«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՉԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհում հակամարտությունների կանխմանը նպատակաուղղված «ճգնաժամային մի խումբ» է ստեղծվել, որի անդամներն են միջազգային ճանաչման արժանացած ղեկավարներ` նախկին նախագահներ, վարչապետներ, պաշտպանության եւ արտգործնախարարներ, ինչպես նաեւ հեղինակավոր կազմակերպությունների առաջնորդներ, տեղեկացնում է այդ առթիվ հրապարակված մամուլի հաղորդագրությունը: Խմբի առաջնային նպատակն է արաբա-իսրայելական հակամարտության համապարփակ լուծում գտնելու շտապ քայլեր կատարել: «Անմիջական կարիք է զգացվում թարմ մտածողության եւ նոր քաղաքական կամքի դրսեւորման, եթե այդ հակամարտությունը լուծելու միտում կա», հայտարարել են նրանք: «Այնտեղ իրոք սպասում են, որ ներկայի քաղաքական ղեկավարները սանձն առնեն իրենց ձեռքը», նշել է «ճգնաժամային խմբի» նախագահ Գարեթ Էվանսը:

«Դեպի արաբա-իսրայելական հակամարտության ամբողջական կարգավորում» վերնագրով կոչի մեջ ի մասնավորի ասվում է.

«Հաշվի առնելով, որ Միջին Արեւելքն իր ամենավատ ճգնաժամի մեջ է խրվել երկար տարիներ, կոչ ենք անում միջազգային շտապ գործողությունների` արաբա-իսրայելական հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորում գտնելու:

Բոլորն այս հակամարտությունում պարտվել են, բացի ծայրահեղականներից, որոնք աշխարհով մեկ բարգավաճում են իրենց սերմանած ցասման հետեւանքով: Յուրաքանչյուր անցնող օր նվազեցնում է խաղաղ երկարատեւ լուծման հեռանկարները: Քանի հակամարտությունը շարունակվում է, անկայունությունն ու բռնությունը բռնկվելու են տարածաշրջանում եւ դրանից այն կողմ:

Ընդհանուր գծերով բոլորին հայտնի է, թե ինչ պետք է արվի հենվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվի N 242 եւ 1973 թվի N 338 որոշումների, 1978 թվի Քեմպ Դեվիդի պայմանագրի, 2000 թվի քլինթոնյան «Պարամետրերի», 2002 թվի Արաբական լիգայի նախաձեռնության, եւ վերջապես 2003 թվի քառյակի (ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստան) առաջարկած «Ճանապարհային քարտեզի» վրա: Նպատակը պետք է լինի անվտանգության ապահովումը, Իսրայելի պետության ամբողջական ճանաչումը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, պաղեստինյան ժողովրդի օկուպացման ավարտը եւ անկախ պետության գոյատեւումը, գրավյալ տարածքների վերադարձը Սիրիային:

Կարծում ենք, ժամանակը հասունացել է հրավիրելու միջազգային մի կոնֆերանս, որը կմշակեր համապարփակ խաղաղության պայմանագրի բոլոր բաղկացուցիչ տարրերը եւ մղիչ ուժ կհանդիսանար մանրակրկիտ բանակցությունների: Իդեալական կլիներ, եթե այդ կոնֆերանսը հրավիրվեր հնարավորինս շուտ եւ դրան մասնակցեին առնչվող բոլոր կողմերը:

Եթե նման մի կոնֆերանսի գումարումը դեռեւս հարցական է, ապա մի քանի հրատապ քայլեր անհրաժեշտ է (եւ պետք է) որ կատարվեն գլխավոր դերակատարների կողմից, ներառյալ`

ա) աջակցություն հիմնելու պաղեստինյան ազգային միասնական մի կառավարություն եւ վերջ` պաղեստինյան իշխանություններին քաղաքական եւ ֆինանսական բոյկոտին.

բ) բանակցություններ Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարների միջեւ, միջնորդավորված քառյակի կողմից եւ մասնակցությամբ արաբական լիգայի եւ շրջանի կարեւորագույն երկրների, որոնք պետք է օժանդակեն փոխադարձ անվտանգության կայացմանը եւ պաղեստինյան տնտեսության վերազարթմանը.

գ) բանակցություններ պաղեստինյան ղեկավարների եւ իսրայելական կառավարության միջեւ, հովանավորված քառյակի կողմից, հիմնական քաղաքական խնդիրների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են կարգավիճակի վերջնական լուծմանը:

դ) դարձյալ քառյակի զորակցությամբ, բանակցություններ Իսրայելի, Սիրիայի եւ Լիբանանի միջեւ քննարկելու համար իսրայելա-սիրիական եւ իսրայելա-լիբանանյան պայմանագրերի հիմնական դրույթները:

Ոչ ոք չի թերագնահատում վերոհիշյալ խնդիրները կամ նրանց առաջացրած զգացմունքների հզորությունը: Բայց եթե երբեք արաբա-իսրայելական հակամարտությունը, իր ահավոր հետեւանքներով, լուծելու միտում կա, ապա անմիջական կարիք է զգացվում թարմ մտածողության եւ նոր քաղաքական կամքի դրսեւորման: Սա ժամանակի նվազագույն պահանջն է»:

Վերոհիշյալ կոչի տակ ստորագրել են 135 հարգարժան եւ բարձրաստիճան ղեկավարներ, որոնց թվում են Բուտրոս Բուտրոս-Ղալին (ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար), Ջիմի Քարտերը (ԱՄՆ-ի 39-րդ նախագահ եւ 2002 թվի Նոբելյան խաղաղության մրցանակակիր), Ռաուլ Ալֆոնսինը (Արգենտինայի նախկին նախագահ), Միխայիլ Գորբաչովը (ԽՍՀՄ նախկին նախագահ եւ 1990 թ. Նոբելյան խաղաղության մրցանակակիր), Քիմ Դաե-Յունգը (Կորեայի նախկին նախագահ եւ 2000 թ. Նոբելյան խաղաղության մրցանակակիր), Ֆ. Դե Կլարքը (Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ եւ Նոբելյան խաղաղության մրցանակակիր), Ալեքսանդր Կվաշնեւսկին (Լեհաստանի նախկին նախագահ), Ջորջ Վասիլիուն (Կիպրոսի նախկին նախագահ), Էռնեստո Զեդիլոն (Մեքսիկայի նախկին նախագահ), Մարիո Սուարեսը (Պորտուգալիայի նախկին նախագահ), Մերի Ռոբինսոնը (Իռլանդիայի նախկին նախագահ), Ֆիդել Ռամոսը (Ֆիլիպինների նախկին նախագահ), Ժան Քրետիենը (Կանադայի նախկին վարչապետ), Լիոնել Ժոսպենը (Ֆրանսիայի նախկին վարչապետ), Ջոն Մեյջրը (Մ. Բրիտանիայի նախկին վարչապետ), Բոբ Հոուքին (Ավստրալիայի նախկին վարչապետ), Ֆիլիպ Գոնզալես-Մարկեզը (Իսպանիայի նախկին վարչապետ), Եվգենի Պրիմակովը (Ռուսաստանի նախկին վարչապետ), Պուլ Ռասմուսենը (Դանիայի նախկին վարչապետ), Շլոմո Բեն-Ամին (Իսրայելի նախկին արտգործնախարար), Ալեքսանդր Բեսմերտնիխը (ԽՍՀՄ նախկին արտգործնախարար), Ռոլան Դյուման (Ֆրանսիայի նախկին արտգործնախարար), Վահիտ Հալեֆօղլուն (Թուրքիայի նախկին արտգործնախարար), Լախդար Բրահիմին (Ալժիրի նախկին արտգործնախարար), Ռոբերտ Մքնամարան (Մ. Նահանգների նախկին պաշտպանության նախարար), Զբիգնեւ Բժեժինսկին (Մ. Նահանգների ազգային անվտանգության նախկին խորհրդատու), Ժակ Դելորը (Եվրոհանձնախմբի նախկին նախագահ), Բեռնար Կուշները («Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հիմնադիր եւ նախկին նախարար Ֆրանսիայում), Դեզմոն Թութոն (Քեյպթաունի պատվարժան արքեպիսկոպոս եւ 1984 թվի Նոբելյան խաղաղության մրցանակակիր), Ջորջ Սորոսը (Բաց հասարակության ինստիտուտի նախագահ), Րաֆֆի Հովհաննիսյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար), Շիրին Էբադին (2003 թվի Նոբելյան խաղաղության մրցանակակիրը Իրանից), Ջոն Հյումը (Հյուսիսային Իռլանդիայի նախկին առաջին նախարար եւ 1998 թվի Նոբելյան խաղաղության մրցանակակիր):

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4