«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱՎԵՏ ԿԼԻՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Բրիտանական կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հովանավորությամբ այս տարվա ապրիլից բրիտանական խորհուրդն իրականացնում է «Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության լուսաբանման գործընթացում» ծրագիրը, որի հիմնական նպատակը բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների փորձն ու հմտությունը հայաստանյան լրագրողներին փոխանցելն է: Ծրագրի առաջին փուլում մրցութային կարգով ընտրված 11 լրագրողները հուլիսին մեկնեցին Լոնդոնՙ ունկնդրելու բրիտանացի հայտնի լրագրողների դասախոսությունները, ծանոթանալու լրատվամիջոցների աշխատանքին, ուսումնասիրելու հասարակության կյանքում նրանց ունեցած ազդեցության հիմքերը: «Ծրագրի զվարճալի մասն արդեն ավարտված է, հիմա եկել է դժվար աշխատանքի շրջանը», «Անի» հյուրանոցում երեկ հրավիրված մամլո ասուլիսում կեսլուրջ-կեսկատակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդը, նկատի ունենալով մարզային լրագրողների համար առաջիկայում կազմակերպվելիք դասընթացները, որոնք անցկացնելու պատասխանատվությունն ընկած է ոչ միայն ծրագրի կազմակերպիչների, այլեւ հիշյալ 11 լրագրողների ուսերին: Ծրագրի վերաբերյալ իրենց խոսքն ասացին նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը, բրիտանական խորհրդի կառավարման ծրագրերի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը, համոզմունք հայտնելով, որ ծրագիրը դրականորեն կներազդի կառավարության ու լրատվամիջոցների համագործակցության վրա: Ասուլիսին հաջորդեց «Երկխոսություն կառավարության եւ լրատվամիջոցների միջեւ» քննարկումը, որին հրավիրված էին նախարարությունների հանրային կապերի վարչությունների ղեկավարներ կամ աշխատակիցներ, լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նայջել Թաունսոնի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար Ալլա Բակունցի ողջույնի խոսքից հետո ծրագրի նպատակները մանրամասնեց ծրագրի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը, որից հետո քննարկում ծավալվեց կառավարության եւ լրատվամիջոցների համագործակցության, կատարված աշխատանքի ու ներկա վիճակի, լրատվամիջոցների աշխատանքին մամլո խոսնակների աջակցության կամ խոչընդոտելու, պետության եւ հասարակության միջեւ լրատվամիջոցների միջնորդ դերի եւ այլ հարցերի մասին: Հնչեցին տարբեր տեսակետներ ու կարծիքներ, նշվեցին միմյանց աշխատանքում առկա մի շարք թերություններ, մասնավորապես պետական կառույցների ներսում տեղեկատվության տարածման մեխանիզմների բացակայություն, կառավարության նիստերին մասնակցող լրագրողների հաճախակի փոփոխություն, լրատվամիջոցների վրա օլիգարխների բացասական ազդեցություն եւ այլն, եւ այլն: Քննարկմանը մասնակցում էր նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, որին ուղղված բազմաթիվ հարցեր քննարկումը դարձրեցին բավականին աշխույժ եւ արդյունավետ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4