Այս կարծիքին են «Այբիրիան ռիսորսիզ» կազմակերպության ներկայացուցիչները
Հայաստանի ամենահեռու անկյուններից մեկը` երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրի քաղաքն այսօր շատ է տարբերվում մյուս սահմանամերձ շրջաններից: Մեղրու բնակիչների հավաստմամբ` քաղաքում բարեկեցիկ կյանքի հեռանկարը պայմանավորված է այն բանով, որ հայաստանյան «Սիփան 1» ՍՊԸ-ն անցած տարվա հոկտեմբերից մեծ եւ լուրջ ներդրումներ է իրականացնում տեղի ոսկու հանքերում: Նկատենք, որ այս ընկերությունը 2005 թ. հայերից գնել է միացյալ կազմակերպությունը, որի 80 տոկոսի սեփականատերը ավստրալական կազմակերպությունն է, մնացած 20-ը` ամերիկյան: Ըստ այդմ` «Սիփան 1» ընկերության ամբողջ կառավարումն ու ֆինանսավորումը իրականացնում է ավստրալական «Այբիրիան ռիսորսիզ» կազմակերպությունը: Նշենք, որ կազմակերպությունը զուտ ներդրումային փուլում է եւ մինչ օրս որեւէ շահույթ չի ստացել: Ավելացնենք, որ առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար է: Եվ հենց այս ներդրումների արդյունքում է, որ Մեղրին վերջին շրջանում սկսել է ապրել փոքր-ինչ բարեկեցիկ կյանքով. ընկերությունում աշխատողների թիվը 86-ից հասել է 216-ի, որոնցից յուրաքանչյուրն, օգոստոս ամսվա տվյալներով, առանց պահումների ստանում է միջինը 160 հազար դրամ, ինչը լուրջ ցուցանիշ է ոչ միայն Մեղրու, այլեւ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական պայմաններում: Բացի այս, շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ են արվել բնապահպանության ոլորտում (վճարումներ համապատասխան հիմնադրամներին), ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար էլ մուտքագրվել է պետական բյուջե արդեն հարկերի տեսքով:
Ինչ խոսք, ընկերությունը սրանով չի սահմանափակվում. հոգում է նաեւ երիտասարդ սերնդի ժամանակակից կրթություն ստանալու համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի հարցը: Մեղրու 2 դպրոցներում էլ «Այբիրիան ռիսորսիզ» կազմակերպությունը բացել է համակարգչային սենյակներ, որտեղ վերջին նմուշի համակարգիչներից օգտվել են սովորում շուրջ 1000 դպրոցականներ: Բացի այս, ընկերությունը պատրաստվում է դպրոցներում իրականացնել մի ուսուցողական ծրագիր, որի շրջանակներում դպրոցականներին դասավանդելու են լեռնաարդյունաբերությանը վերաբերող որոշ առարկաներ: Ասել է թե` ընկերությունը մտածում է նաեւ ապագա մասնագետների պատրաստման մասին, մի իրողություն, ինչն, անշուշտ, ամենամեծ ներդրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության համար: Ավելին` «Այբիրիան ռիսորսիզ»-ը Մեղրու եւ նրա հարակից երկու գյուղերի մանկապարտեզներին եւս չի մոռացել. 3 մանկապարտեզների ամբողջ ծախսերը այսուհետեւ հոգալու են ավստրալացիները, սկսած երեխաների սննդից` վերջացրած դաստիարակների աշխատավարձով: Այս առումով մեղրեցիները շատ գոհ են նաեւ, որ այսուհետեւ երեխաների մանկապարտեզի ամսական 2500 դրամի վճարումները եւս իրականացնելու է «Սիփան 1» ընկերությունը:
Ինչ վերաբերում է ընկերության բուն գործունեությանը, ապա «Այբիրիան ռիսորսիզ»-ը պատրաստվում է ֆաբրիկան գործարկել այս տարվա հոկտեմբերի վերջին: Ընդգծենք նաեւ, որ մինչ օրս ընկերությունը ոսկու խտանյութի վաճառք չի իրականացրել եւ պատրաստվում է տալ արտադրանք միայն մետաղի տեսքով: Ֆաբրիկան գերհագեցած է տեխնիկայի վերջին նմուշի սարքավորումներով` բերված Կանադայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Չինաստանից եւ այլն: Ավելացնենք, որ Մեղրու համապատասխան տարածքներում դեռեւս Խորհրդային Միության տարիներին երկրաբանական հետազոտությունները փաստել են, որ տեղի հանքավայրերի պաշարները բավարար են 20 տարվա համար: Մինչդեռ «Այբիրիան ռիսորսիզ» կազմակերպությունը մասնագետներ է հրավիրել աշխարհի 2 հզորագույն հետախուզական կենտրոններից, ովքեր 1 տարի շարունակ աշխատելու են հանքավայրերում եւ ներկայացնելու են իրենց փորձագիտական եզրակացությունը: Ընկերության ղեկավարությունը այս աշխատանքների ընթացքում եւս 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար է ներդնելու: Այս առումով, ինչպես նկատում է ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մանվել Բագրատյանը, «20 տարվա համար դժվար թե որեւէ արտասահմանյան ընկերություն այսքան գումար ներդներ եւ դեռ մի բան էլ մտածեր մանկապարտեզների եւ դպրոցների ֆինանսավորման մասին, այսինքն` այս ոլորտում մասնագիտական սերնդափոխության մասին: Մենք կարծում ենք, որ պաշարները ոչ թե 20, այլ կբավականացնեն 100 տարի»:
Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Արգամ Մուղդուսյանն էլ հավաստիացնում է, որ այս ամենը դեռ նախագծի սկիզբն է միայն, քանի որ «մենք նպատակ ունենք շատ մոտ ապագայում Մեղրու հանքերն ու գործարկվող ֆաբրիկան համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին եւ Մեղրին դարձնել աշխարհի ամենազարգացած ոսկու տեղամասերից մեկը»: Այս կարծիքին է նաեւ «Այբիրիան ռիսորսիզ»-ի գլխավոր տնօրեն Մեթյու Վուդը, որի համոզմամբ իրենք կարող են նաեւ համաշխարհային մակարդակով կազմակերպել ոսկու արդյունաբերությունը հենց Մեղրիում:
Ինչ վերաբերում է դպրոցների եւ մանկապարտեզների ֆինանսավորմանը, ապա, ըստ «Սիփան 1» ՍՊԸ-ի տնօրեն Գրիշա Հակոբյանի, սա եւս ներդրում է ոչ միայն տեղի բնակչության, այլեւ հանքարդյունաբերության մեջ, քանի որ այսօր ամբողջ աշխարհում զգացվում է ոլորտի մասնագետների պակաս, եւ այս առումով իրականացվող նախագծի նպատակն է պատրաստել լուրջ մասնագետներ:
Ինչպես տեսնում ենք, սահմանամերձ Մեղրին աշխարհին գրավում է ոչ միայն իր մաքուր օդով եւ քաղցրահամ մրգերով, այլեւ տարածաշրջանում լեռնաարդյունաբերական լուրջ հեռանկարների հայտ ներկայացնող մի տարածք է: Կայացած ու բարեխիղճ թիմ, կազմակերպված աշխատանք, լուրջ նախագիծ, մեծ ներդրումներ եւ հավատ ապագայի հանդեպ. ահա թե որն է այս ընկերության կարգախոսն ու հաջողության գրավականը, հաջողություն, որ շատ մոտ ապագայում տեսանելի կլինի ոչ միայն Մեղրու, այլեւ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար:
ԳՈՀԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ