Թուրքական զինուժի հետ PKK-ի բախումներն այնտեղ քաղաքացիական պատերազմ են բնութագրվում
Վերջին շրջանում աննախադեպ ակտիվացել է քրդական գործոնը: Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի առնչությամբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի քաղաքական աշխույժ առեւտուրը, դրան Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի մասնակցությունն ու երկրի ներքին գործերին միջամտելու առնչությամբ Սիրիայի եւ Իրանի հետ նաեւ Թուրքիային հասցեագրված մեղադրանքների սպառնալից բնույթը, երկրի քուրդ բնակչության իրավունքների ընդլայնման առումով Անկարային Եվրոմիության ներկայացրած պահանջը, առավել եւս «Նոր Միջին Արեւելքի» ենթադրյալ քարտեզում «Ազատ Քուրդիստանի» տեղադրումը դրա վկայություններն են:
Այս ամենը լրացնում է Եվրոխորհրդարանի միջխորհրդարանական վեհաժողովի «Քրդերի մշակութային իրավիճակի» մասին զեկուցագիրը: Անգլիացի խորհրդարանական, լորդ Ռասսել-Ջոնսթոնի հեղինակած այս զեկուցագիրը հոկտեմբերի 3-ին քննարկվել, իսկ 4-ին ձայների 61 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ հաստատվել է:
Զեկուցագրում մինչ քրդերի իրավիճակին անդրադառնալը, վիճակագրական տվյալներ են բերվում: Համաձայն դրանց, քրդերի թիվը Թուրքիայում կազմում է 12-15 մլն, Իրանում` շուրջ 8 մլն, Իրաքում` 5 մլն, Սիրիայում` 1-2 մլն, Արեւմտյան Եվրոպայում` 1 մլն 300 հազար, Աֆղանստանում` 200 հազար, Ադրբեջանում` 150 հազար, Լիբանանում` 80 հազար, Հայաստանում` 45 հազար, Վրաստանում` 60 հազար, Թուրքմենստանում` 40 հազար, ԱՄՆ-ում` 20 հազար եւ Կանադայում` 6 հազար:
Պետք է ասել, որ Հայաստանում բնակվող քրդերի թիվը 2000-ից չի անցնում: Վերոհիշյալ 45 հազարը վերաբերում է եզդիներին, ուստի զեկուցագրի հեղինակն այստեղ վրիպում է թույլ տվել: Համենայն դեպս, զեկուցագրում Եվրոհանձնաժողովը Թուրքիային, Իրանին, Իրաքին եւ Սիրիային կոչ է անում պահպանել քրդերի մշակույթն ու լեզուն, եւ նշում է, որ քրդական մշակույթը սպառնալիք չէ, այլ` ժառանգություն:
Զեկուցագրում մատնացույց է արվում թուրքական զինված ուժերի հետ PKK-ի դեռեւս 1984-ին սկզբնավորված զինված պայքարը, խոսվում է երկրում քրդերի իրավիճակի վրա այդ պայքարի բացասական անդրադարձի մասին եւ զինյալ բախումները բնութագրվում են որպես «քաղաքացիական դե ֆակտո պատերազմ»:
«Միլիեթը» տեղեկացնելով այս ամենի մասին, գրում է, որ զեկուցագիրը ուղղակիորեն չի դատապարտում PKK-ի գործունեությունը Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում, որոնք մեծապես քրդաբնակ են: Եվրոխորհրդարանը զեկուցագրով Թուրքիային է ներկայացնում երկրում քրդերի իրավական եւ սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը, ինչպես նաեւ քրդական մշակույթի ու լեզվի զարգացման նախադրյալների ստեղծմանը նպատակամղված առաջարկներ:
Հ. ՉԱՔՐՅԱՆ