1991 թ. անկախության հռչակումով Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն մուտք գործեց միջազգային ասպարեզ: Նա դիվանագիտական հարաբերություններ հաստատեց աշխարհի ավելի քան 150 երկրների հետ, անդամակցեց ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային բազմաթիվ կազմակերպություններին եւ ստորագրեց միջպետական հարյուրավոր համաձայնագրեր:
Հայաստանի անկախացմանը զուգընթաց աշխարհում տեղի ունեցան քաղաքական լուրջ զարգացումներ: Երբ նա տարբեր պետությունների ու կազմակերպությունների հետ հաստատած բազմակողմանի կապերով դառնում էր միջազգային հանրության լիիրավ անդամը, աշխարհում առաջանում էին քաղաքական նոր միավորներ, անվանափոխվում էին որոշ պետություններն ու երկրամասերը եւ ի հայտ գալիս միջազգային նոր կառույցներ:
Քաղաքական վերոհիշյալ զարգացումները ինքնաբերաբար պայմանավորում էին քաղաքական նոր հասկացությունների առաջացում: Այս ամենը խիստ անհրաժեշտ էր դարձնում համապատասխան բառարանի հրատարակումը Հայաստանում: 2006 թ. Երեւանում հրատարակված «Քաղաքական բառարանը» աշխարհի բոլոր երկրների, տարածքների, միջազգային կազմակերպությունների մասին հայերենով տեղեկություններ ներկայացնելու թերեւս առաջին փորձն է:
Բառարանում տրվում է միջազգային քաղաքական կյանքում կիրառվող հասկացությունների, հապավումների եւ արտահայտությունների բացատրությունն ու սահմանումը, ինչը չափազանց օգտակար է նրանց համար, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչվում են քաղաքականությանը եւ քաղաքագիտությանը: Այն հասկացությունները, որոնք ենթակա չեն թարգմանության, բառարանում ներկայացված են բնագրով:
2006 թ.-ին իբրեւ առաջին փորձ Երեւանում հայերեն հրատարակված «Քաղաքական բառարանը» կազմել է Լիլիթ Թութխալյանը: 272 էջանոց այս աշխատությունն ունի հավելված, որտեղ ներառված են միջազգային կազմակերպությունները, օտար բառերը եւ արտահայտությունները, ինչպես նաեւ չափի ու կշռի այն համակարգը, որը կիրառվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի պես երկրներում:
Բառարանն ինչ խոսք, զերծ չէ թերություններից: Դրանում ներառված հասկացությունները հեռու են ամբողջական լինելուց: Միշտ չէ, որ հասկացություններին տրվում է լիարժեք բացատրություն: Կան նաեւ վրիպակներ: Թերեւս ամենամեծ վրիպակը բառարանում կազմողի մասին տեղեկության բացակայությունն է:
Սակայն թերությունները ամենեւին չեն նսեմացնում Լիլիթ Թութխալյանի կազմած «Քաղաքական բառարանի» արժեքը, որովհետեւ բառարանագիտությանը դեռեւս հայտնի չէ անթերի բառարանի ստեղծման գեթ մեկ օրինակ աշխարհում, այն էլ առաջին փորձից:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու