Զվարթնոց տաճարը 2 օր վերափոխվել ու դարձել էր բացօթյա համերգասրահՙ վառվռուն ու կանչող լույսերով, ազատ ու անկաշկանդ մթնոլորտով, ջերմ ու ժպտուն մարդկանցով:
Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի մտահղացմամբ Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձը նշվեց ճարտարապետության եւ երաժշտության միաձուլմամբ: Սեպտեմբերի 22-23-ին կայացած գալա համերգը փայլուն օրինակ էր մեր պատմաճարտարապետական կոթողները երաժշտությամբ լցնելու, հայ ու համաշխարհային դասական ու ժամանակակից գործեր հնչեցնելու ու մեզ ճարտարապետությանն ու երաժշտությանը միախառնելու:
Համերգը սկսվեց պրեմիերայովՙ տաճարում առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Զվարթնոց-2006» ստեղծագործության նախաբանըՙ կամերային նվագախմբի, հունական «Տիպանա» հարվածային գործիքների անսամբլի եւ 12 զուռնաների կատարմամբ: Այնուհետեւՙ Բախ-Մահլերի արիան, Արկանջելո Կորելլիի «Բադիներին», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից սյուիտ, Դավիթ Հալաջյանի «Երաժշտության ստվերում», Աստոր Պիացոլայի 2 տանգոն, որոնց հաջորդեց ժամանակակից բալետըՙ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտը», Մ. Նահանգներից հրավիրված ամերիկահայ խորեոգրաֆ Աիդա Ամիրխանյանի բեմադրությամբ ու կատարմամբ: Նրա Կարմենի թեթեւասահ թռիչքն ու վազքը, մարմնի գալարումները, հումորով ու կրքոտ շարժումներն այնքան անսովոր ու նոր էին` տաճարի տարածքում ու բեմահարթակում նա երբեմն նման էր երկնքից պոկված հյուլեի, որն ուր որ է պիտի անէանար:
Համերգը եզրափակվեց Էդուարդ Հայրապետյանի «Զվարթնոց-2006» ստեղծագործության վերջաբանով, որի ժամանակ վերոնշյալ կատարողներին միացան նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Վահագն» դհոլահարների անսամբլը:
Ռ. Պ.