Թռչնաֆաբրիկաների ղեկավարները սկսում են խոսել միայն թռչնագրիպի վտանգի ժամանակ
Վերջին 7-8 օրվա ընթացքում կտրուկ թանկացել է հավի ձուն: Մեկ ձվի գինը միջին հաշվով թանկացել է 7-10 դրամով: Նախկինում 51 դրամով վաճառվող ձվի գինը դարձել է 58-59 դրամ, իսկ 58 դրամով վաճառվողներինըՙ 65-66 դրամ: Կան նաեւ մինչեւ 77-78 դրամով վաճառվող ձվի տեսակներ: Ինչպես տեղեկացանք խանութների վաճառողներից, իրենց արտադրանքի գները բարձրացրել են բոլոր երեք հիմնական ձու արտադրողներըՙ Լուսակերտի թռչնաֆաբրիկան, Արզնի ԹՏԽ ֆաբրիկան եւ Երեւանի թռչնաֆաբրիկան: Բոլոր երեք թռչնաֆաբրիկաներից փորձեցինք պարզել, թե ո՞րն է ձվի նման կտրուկ թանկացման պատճառը:
Արզնու ֆաբրիկայում ընդհանրապես որեւէ հեռախոսահամար չէր պատասխանում: Երեւանի թռչնաֆաբրիկայի տնօրենը «տեղում չէր», ինչը հաճախ է պատահում, երբ լրագրողներից որեւէ մեկը փորձում է տեղեկանալ բնակչությանը հուզող որեւէ խնդրի մասին, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենն էլ տեղեկանալով, որ իրեն ուղղված հարց ունենք, հրահանգեց գործավարուհուն հայտնել, որ ինքը «խորհրդակցություն ունի»: Նման վերաբերմունքն անսպասելի չէր եւ խիստ կզարմանայինք, եթե այս երեք ընկերությունների ղեկավարներից որեւէ մեկը ցանկություն հայտներ պատասխանելու մեր հարցինՙ ո՞րն է ձվի թանկացման պատճառը: Կզարմանայինք, քանի որ նրանք այդ թանկացումը հիմնավորող որեւէ պատասխան ուղղակի չունեն: Մյուս կողմից էլ, թռչնագրիպի վտանգը, եթե չասենք մնացել է հետեւում, ապա զգալիորեն թուլացել է, եւ անցել են այն ժամանակները, երբ տեղական արտադրողներ կոչվածները պատեպատ էին խփվում լրագրողներին իրենց ֆաբրիկաները հրավիրելու համար եւ աղեկտուր կոչերով խնդրում բնակչությանը ձու եւ հավի միս գնել: Հիմա արդեն կարելի է անցնել ավանդական գործելակերպինՙ փոխադարձաբար պայմանավորված գներ սահմանելով շուկայում: Այսինքն, օրենքով արգելված հակամրցակցային պայմանավորվածություններ ձեռք բերելով միմյանց միջեւ:
Փորձենք հիմնավորել ասվածը: Ձվի արտադրության շուկայում իրացման մոտ 95 տոկոսը, համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալների, ընկնում է վերեւում նշված երեք ընկերություններին: Այստեղ գերիշխող դիրք ունեցող է ճանաչված Լուսակերտի թռչնաֆաբրիկան, որն զբաղեցնում է այս շուկայի 40 տոկոսը, իսկ Արզնի ԹՏԽ-ն ու Երեւանի թռչնաֆաբրիկանՙ համապատասխանաբար 30 եւ 25 տոկոսը: Դժվար չէ ենթադրել, որ ունենալով շուկայի իրացման ծավալների 95 տոկոսը, գնի շուրջը պայմանավորվելը լուրջ խնդիր չէ: Սակայն ենթադրենք, որ սա տեսական դատողություն է եւ մեր արտադրողները խիստ օրինապաշտ են, շատ են սիրում մեր ժողովրդին, նրան մեծ լավություն են անում, որ ձվի գինն ընդհանրապես մինչեւ 100-150 դրամի չեն հասցնում եւ այլն:
Այդ դեպքում անհասկանալի է մնում, ավելի շուտ հասկանալի է դառնում, թե ինչու են այդ երեք ընկերությունները ինչպես այս անգամ, այնպես էլ նախկինում արձանագրված նման այլ դեպքերում դիպուկահարի ճշտությամբ միաժամանակ բարձրացնում կամ պահպանում իրենց արտադրանքի գները: Բառացիորեն նույն օրը կամ մեկ-երկու օրվա տարբերությամբ: Օրինակՙ Նոր տարվա կամ Զատկի նախաշեմին: Կամ թռչնագրիպի վտանգի ամիսներին, երբ ամբողջ աշխարհի թռչնարտադրողները գնային զեղչեր էին կատարում, իսկ մեր թռչնարտադրողներից ոչ մեկը չգնաց դրան: Սա գուցե դարձյա՞լ երջանիկ պատահականություն է: Մեկ այլ փաստի եւս անդրադառնանք:
Նույն թռչնագրիպի վտանգի ժամանակ հայրենի թռչնարտադրողները կառավարությունից վեց ամսով թռչնակերի ներմուծման արտոնություն ստացան: Որքանով նման անհրաժեշտություն կար, որպեսզի բոլորիս, այսինքն պետական բյուջեի հաշվին, թռչնարտադրողների գերշահույթների փոքր-ինչ նվազեցում թույլ չտայինք, թողնենք կառավարության խղճին: Պարզապես նշենք, որ այդ արտոնությունից հետո առավել եւս գների ներկայիս բարձրացման համար տնտեսական հիմնավորում գոյություն չունի: Թռչնաֆաբրիկաների արտադրանքը հիմնականում վաճառվում է Հայաստանում եւ վաճառվում է դրամով, իսկ թռչնակերը ներմուծվում է բնականաբար դոլարով: Այսինքն, տվյալ դեպքում առանց արտոնության, անգամ շնորհիվ դոլարի արժեզրկման թռչնաֆաբրիկաները հավելյալ շահույթ են ստանում:
Այդ դեպքում ո՞րն է գների բարձրացման պատճառը հիմաՙ թռչնակերի ներմուծման վեցամսյա արտոնությունից հետո, դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման ներկա ժամանակահատվածում: Մեր այս հարցի պատասխանը տվեց թռչնաֆաբրիկաներից մեկի վաճառքի բաժնի աշխատակիցներից մեկը: Գների բարձրացման պատճառն, ըստ այդ աշխատակցի, «ձվի դեֆիցիտն է եւ պահանջարկի աճը»: Այս պատասխանը իր հերթին պարզապես հաստատում է, որ ձվի թանկացման ոչ մի հիմնավորում գոյություն չունի: Ձվի դեֆիցիտ չունենք: Դրանում համոզվելու համար բավական է մտնել յուրաքանչյուր մեծ, փոքր կամ միջին առեւտրի օբյեկտ: Այս օրերին արձանագրված պահանջարկի առանձնահատուկ աճ նույնպես գոյություն չունի: Հետեւաբար ո՞րն է թանկացման պատճառը, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս կապակցությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Մեր հարցմանը պատասխանելով, հանձնաժողովի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ներկայումս մի քանի, այդ թվում ձվի ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, դիտարկումներ են կատարվում: Եթե լինեն թանկացումներ, ապա գերիշխող դիրք ունեցողները պետք է հանձնաժողովին հիմնավորեն, թե ինչով է դա պայմանավորված:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ այս անգամ եւս հանձնաժողովը խուսափում է դիտարկել հակամրցակցային համաձայնությունների տարբերակը ուսումնասիրելը: Դրա համար հանձնաժողովի նախագահի եւ անդամների բազմիցս բերված հավաստիացումներն այն են, որ շատ դժվար է ապացուցելը: Սակայն մենք ականատես ենք լինում, երբ ակնհայտ իրողությունների պայմաններում, երբ չտեսնել գնային պայմանավորվածություններն ուղղակի անհնար է, հանձնաժողովի համար ոչ թե դժվար, այլ արդեն անհնար է դառնում դա ապացուցելը: Այս դեպքում հանձնաժողովը գուցե հրաժարվի՞ այս գործառնությունից կամ խոստովանի իր անզորությունը: Ի վերջո կարելի է նրան թողնել միայն պիտակներ համեմատելու գործառնությունը, ավելորդ պետական միջոցներ չվատնելով հանձնաժողովի այլՙ անիրագործելի գործառնությունները ֆինանսավորելու համար:
Ինչ մնում է մեր թռչնաֆաբրիկաներին, ապա թերեւս կարիք չկա ապացուցելու, որ իրենց արտադրած ձվի թանկացման իրական պատճառը գերշահույթներ ստանալու երբեք չմարող ձգտումն է: Բիզնեսի համար առավելագույն շահույթ ստանալը բնական երեւույթ է, բայց մի փոքրիկ վերապահումով, եթե դա կատարվում է առանց օրենք խախտելու, շուկայական մրցակցության պայմաններում, այլ ոչ թե գերիշխող դիրք ունեցողի թելադրանքով կամ հակամրցակցային համաձայնության հետեւանքով: Ավաղ, մեր տնտեսության մեջ այս երեւույթները համատարած են, իսկ դրանք թույլ չտալու կոչված պետական հանձնաժողովըՙ անզոր դա կատարելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ