Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը հայտարարեց Երեւանի խմելու ջրի որակական ստուգումներ սկսելու վերաբերյալ: Ջրի մանրէաբանական ցուցանիշները, 14 բողոքների հիման վրա, հետազոտել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: Նմուշառումը կատարվել է Շենգավիթի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոնի, Նորք-Մարաշի, Արաբկիրի, Էրեբունու 13 տարբեր կետերում: Մանրէաբանական փորձաքննության արդյունքները գոհացուցիչ են, խմելու ջրի մեջ այս տեսանկյունից որեւէ վտանգավոր բան չի հայտնաբերվել:
Շատ շուտով կազմակերպությունը սկսելու է նաեւ Երեւանի խմելու ջրի ֆիզիկա-քիմիական ցուցանիշների քննությունը: Այսինքն, ծանր մետաղների եւ քիմիական այլ տարրերի բաղադրությունը, որ հավանական է ջրատար խողովակների անմխիթար վիճակը նկատի առնելով, նաեւ մնացորդային քլորի պարունակության չափերը: Քլորի բարձր պարունակությունը տարբեր ախտերի առաջացման խթան է դառնում, ցածր պարունակության դեպքում մանրէների աշխուժացման վտանգ կա:
Եթե այս ցուցանիշներն էլ բարվոք լինեն, երեւանցիները կարող են մոռանալ Արաբկիրի խմելու ջրի աղտոտման ծանր պատմությունը եւ ավելի լավատես դառնալ:
Կ. Դ.