Տպավորություն Հայաստանի ամերիկյան համալսարանի 14-րդ ավարտական արարողությունից
Ամերիկացի հոգեբան Դեյլ Քարնեգին ասում է, թե այն ամենը, ինչին հասնում է մարդը կյանքում, նրա սեփական մտածելակերպի ուղղակի արդյունքն է, եւ ամենամեծ խնդիրը, որին մենք բախվում ենք իրականության մեջ, ճիշտ մտածելակերպի ընտրությունն է:
Ամեն անգամ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական արարողություններին մասնակցելուց հետո ուսանողությանս տարիների (չնայած կրթական համակարգի բազում առավելություններին) չկայացած ազատ, ստեղծագործական կրթության ու մտածողության ափսոսանքի զգացումն եմ ունենում: Կիրակի օրը ՀԱՀ-ի 14-րդ շրջանավարտների խանդավառության մեջ ամենագնահատելին նրանց` ապագայի հանդեպ ինքնավստահությունն էր, որն ազատ մտածողության, արժեքային նոր համակարգի ծնունդ է: Շրջանավարտներից Տաթեւիկ Ղարիբյանը հրաժեշտի խոսքում ստացած կրթությունը համարեց այնպիսի հարստություն, որ հնարավոր չէ կողոպտել:
Հայաստանի ամերիկյան համալսարանը կրթական գործունեությունը սկսեց երկրի անկախության հռչակման օրը` Հայաստանի համար ամենադժվարին տարիներին, անգլերենի արագացված ուսուցման ծրագրով, ընդամենը 101 ուսանողներով: Անցնող 15 տարիներին կրթօջախը արձանագրել է մեծ առաջընթաց ե՛ւ ուսումնական, ե՛ւ վարչակազմակերպչական շատ հարցերում: Այսօր ՀԱՀ-ի շուրջ 1500 շրջանավարտների 80 տոկոսը ներգրավված է Հայաստանի տնտեսության, առողջապահության, կրթության եւ այլ ասպարեզներում:
ՀԱՀ-ի նախագահ դր Հարություն Արմենյանը կարեւորեց համալասարանի դերն իբրեւ հայրենիքում արեւմտյան մոդելի կրթություն ստանալու լավ հնարավորություն: Նա երախտիքով հիշեց համալսարանի հիմնադիրներին եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս կրթօջախի իրականացմանը` դոկտորներ Միհրան Աղբաբյան, Արմեն Տեր-Կյուրեղյան, Ստեփան Կարամարդյան եւ Լուիզ Սիմոն-Մանուկյան:
Նախընթաց տարիների համալսարանական կյանքի ընդլայնման փաստացի իրողություններ են գործող ուսումնական բազմաթիվ ծրագրերը, նորաբաց կենտրոնները: Համալսարանի համար առավել հեռանկարներ ստեղծում է 2002-ի ԴՔԱԱ-ի (Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցացիայի) ՀԱՀ-ին շնորհած «հավատարմագրման թեկնածուի» կարգավիճակի երկարատեւ գործընթացը, որը երրորդ` ամփոփիչ փուլ մտավ. այս առիթով օրերս Երեւան այցելած ամերիկյան փորձագետների ուսումնասիրությունները դր Արմենյանը կարեւորեց համալսարանի ինքնաբարելավման, կրթության որակի, նոր մեխանիզմների ու կառույցների ստեղծման տեսանկյունից:
Կարեւոր էր նաեւ 1999-ից սկսած «Հայ մատենագրության թվային գրադարան» նախագծի արդյունքում ստեղծված հայ դասական մատենագրության էլեկտրոնային տարբերակը: Օրերս թվային գրադարանի Գրիգոր Նարեկացի բազմալեզու լազերային սկավառակն արժանացավ Համահայկական 2-րդ El բովանդակությամբ մրցույթի առաջին մրցանակին, միաժամանակ նաեւ գլխավոր մրացանակին` El հայագիտության բնագավառում:
Անցած տարի սկսված նոր ուսումնական` Փարամազ Ավետիսյան մասնաշենքի շինարարությունն էլ ավելի կընդլայնի համալսարանական գործունեությունը: Տեխնիկապես եւ լաբորատոր սարքավորումների հագեցվածությամբ ՀԱՀ-ը տարածաշրջանում կվերածվի եզակի հնարավորություններով գիտաուսումնական կենտրոնի:
Համալսարանի ուսանողության համար նպաստավոր հանգամանք է կրթաթոշակային հիմնադրամների ստեղծումը կարիքավոր ուսանողների համար, մասնավորապես Ժիրայր Թուրփանջյան կրթաթոշակը սահմանված է ոչ միայն ՀԱՀ-ի, այլեւ Հայաստանի բուհական բոլոր հաստատությունների կարիքավոր ուսանողների համար, եւ արդեն 437 ուսանող օգտվել է այս կրթաթոշակից:
Համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած էր այն ժամանակ Հայաստանի փոխնախագահ, այժմ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նաեւՙ ՀԱՀ-ի հիմնադիր խորհրդի անդամ: Նա վերհիշեց համալսարանի ստեղծման շրջանը եւ իրենց գործադրած ջանքերը, որոնց արդյունքն այսօրվա կայացած կրթօջախն է եւ ազատ, ինքնիշխան երկրի կառուցման գործում համալսարանական կրթություն ստացած մասնագետների ներուժի օգտակարությունը:
Խաղաղության կորպուսի կամավորական պրն Ջեյսն Բ. Սփրագն իր կենսափորձով հաստատում է մարդկային անանց արժեքներիՙ կյանքի իրական գինը: Մարդկային միտքը սահմանափակող շքեղ տան ու ավտոմեքենայի ամերիկյան երազանքը եզրագծին հասնելովՙ նավաբեկյալի հուսահատություն է ծնում եւ որոնումների մղում: Ամերիկայում լարված աշխատանքի ընթացքում նա հասկանում է, որ կորցնում է նախկին կապերն իր համայնքի հետ եւ անդամագրվելով Խաղաղության կորպուսինՙ կնոջ հետ որոշում է գալ Հայաստան եւ արդեն 2 տարի աշխատում է Գավառում, հանրային տարբեր ծառայություններ մատուցում բնակչությանը (ծերերի խնամք, իրավաբանական խորհրդատվություններ, կանաչապատում, մանկատներին օգնություն, բիզնես-պլանի կազմակերպում եւ այլն): Նա երջանկության իր կոնցեպցիան բանաձեւում է սեփական կենսափորձով հաստատվածՙ հաջողություն արձանագրել ոչ թե նյութական առավելություններով, այլ համայնքին, կարիքավորներին օգտակար լինելով. «Համալսարանական գիտելիքների շնորհիվ դուք կլինեք փնտրված մասնագետներ եւ լավ աշխատանք կգտնեք, սակայն լավագույն աշխատանքն այն է, որ փողով չի վարձատրվում: Եթե ուզում եք ձեր ողջ կյանքում լինել երջանիկ, օգնեք ուրիշներին: Մասնակցեք կամավորական հեղափոխությանը եւ ձեր երկրում կգտնեք այն գանձը, որ երբեք չեք ուզենա կորցնել»: Պրն Սփրագի այս խոսքերն ասես ձայնակցեցին նախօրեին շրջանավարտների եւ դասախոսական կազմի հետ համալսարանի հոգաբարձուների խորհրդի հանդիպմանը ՀԱՀ-ի հիմնադիր նախագահ դր Միհրան Աղբաբյանիՙ «Եթե չես կարողանում փոխհատուցել նրան, ով քեզ լավություն է արել, ապա միշտ կարող ես փոխհատուցել ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ» մեծ խորհուրդ ու բարձր բարոյականություն կրող խոսքին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ