Ռուսաստանի հայերի միությունը մտահոգ է ռուս-վրացական հակասությամբ, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ հայտարարել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ նրա, միությունը տասնյակ զանգեր է ստացել ապրանքների տեղափոխման դժվարությունների, ռուս-վրացական հարաբերություններում վերջին սրացումների հետեւանքով առաջացած խնդիրների կապակցությամբ: Արա Աբրահամյանը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատացման դեպքում պետք է միշտ նկատի ունենալ եւ մտածել, թե ինչ պետք է անեն հայկական ընկերությունները եւ ինչ պետք է անի Հայաստանը, ինչպես պետք է իրականացվեն պայմանագրերը ռուսական եւ այլ ընկերությունների հետ: Ըստ Արա Աբրահամյանի, միամիտ է հարցը, թե Հայաստանի քաղաքականության փոխվելու դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս կվարվի հայ գործարարների, հայկական ռեստորանների ու խաղատների հետ: «Ռուսաստանն ունի իր շահերն այդ տարածաշրջանում: Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարբերվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից», նշել է Արա Աբրահամյանը: Ըստ նրա, Հայաստանն ունի բազմաթիվ կնքված պայմանագրեր, որոնք դեռ տասնյակ տարիներ կիրականացվեն: