«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ ԼՂՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ պետք է ընդուներ սահմանադրության նախագիծը, սակայն մի քանի ժամ տեւած բուռն քննարկումներից հետո սահմանադրության նախագծի հեղինակ Արմեն Զալինյանի առաջարկով նիստն ընդմիջվեց մինչեւ ուրբաթ օրը: Նիստը հետաձգելու նպատակը, ըստ Ա. Զալինյանի, քննարկումների ժամանակ արված առաջարկները նախագծում ընդգրկելն է:

Նշելով, որ սահմանադրության նախագիծը եռամյա աշխատանքի արդյունք է, նախագծի հեղինակը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ այն համապատասխան փորձաքննություն է անցել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային բարձրակարգ փորձագետների կողմից: Նա անդրադարձավ սահմանադրության բոլոր գլուխներին ու նախաբանինՙ հաճախ դրանց կապակցությամբ մեկնաբանություններ անելով:

Պատգամավորներից ոմանց հարցադրմանը, թե ինչու, համաձայն նախագծի, նախատեսվող նոր կառավարման համակարգը կիսանախագահական կառավարում է կոչվում, Ա. Զալինյանը բացատրեց, որ սահմանադրությամբ վարչապետի, գլխավոր դատախազի, դատավորների, մարդու իրավունքների պաշտպանի ու վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնները հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչը նորամուծություն է ԼՂՀ պետական կառավարման մշակույթում:

Սահմանադրական դատարանի ինստիտուտը, իբրեւ առանձին կառույց, ԼՂՀ-ում չի գործի. այս ատյանի գործառույթն իրականացնելու է գերագույն դատարանը, որին կվերապահվի նաեւ վճռաբեկ ատյանի գործառույթը: Միեւնույն ժամանակ, գերագույն դատարանից տարանջատվելու եւ առանձին ատյանի կարգավիճակ է ստանալու վերաքննիչ դատարանը:

Սահմանադրության նախագծի քննարկումներին ակտիվորեն մասնակցել ու համապատասխան առաջարկներ են ներկայացրել ԱԺ-ում առկա երկուՙ «Ժողովրդավարություն» եւ «Ազատ հայրենիք» խմբակցությունները, սակայն դա չխանգարեց, որ երեկվա նիստում այս խմբակցությունների, ինչպես նաեւ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի ներկայացուցիչները նախագծի հեղինակին առաջադրեն նոր հարցադրումներ ու առաջարկություններ: Ըստ էությանՙ նիստի ընդմիջումը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ աշխատանքային քննարկումներում չընդգրկված պատգամավորները տեղյակ չէին մի շարք հոդվածների պարզաբանումների մանրամասներին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4