«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «Ո՞ՆՑ ԵՔ ԼՈՒԻՑ ՓԻՂ ՇԻՆՈՒՄ»

Երկու չընդունված օրենքներն էլ կվերադառնան խորհրդարան

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե բացառու՞մ է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» հետ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է, ճիշտն ասած` չենք քննարկել»

«Ազգը» հետաքրքրվեց, թե համամի՞տ է վարչապետը մամուլի այն գնահատականի հետ, թե վերջին երկու օրենքների չընդունումը Ազգային ժողովի ղեկավարության վատ աշխատանքի արդյունք է, եւ ի՞նչ է լինելու այդ երկու օրենքների ճակատագիրը. «Գնահատականներ չտանք, թե ինչու չանցան, բայց կառավարությունը, բնականաբար, այդ երկու օրենքներն էլ նորից կբերի Ազգային ժողով: Մեկն Ազգային ժողովում է («Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին»-Մ.Խ.), ուղղակի դեռ օրակարգ չի ընդգրկվել, ամսի 24-ին կընդգրկվի, քանի որ անհետաձգելի էր համարվելՙ մեկամսյա ժամկետ է դրված: Երկրորդը (հեռուստաոլորտը կարգավորող) նորից կբերենք ԱԺ, առայժմ այդ օրենքն իր բոլոր թեր եւ դեմ կողմերով դրված է արդարադատության նախարարության ինտերնետային կայքում, ցանկացողները կարող են կարծիք հայտնել. պատրաստ ենք քննարկել առաջարկները»:

Արդյո՞ք ինչ-որ բան է առաջարկվել Արման Սահակյանին, որ հանել է թեկնածությունը: Ըստ վարչապետի, ոչինչ չի առաջարկվել-չեն համոզել, ինքնուրույն է որոշում կայացրել: Այդ դեպքում ու՞մ է պաշտպանելու ՀՀԿ-ն Աջափնյակում` արդեն 4 թեկնածու կա. «Դեռ հաստատման գործընթաց կա, ժամանակ կա մինչեւ ընտրությունները` այն ժամանակ կերեւա», նկատեց վարչապետը:

Վրաստանում Հայաստանի քաղաքացիներ են շարունակում ձերբակալված մնալ, Հայաստանն ի՞նչ է անում. «Բանակցություններ են ընթանում տարբերՙ եւ ԱԳՆ եւ դեսպանությունների մակարդակներով, ուղղակի Վրաստանի օրենքները խախտված են, պետք է վրացական կողմը բարի կամք ցուցաբերի, որպեսզի այդ քաղաքացիներին ազատ արձակի: Ես էլ եմ փորձել վարչապետի հետ այդ հարցը քննարկել, դրական կողմնորոշում կար վարչապետի կողմից, բայց ընթացակարգային որոշ հարցեր պետք է լուծվեն»:

Հակակրիմինալ կոալիցիայի հայտարարության առաջին տողինՙ «Հայաստանի պետականությունը վտանգի մեջ է»ՙ վարչապետը վերաբերվում է հումորով, իսկ որ հակակրիմինալ պայքարի թիրախ որպես ընտրված է միայն հանրապետական կուսակցությունը` դրան էլ է ըմբռնումով մոտենում. «Մարդիկ կային, որ երբ հանրապետական կուսակցության անդամ չէին` կրիմինալ չէին, հենց անդամ դարձան` կրիմինա՞լ դարձան. ուղղակի քաղաքական խնդիր է լուծվում, քանի որ մոտենում են ընտրությունները, բնականաբար փորձում են տարբեր մեթոդներով հարաբերվել, սա սեւ ՓԻԱՐ է, որ կատարվում է հանրապետականի նկատմամբ»: Պատվիրվա՞ծ է. ընդհանրապես երկնքից ոչ մի բան չի ընկնում, մինչեւ անգամ երեխան, գոնե երկու հոգի մասնակցում են, համոզված է վարչապետը:

Թիկնազորային ծառայության մասին օրենքի նախագծի քննարկումները ավարտվեցին հենց երեկ` քվեարկությունը թողնելով հարմար պահի, նախագծի հանդեպ վարչապետի վերաբերմունքը հետեւյալն է. «Կառավարությունը ներկայացված օրինագծին բացասական գնահատական է տվել, մենք խոսեցինք այսօր առավոտյան Վահան Հովհաննիսյանի, նախագիծը ներկայացրած պատգամավորների հետ, համաձայնության եկանք, որ քվեարկությունը հետաձգեն, մեկ անգամ եւս փորձենք կառավարությունում նախագծի հեղինակների հետ բանակցել, որ կառավարությունը կարողանա դրական լուծումներ տալ»:

Ազատագրված տարածքների վերադարձի մասին իշխանափոխությունից առաջ հնչած տեսակետները որակվում էին իշխանափոխության փորձ եւ դավաճանություն, այժմ էլ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ըստ լրագրողի, նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ բացի Լաչինի միջանցքիցՙ Հայաստանը պատրաստ է վերադարձնել մնացած տարածքները, եւ որեւէ արձագանք չկա. ՀՀԿ-ն համակերպվե՞լ է, որ այդ տարածքները պետք է վերադարձնել: «Ե՛վ 98 թվականին, ե՛ւ այսօրվա հայտարարությունները դուք մեջբերեցիք ենթատեքստից դուրս, այն ժամանակ, երբ խոսում էինք տարածքների մասինՙ դա փուլային տարբերակն էր հաջորդական քայլերի, եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կամ կարգավիճակը պարզ չէր: Մենք այսօր առաջարկում ենք փաթեթային լուծում, որ ժամանակացույցով երեւա, թե մենք ինչի՞ց ենք սկսում եւ ինչո՞վ ենք ավարտում: Մեր ավարտը հանրաքվեն է, որի հետեւանքով պետք է պարզվի` Ղարաբաղի հանրապետությունն առանձին պետություն է, թե՞ ոչ: Իսկ այդ ընթացքում ազատագրված շրջանների որոշ մասը եթե հանձնենք էլ, ապա միայն այդ պայմանով: Երկրորդը, ամենակարեւորը` այս անցողիկ ժամանակաշրջանում Ղարաբաղն ինչպիսի՞ կարգավիճակ կունենա` կլինի՞ միջազգային սուբյեկտ թեկուզ ոչ անկախ պետության կարգավիճակում, որը ենթադրում է միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ, վարկերի, մարդասիրական օգնության ստացում, անվտանգության երաշխավորություն: Համարժեք չէ համեմատությունը»:

Հարցը ՄԱԿ-ի ձեւաչափ տեղափոխելը ինչպե՞ս է գնահատում. «Դժվար է այսօր գնահատական տալը, Ղարաբաղի հարցը դեռ ՄԱԿ-ի շրջանակային քննարկման չի դրված, միայն հրդեհների ձեւակերպումն է մտել, վերնագրում անհաջող ձեւակերպում կար` չկարողացանք պայքարել, բայց չի գրվածՙ ղարաբաղյան խնդրի լուծման հարցը»:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, հանրապետական կուսակցությունը ֆինանսավորում է եղանակի տեսություն, որտեղ Տիգրանակերտը ներկայացված է որպես Մեծ Հայքի մի մաս. Աղդամում հայտնաբերվել են Տիգրանակերտի մնացորդները, արդյո՞ք կարելի է ասել, որ պատմական-գաղափարական հակասություններ կան ՀՀԿ -ի եւ նրա խորհրդի նախագահի միջեւ: Վարչապետն այս հարցին արձագանքեց հումորով. «Ո՞նց եք լուից փիղ շինում` չեմ հասկանում , հանրապետականը շարունակելու է իր եղանակի տեսությունները թողարկել, այն կետերն է նշում (քարտեզում Մ.Խ.), որտեղ Հայաստանի մայրաքաղաքներն են եղել. Աղդամը Հայաստանի մայրաքաղաքը չի եղել»:

«Օրինաց երկիրը» նախաձեռնել է Սահմանադրական դատարան դիմելՙ հանրային ծառայությունների մասին օրենքի այն դրույթի սահմանադրականությունը որոշելու, որով իրավունք չկա դատարանում վիճարկել սակագներ հաստատող որոշումները. հանրապետականը միանալու՞ է այդ նախաձեռնությանը. «Ոչ, որովհետեւ մենք սկզբունքորեն դեմ ենք այդ առաջարկին` հանձնաժողովն իշխանություններից անկախ հանձնաժողով է, հետեւաբար նրա որոշումը պետք է վերջնական լինի, եթե մենք ցանկանում ենք ստվերի դեմ պայքարել` հանձնաժողովը պետք է անկախ որոշում կայացնի, եւ դատարանները չպետք է միջամտեն»:

Կրիմինալ անուններ հրապարակելու հարցին պատասխանելով` նախկին ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը հենց վարչապետի ուղղությամբ էր ճանապարհ դրել հարցը. «Սուրեն Աբրահամյան անունով մարդու չեմ ճանաչում», չորեց վարչապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4