմանությունը:
Բոլորն Էլ զզվանք են պատճառում ինձ. Քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածը, Էլիֆ Շաֆակի դատավարությունը, պաշտպանող եւ մեղադրող կողմերը եւ առհասարակ բոլոր նրանք, որոնք իրենց կարծիքն են արտահայտում այդ դատավարության մասին:
Իմ խե՜ղճ Թուրքիա, իմ խե՜ղճ արյունաքամ եղած երկիր: Ինչպե՞ս է, որ այս (Թուրքիայի) կառավարության արդարադատության նախարարությունը չի պատրաստում 301-րդ հոդվածի կիրառման մի որոշակի ուղեցույց, չնայած ամեն ինչ անում է, որ անգործության մատնի հեղափոխական օրենքները:
Ինչպե՞ս է, որ Եվրոմիությունը եւ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչները չեն պահանջում նման մի ուղեցույց, այլ պնդում են, որ ընդհանրապես չեղյալ համարվի այդ օրենքը: Իսկ մեր կառավարությունը համառորեն կառչած է մնում դրանից: Կարծում եմ, այստեղ երկու կողմերի կանխամտածված համագործակցություն կա:
Այն մարդիկ, որ իրապես ինձ զզվեցնում են, մարդու իրավունքների մեր պաշտպաններն են, ժողովրդավարության առաքյալները եւ նրանց հետնորդները: Այս խումբը, որն ընդհանրապես չի քննադատում մեր ներկայիս գործող կառավարությանը, բայց փոխարենը ժամանակ առ ժամանակ հարվածում է հանրապետությանը` 301-րդ հոդվածի առնչությամբ, ֆաշիստ եւ քեմալիստ է որակում բարեփոխումների բոլոր կողմնակիցներին: Կա նաեւ մեկ ուրիշ խումբ, որը էսէսականների նման ծայրահեղությունների է գնում հանուն հայրենասիրության եւ ազգայնամոլության: Նրանք էլ են դերասաններ այս ամբողջ «կառնավալում»:
Երբ ես մտածում էի այս ամենի մասին եւ անհանգստանում, Ռուհատ Մենգիի խմբագրականից («Վաթան» թերթի սեպտեմբերի 20-ի համարում) իմացա, որ 301-րդ հոդվածով մեղադրյալ Էլիֆ Շաֆակն ասել է. «Երբ ես Մ. Նահանգներ գնացի, Զորյան ինստիտուտը լուսավորեց ինձ, եւ ես լուծեցի ցեղասպանության խնդիրը»: Ես ինչ-որ բան կարդացել էի (այդ ինստիտուտի մասին), բայց մոռացել էի: Այդ անունը ինձ միշտ լարված ստրեսի տակ է պահում, եւ քանի որ Էլիֆ Շաֆակին ճիշտ ուղին է ցույց տվել, թույլ տվեք մի քանի տեղեկություններ հաղորդել նրա մասին:
Զորյան ինստիտուտը (ժամանակակից ուսումնասիրությունների եւ վավերագրման Զորյան ինստիտուտը) հիմնադրվել է Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) 1982-ին: Կա նաեւ կանադական Զորյան ինստիտուտ, որը հիմնվել է 1984-ին:
Այս երկու ինստիտուտները ակադեմիական կենտրոններ են ուսումնասիրություններ կատարելու, վավերագրեր հավաքելու եւ տեղեկություններ տարածելու հայերի ներկա պատմության վերաբերյալ: Գործունեությունը ծավալվում է երեք բնագավառներում` ցեղասպանություն, սփյուռք եւ Հայաստան: Այդ նպատակների համար ինստիտուտը բազմակողմանի ուսումնասիրություններ է կատարում, համաժողովներ հրավիրում եւ հրատարակություններ լույս ընծայում: Այսքանը` արտաքին տեսքից:
Որպես առաջին ծառայություն, 1984-ին Զորյան ինստիտուտը հովանավորեց Հայկական ցեղասպանության դատարանի հիմնադրումը, որը ճանաչվեց որպես «Ժողովուրդների մշտական դատարան» եզրով: Համաձայն ինստիտուտի կայքեջի, Զորյան ինստիտուտը 1999-ին համոզիչ մի զեկուցագիր է պատրաստել Հայոց ցեղասպանության մասին եւ ներկայացրել կանադական խորհրդարանական ենթահանձնաժողովին: Դրա հիման վրա Կանադայի խորհրդարանը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը:
Դարձյալ 1999-ին Մ. Նահանգների ներկայացուցիչների պալատը Զորյան ինստիտուտից խնդրել էր պատրաստել մի զեկույց, որը կհակազդեր Վաշինգտոնում թուրք դեսպանի հայտարարությունները հայոց ցեղասպանության ժխտման առնչությամբ:
Ինստիտուտի կարեւորագույն հրատարակություններից են Թաներ Աքչամի գործերը:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ