Ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրը տղամարդկանց մրցաշարում մրցահարթակը տրամադրվել էր մինչեւ 77 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանից մրցասպարեզ էր դուրս եկել Արա Խաչատրյանը: Հայ ծանրորդը բավական հաջող հանդես եկավ եւ երկամարտի 357 կգ (165+192) արդյունքով դարձավ 3-րդ մրցանակակիր:
Ընդհանրապես, քաշային այս կարգում բավական հետաքրքրական ու դրամատիկ պայքար էր ծավալվել առաջնության պարգեւների համար: Մեդալների համար պայքարում հայ ծանրորդի մրցակիցներն էին թուրք Թաներ Սագիրը, չին Լի Խունլին եւ ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը: Արան պոկում վարժությունն սկսեց 157 կգ-ից, ապա հաջողությամբ բարձրացրեց 161 եւ 165 կգ-անոց ծանրաձողերը: Նրա մրցակիցներն էլ վստահ ելույթներ ունեցան: Ի վերջո, այս վարժությունում 167 կգ-ով փոքր ոսկե մեդալը նվաճեց չին ծանրորդ Լի Խունլին, ընդ որում նա 3-րդ մոտեցմամբ չկարողացավ հաղթահարել 170 կգ ծանրությունը: Թաներ Սագիրը մեկ կգ-ով գերազանցելով Արային, արժանացավ արծաթե փոքր մեդալի, իսկ բրոնզը բաժին հասավ հայ ծանրորդին:
Երկամարտում մեդալների վերջնական բաշխումը կատարվեց հրում վարժության շնորհիվ: Ցավոք, այս վարժությունում Արան այնքան էլ հստակ չգործեց: Առաջին մոտեցմամբ իրեն ենթարկելով 192 կգ-անոց ծանրաձողը, հայ մարզիկը մյուս երկու փորձերի ժամանակ այդպես էլ չկարողացավ հաղթահարել 197 կգ ծանրությունը: Եթե Խաչատրյանին հաջողվեր բարձրացնել պատվիրված քաշը, ապա երկամարտի 362 կգ արդյունքով կհռչակվեր աշխարհի չեմպիոն: Սակայն անհաջողությունը նրան միայն բրոնզե պարգեւի արժանացրեց: Իսկ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը նվաճեց թուրք ծանրորդ Թաներ Սագիրըՙ 361 կգ (166+195): 2-րդ տեղը զբաղեցրեց չին ծանրորդ Լի Խունլինՙ 359 կգ (167+192):
Կանանց մրցաշարում մեդալները վիճարկեցին մինչեւ 58 կգ քաշային ծանրորդուհիները: Այստեղ կրկին մրցակցությունից դուրս էր Չինաստանի ներկայացուցիչըՙ Ցյույ Հյունմեյը, որը չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ երկամարտի 237 կգ (107+130) արդյունքով: ՌԴ հավաքականին առաջին մեդալը պարգեւեց Սվետլանա Ցարուկաեւան: Նա երկամարտի 233 կգ (108+125) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Բրոնզե մրցանակակիր դարձավ Կամեա Վենդին (Թաիլանդ)ՙ 230 կգ (100+130):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ