«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ԱԹԱԹՈՒՐՔԻ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ` ՁԵՌՔԻՆ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԹԵՐԹԻԿՈՎ

Սեպտեմբերի երկրորդ կեսին, երբ իսլամական աշխարհը բուռն հակազդեցությամբ արձագանքում էր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին Մուհամմեդ մարգարեին հասցեագրած վիրավորական արտահայտությունների համար, իսկ արմատական որոշ շրջանակներ դիմում էին հակաքրիստոնեական արարքների, Ավստրալիայի ֆինանսների նախարար Պիտեր Կաստելլոն մահմեդական երկրներին մատնացույց է անում Քեմալ Աթաթուրքի ստեղծած ժամանակակից Թուրքիան:

Նախարարը, ինչպես սեպտեմբերի 23-ի համարում նշել է «Զամանը», ասում է. «Աշխարհիկ Թուրքիան, որն ստեղծել է Դարդանելի ճակատամարտի փառապանծ հերոս Քեմալ Աթաթուրքը, օրինակ է ծառայում իսլամական աշխարհի համար: Նա իբրեւ օրինակելի պետություն, առաջնորդողի դեր պետք է կատարի այդ աշխարհում»:

Ֆինանսների նախարարի խոսքերին էլ արձագանքում է ավստրալական մամուլը, եւ թերթերից մեկում հրապարակվում Դենիս Ալթմանի հոդվածը կից ծաղրանկարներով: Հոդվածագիրը Աթաթուրքի գովերգումը ծիծաղելի է համարում եւ նշում է, որ նրա մտցրած սահմանափակումների վերացումը հսկայական ժամանակ է պահանջել Թուրքիայից:

Սահմանափակումների պարագայում խնդրո առարկան կրոնական ազատություններն են: Ըստ Ալթմանի, Աթաթուրքը կրոնական առաջընթացի ճանապարհին լուրջ խոչընդոտ է եղել եւ չի ցանկացել, որ ժամանակակից Թուրքիայում կրոնը ունենա հասարակական դերակատարում, ուստի բռնարարքների է դիմել, որոնք ցնցող են ինչպես աշխարհիկ, այնպես էլ հավատացյալ ավստրալացիների համար:

Ինչ վերաբերում է 4 ծաղրանկարներին, որոնց նույն «Զամանը» արձագանքել է սեպտեմբերի 30-ի համարում, ապա դրանք ավստրալական թերթում հրապարակվել են «Կաստելլոն վերակենդանացնում է Աթաթուրքին» խորագրով: Դրանցից երկրորդում Ավստրալիայի ֆինանսների նախարարը գերեզմանից հանում է Աթաթուրքի կմախքը, որի ձեռքին հայտնաբերվում է «Հայոց ցեղասպանություն» մակագրությամբ թերթիկը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4