«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱԼԻՔՈՎ

Ռուսաստանում «Հայաստանի տարի» միջոցառման շրջանակում, նոյեմբեր ամսին, հինգշաբթի օրերին, «հՒպՐՈ» շարքով հայերիս համար սիրելի եւ ընդունելի «Կուլտուրա» ալիքով կներկայացվի չորս հաղորդում: Այդ հաղորդաշարը նկարահանելու համար Հայաստան է ժամանել մի ստեղծագործական խումբ, որը 10 օր շրջելով մեր երկրում, օտարի աչքերով կփորձի ներկայացնել մեր ժողովրդի անցյալն ու առօրյան: Ստեղծագործական խմբի ղեկավար, պատասխանատու խմբագիր Նատալյա Մարկովայի հետ զրույցի ընթացքում տեղեկացա, որ հաղորդումներն ունեն կոնկրետ անվանում եւ թեմա, դրանք են. «Երեւանը հնագույն քաղաք», «Հայկական էպոսը», «Հայկական դրամների պատմությունը» եւ «1700-ամյա եկեղեցին իր պատմությամբ ու հավատով»:

Մեկ օր ուղեկցելով խմբին, որի կազմում էին օպերատոր Ալեքսեյ Անիկանովը, ինժեներ Ալեքսանդր Կոմռակովը, լուսանկարիչ Ռուսլան Տիխամիրովը, ռեժիսոր Սվետլանա Սարգսյանցը (հայ լինելով` հայերեն չգիտեր) եւ հնչյունային ռեժիսոր Օլգա Պաժալովան, նկատեցի թե ինչպիսի հետաքրքրությամբ ու խնամքով էին նկարահանում Ուջան գյուղի պատմությունը, որը ներկայացնում էին գյուղի տարեցները, գյուղապետ Նորիկ Մուրադյանը, պատմաբան Ավետիք Հարությունյանը: Ուշագրավ էին Գեւորգ Խաչատրյանի տանը կատարված նկարահանումները, որի ընթացքում ցուցադրվեց լավաշի թխման, խաղողի բերքահավաքի ու հայկական հյուրընկալ օջախի հյուրասիրությունը, Գեւորգ Կիրակոսյանի պարտեզումՙ ընկույզի թափ տալը, հարակից քարանձավն ու աշնանային բերքով լի այգին: Օշականի Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը եւ եկեղեցին նկարահանելուց հետո մանրամասն բացատրություններ տվեց Արագածոտնի թեմի առաջնորդ հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Խաչքար տառերը նկարահանելիս նրանք հանդիպեցին նաեւ Լոս Անջելեսից ժամանած 100 տարեկան Հակոբ Բադաշյանին, որը եկել էր իր անվան տառի մոտ նկարվելու ու երախտագիտությամբ նշելու 100-ամյակը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծագործական խմբի բոլոր հարցերին հատուկ պատասխանեց ու 1700 տարի քրիստոնեություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու մասին բացատրություններ տվեց տեր Վահրամ Մելիքյանը, որը Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն է: Մեկ օրվա նկարահանումների ավարտին Նատալյա Նիկոլաեւնան ասաց. «Մեզ շատ դուր եկավ Երեւանը, ժողովուրդը: Մենք եկել ենք այստեղ աշխատելու, բայց ձեռք բերեցինք շատ բարեկամներ, որոնց հետ կապը կշարունակվի մշտապես: Ձեր երկրի ժողովրդի անմիջականությունը, բարությունն ու հյուրասիրությունը չենք նկատել մինչեւ այժմ այցելած շատ երկրներում, որոնց թվում է նաեւ Ադրբեջանը: Դուք յուրահատուկ ջերմություն եւ ուշադրություն եք դարձնում ձեր երկիր մուտք գործող հյուրերին, որից մեր խումբը շատ գոհ է: Մինչ այստեղ գալը գիտեինք, որ շատ ենք աշխատելու, բայց որ հաճախ ենք մի սեղանի շուրջը հավաքվելուՙ դա անակնկալ էր, քանի որ մենք գիտեինք շատ մոտ ընկերներին ու բարեկամներին են հրավիրում սեղանի շուրջը: Եվ եթե մեզ այդպիսին եք համարել, ապա մենք շատ ուրախ ենք: Մեր հեռուստաալիքի միջոցով ուզում ենք մեր հեռուստադիտողներին պատմել Հայաստանի, իր գեղեցիկ լեգենդների, հյուրասիրության, ամուր կամքի ու քաջության մասին: Այսինքնՙ այնպիսին, ինչպիսին որ կաք դուք ձեր պատմությամբ ու առօրյայով»: Ահա այսպիսին էին դեռ 3 օրվա ընթացքում ստացած մեր հյուրերի տպավորությունները: Իսկ թե դրանց շարքը որքանով կավելանա դեռ առաջիկա 7 օրերի ընթացքում, պարզ կլինի հաղորդումները դիտելուց հետո:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ուջան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4