«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2006-10-03 | #188, 2006-10-04 | #189, 2006-10-05


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿԳՆԵՆՔ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՂԵՐՈՎ

Ընտրվեցին KfW-ի վարկային ծրագրի հայաստանյան գործընկերները

«Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» կամ հիպոթեկային վարկավորումը խթանող ծրագրին մասնակից գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ընտրությանՙ գերմանական KfW գերմանական բանկի հայտարարած մրցույթի արդյունքները երեկ հրապարակվեցին Կենտրոնական բանկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 23-ին Հայաստանում հիպոթեկային շուկայի զարգացմանն ուղղված 12 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր էր կնքվել վերոնշյալ կազմակերպության եւ Հայաստանի կենտրոնական բանկի միջեւ:

ԿԲ փոխնախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ առաջին փուլով կտրամադրվեն 6 մլն եվրո վարկ եւ դրամաշնորհներՙ 1 մլն եվրո խորհրդատվության եւ 0,5 մլն եվրո ուսումնական միջոցառումների համար: Այդ գումարները շուկայում տեղաբաշխելու, այսինքն վարկեր տրամադրելու նպատակով KfW-ն եւ Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) ծրագրերի իրագործման գրասենյակը հայտարարել էին մրցույթ: Մրցութային փաթեթներն ուղարկվել էին հայկական 21 բանկերին եւ 15 վարկային կազմակերպություններին: Ծրագրին մասնակցելու հայտեր էին ներկայացրել 15 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ: Ստացած դիմում-առաջարկների ուսումնասիրությունից եւ կազմակերպությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից հետո ընտրվել են հետեւյալ 8 կազմակերպություններըՙ «Հայէկոնոմբանկը», «Արարատ բանկը», «Առէքսիմբանկը», «Կասկադ բանկը», «Ինեկո բանկը», «ԻՏԲ միջազգային առեւտրային բանկը» եւ «Առաջին հիպոթեկային ընկերություն», «Վաշինգտոն կապիտալ» վարկային կազմակերպությունները: KfW բանկի հայտարարած միջազգային մրցույթի արդյունքներով ծրագրի խորհրդատու է ընտրվել գերմանական Bankakademie international կազմակերպությունը, որը «Ֆինանսական եւ բանկային քոլեջ» հիմնադրամի հետ իրականացնում է նաեւ ծրագրի ուսումնական մասը:

«Ի՞նչ տոկոսադրույքներով ստացված գումարները կտրամադրվեն հայկական բանկերին եւ ինչպե՞ս դա կազդի հիպոթեկային վարկավորման տոկոսադրույքների վրա»: Մեր այս հարցին պատասխանելով, Արթուր Ջավադյանը նախ հայտնեց, որ բանկերն ընտրվել են ոչ թե ըստ նրանց առաջարկած տոկոսների, այլ մի շարք այլ չափանիշներով, ապա նշեց, որ տոկոսադրույքները կորոշվեն շուկայում: Միաժամանակ նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ այս ծրագիրը կնպաստի հիպոթեկային վարկերի տոկոսների իջեցմանը: Ներկայումս միջինը տարեկան 14 տոկոսն է:

Ասվածին KfW-ի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն ավելացրեց, որ տոկոսադրույքները որոշելու է ծրագրի դիտորդ խորհուրդը: Դա ամենայն հավանականությամբ կլինի դեկտեմբերին: Ըստ ԳՀՀ ծրագրի իրագործման գրասենյակի գործադիր տնօրեն Գագիկ Լոփոյանի էլ, պարտադիր պայման լինելու են միայն վարկերի տրամադրման ժամկետըՙ ոչ պակաս քան 10 տարի եւ վարկի գումարըՙ ոչ ավելի, քան 12 մլն դրամ: Պարտադիր պահանջներից են նաեւ կյանքի եւ գույքի ապահովագրությունը:

Ե՞րբ կտրվի ծրագրով նախատեսված գումարի երկրորդ 6 մլն եվրո կազմող մասը: «Ազգի» այս հարցին Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ դա տեղի կունենա, երբ արդեն տրված գումարները կտեղաբաշխվեն շուկայում: Ընդ որում, նա նշեց, որ բացառված չէ նոր բանկերի մասնակցությունը ծրագրի երկրորդ փուլին: Կարապետ Գեւորգյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ այդ գումարը, ամենայն հավանականությամբ, կտրվի եկող տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: KfW-ի հայաստանյան ներկայացուցիչը դա հիմնավորեց այն հանգամանքով, որ գումարը տրամադրվում է Գերմանիայի ֆեդերալ բյուջեից եւ 2007-2008 թթ.-ին Հայաստանին աջակցության տրամադրման համար պետք է նոր բանակցություններ վարվեն:

Ի՞նչ բնակարաններ կարող են ձեռք բերվել մինչեւ 12 մլն դրամ վարկային գումարով: Կարապետ Գեւորգյանի կարծիքով, քանի որ վարկը պետք է կազմի ձեռք բերվող բնակարանի 70 տոկոսը, ապա դրանք կարող են լինել 15-16 մլն դրամանոց բնակարաններ: Սակայն դա վերին սահմանն է: Բնակարանային պայմանների բարելավման կամ նորոգման համար ավելի փոքր գումարներ անհրաժեշտ կլինեն: Մի խոսքով, այս ծրագիրն ավելի ուղղված կլինի միջին եւ դրանից փոքր-ինչ ցածր խավին: Այսպիսի համոզմունք հայտնեց KfW-ի Հայաստանի ներկայացուցիչը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4