Այդ օրը մարդաշատ էր «Նարեկացի» մշակույթի կենտրոնը: Հայ պարմանուհու` Լիլիթի մատիտանկար-գծանկար ստեղծագործությունների գողտրիկ ցուցահանդեսն էր հավաքել մարդկանց, եւ վերջում ճիշտ նկատեց կենտրոնի տնօրեն Լեւոն Իվանյանը (ինքն էլ մշակույթի նվիրյալ), որ բացման արարողությունը բազմախոս-պերճախոս էր, որովհետեւ շատերը խոսեցին. լռելը դժվար էր: Հնչեցին «ինքնատիպ», «տաղանդավոր», «շնորհալի» (անմիջապես հիշելով Ներսես Շնորհալուն)... Հիշվեց եւ Լիլիթ Նիկողոսյանի արդեն մանկավարժական գործունեությունը` Հ. Պարոնյանի անվ. դպրոցում, սեւեռուն` միմիայն իր մատիտով ու թղթով ապրելու, «աշխարհը դրանց մեջ» տեսնելու նկարագիրը: Ոչ մի նկար մակագրություն չուներ. Լիլիթը գտնում է, որ դրանք հասցեագրված են զգայության ու ընկալունակ մարդկանց: Եվ զարմանալին այն պաշտամունքն է, որ այս պարմանուհին տածում է կնոջ հանդեպ` իբրեւ ամեն ինչի ակունք ու սկիզբ: Նույնիսկ կանացի ֆիգուրները ամբողջական չեն, այլ միայն դրվագային, սակայն դրանք տաք են, խլրտուն, պտղաբեր: Ահա դրանցից մեկը. ժամանակակից կինը ծնկաչոք է (հնում ծնկաչոք են ծննդաբերել. մեր էպոսը լի է դրանով), իսկ նրա ստինքից մի բարալիկ ոստ է ելել-տարածվել` տերեւառատ սքանչելի թուփ դարձել: Մեկ այլ տեղ կնոջ մարմինն է ու նրանից ծլարձակել` շուրջը կյանք-բուսականություն է լցվել... Ամեն ինչում կինը` իբրեւ պտղաբերության խորհուրդ, ամենայն գեղեցիկի ակունք ու սկիզբ: «Ի սկզբանե էր կինը...»: Զարմանալի նուրբ են Լիլիթի գծերը (պատկերացնել դժվար է, թե ինչքան է նա սրում մատիտները), բայց ամենաբարալիկ գիծն անգամ ոչ միայն չի կորչում, այլեւ երբեմն շատ «եռանդուն» է դառնում, ճեղքում, ծլարձակում է: Նաեւ նուրբ ու քնքուշ, կանացի են Լիլիթի գծերը, երբեմն նույնիսկ չարաճճի ու չգիտես թե որտեղից կելնեն եւ ուր կմտնեն, կամ ի՛նչ կբերեն: Նաեւ տարողունակ-հագեցած են Լիլիթի մատիտագծերը. նրանց վրա կարելի է ամբողջ պատումիկներ հորինել... Ահա այսպիսին էր մերօրյա երիտասարդ նկարչուհու առաջին ցուցահանդեսը, որի մասին այնքան սիրալիր եւ բարյացակամ արտահայտվեցին մեր գրչի ու մշակույթի անվանիները. Վլադիլեն Բալյանը, Սուրեն Մուրադյանը, Արեւշատ Ավագյանը, երիտասարդ, բայց արդեն անհատականությունը հաստատած Նինա Աղավելյանը, Անուշ Եղիազարյանը, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը, մանկավարժ-վետերան Վարդիթեր Գրիգորյանը, այս արարողությունը հովանավորող Մարիանան... Առաջին ցուցահանդեսը` առաջին հայտնությունը երիտասարդ հայուհու, որ մեր ոչ այնքան դյուրին առօրյայում միտում է վեհին, գեղեցիկին, ապրեցնողին:
Լիլիթ Նիկողոսյան. հիշեցեք այս անունը եւ թող նրա ճանապարհին մացառների փոխարեն ծիլ ու տերեւ, ծառուծաղիկ լինի` ինչպես նրա նկարներում է:
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ