«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ ԻԲՐ ԴԵՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Հոկտեմբերի 3-ին «Ազգը», անդրադառնալով Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի արած հայտարարությունների թուրքական արձագանքներին, կարծիք է հայտնել, որ Թուրքիայի խնդիրը ոչ այնքան այդ հայտարարություններն են, որքան դրանց նպաստումը «Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող օրինագծի ընդունմանը:

Կարծիքը հաստատեցին օրինագծի ձախողման թուրքական ձեռնարկումները, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի պատվիրակության գործուղումը Փարիզ: Պատվիրակությունը ոչ միայն ձեռնունայն է վերադարձել Փարիզից, այլեւ չի էլ կարողացել հանդիպել օրինագիծը պաշտպանող Սոցիալիստական կուսակցության ղեկավարների հետ:

Այս հանգամանքն, ըստ երեւույթին, հավասարակշռությունից հանել է Մեջլիսի պատվիրակությանը, որ նրա անդամներից Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եւ նախկին դեսպան Շուքրու Էլեքդաղը շանտաժի է դիմել: Նա ակնարկել է, որ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայից կվտարվեն Հայաստանի քաղաքացիները: Որպեսզի շանտաժը նպատակին ծառայի, նա վերջիններիս թիվը, որը «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի տվյալներով 4 հազարից չի անցնում, հասցրել է 70 հազարի:

Այդ ընթացքում «Զամանը» հոկտեմբերի 5-ի համարում կամայականորեն օրինագծին է հակադրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թուրքական թերթի ցանկատեսության արդյունք հրապարակման մեջ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին իբր ասել է. «Ներկա փուլում չէինք ցանկանա, որ օրինագիծն անցնի: Դա վնասելու է Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»:

Հատկանշական է, որ հրապարակման հեղինակ Ալի Իհսան Այդընն այդ մասին գրում է նախագահ Շիրակի Հայաստան կատարած այցից 4 օր հետո` այն էլ Փարիզից:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4