«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀՈԼՈՔՈՍԹԻ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Փարիզի դատարանը երեքշաբթի օրը եռամսյա պայմանական բանտարկության եւ 7500 եվրո տուգանքի է դատապարտել համալսարանական նախկին պրոֆեսոր, 77-ամյա Ռոբեր Ֆորիսոնին, որը հրապարակավ ժխտել էր հրեաների ողջակիզման փաստը:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ Լիոնի համալսարանի գրականության նախկին դասախոսը 2005 թ. փետրվարին իրանական արբանյակային հեռուստաալիքի եթերում հայտարարել է հետեւյալը. «Գերմանացիները ոչ մի գազախուց էլ չեն ունեցել, եւ Օսվենցիմ այցելող միլիոնավոր զբոսաշրջիկները տեսնում են միայն սուտ եւ կեղծարարություն»:

Պետական մեղադրողը նախապես պահանջել էր Ֆորիսոնից բռնագանձել 45 հազար եվրո եւ նրան դատապարտել մեկ տարվա բանտարկության: Բայց դատարանը սահմանափակվեց ավելի մեղմ պատժով:

Ֆորիսոնը մեղադրվում է նաեւ «հակամարդկային ոճրի գոյության ժխտմանը մեղսակից լինելու» մեջ, ուստի պարտավոր է մեկական եվրո խորհրդանշական տույժեր վճարել դատավարությանը որպես քաղաքացիական հայցվորներ մասնակցած հակառասիստական երեք կազմակերպություններին:

Ի դեպ, հոկտեմբերին Թեհրանում տեղի կունենա Հոլոքոսթի ոճիրների գիտական ապացույցների գնահատմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Իրանի իշխանություններն այդ ոճիրների փաստերը համարում են խիստ չափազանցված: Խորհրդաժողովից առաջ Թեհրանում Հոլոքոսթի թեմայով բացված ծաղրանկարների ցուցահանդեսը տեղի հասարակայնության շրջանում առանձնակի հետաքրքրություն չի առաջացրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4