Թուրքիային առաջարկելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ժակ Շիրակը շաբաթ օրը Երեւանում փշրեց դիվանագիտական մի արգելք: Ճիշտ է, հանրապետության նախագահի հայտարարությունը կանխատեսելի էր: Ֆրանսիան 2001թ. եվրոպական առաջին մեծ երկիրը դարձավ, որն օրենսդրական տեսքով ցեղասպանություն որակեց անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 մլն անձանց բնաջնջումը:
Պետության ղեկավարի խոսքերը պետք է վրդովեցնեին Անկարային, որի արձագանքն ուշանում է: Ուրիշ ժամանակ այն կլիներ վայրկենական: Եվ ոմանք առիթը բաց չեն թողնի դատապարտելու Փարիզի միջամտությունն իրեն օտար մի գործի: Ֆրանսիայում վերապրողների բազմաթիվ ժառանգներից կազմված հայկական խոշոր համայնքի ներկայությունը բացատրում է, թե ինչու մեր երկիրը մշտապես զգայուն է եղել այս հարցում:
Բայց Թուրքիային դիմելովՙ Ժակ Շիրակը մտածում էր նաեւ Եվրոպայի ապագայի մասին: ԵՄ-ին նրա անդամակցության կողմնակից Շիրակն ուզեց ընդգծել Եվրոպայի ժողովրդավարական պահանջը. միություն, «որը պատկանում է միեւնույն հասարակությանը եւ դավանում միեւնույն արժեքները»:
Ուղերձն, անշուշտ, հասցեագրված է թուրքերին, որոնք պետք է որոշեն թափանցիկ դարձնել իրենց պատմությունը: Հասցեագրված է նաեւ եվրոպական կառույցներին, որոնք ցեղասպանության ճանաչումը չեն դարձրել Թուրքիայի անդամակցության նախապայման: Վերջապես հասցեագրված է բոլոր նրանց (մասնավորապես Ֆրանսիայում), ովքեր ընդդիմանում են ԵՄ-ի ընդլայնմանը Բոսֆորի ափերից այն կողմ (նաեւ կրոնական պատճառներով):
Պետության ղեկավարը գուցե անուղղակիորեն ուզում էր նրանց հանգստացնել: Եվրոսահմանադրության նախագծի ներածությունում դեմ արտահայտված լինելով քրիստոնեության հիշատակմանը, Շիրակը վերահաստատեց Եվրոպայի իր սահմանումը, նրա կարծիքով, ազատությունը, ժողովրդավարությունը եւ աշխարհիկությունը դրա անհրաժեշտ հիմքերն են:
Միեւնույն ելույթում խոսելով Հայոց ցեղասպանության եւ Գերմանիայի կողմից հրեաների ողջակիզման ճանաչման մասին, Շիրակը ենթակա է դառնում անխուսափելի քննադատությունների, քանզի ողբերգություններից յուրաքանչյուրը եզակի է: Բայց, նրա կարծիքով, համեմատության նպատակն է հիշեցնել, որ Եվրոպան որքան աշխարհամաս է, այնքան էլ ընդհանուր արժեքների շտեմարան, եզակի օրինակ, խաղաղություն տարածելու համընդհանուր նպատակի մոդել: Հանրապետության նախագահը սիրում է ազգերի երկխոսության անձնվեր ասպետի եւ երկրագնդի տառապյալների փաստաբանի դերերը: Անցյալ շաբաթավերջին Հայաստանում, զղջալու եւ պատմություն գրելը թերեւս միայն պատմաբաններին թողնելու հարցին առնչվող բանավեճերից հետո, նա քաղաքակրթության քայլ կատարեց:
Դա երեւի անհրաժեշտ էր այս պահին, երբ նույնիսկ Թուրքիայում պաշտոնական որոշ նախաձեռնություններ են ուրվագծվում անցյալը վերանայելու նպատակով: Տեղաշարժը դժվար է, քանզի Անկարան մշտապես քամահրել է իր փոքրամասնություններին, եւ ցեղասպանությունը դատապարտող մտավորականները (օրինակ, գրող Օրհան Փամուքը) մնում են վարչակարգի գլխավոր թիրախները: Նախագահի ձեռնարկումը շատ ավելի օգտակար է, քան Ֆրանսիայի սոցկուսի առաջարկած օրինագիծը, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ուրացման համար:
Ողջունելի է, որ Ֆրանսիան որոշ պարագաներում հաստատում է քաղաքակրթային իր պարտքը:
«ՖԻԳԱՐՈՅԻ» ԽՄԲԱԳՐԱԿԱՆ, 2.10.2006 թ.