Տեղեկատվական տեխնոլոգիաներին աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասելով, համակարգչային հայերեն գրանշանների ստանդարտի միջազգային ընդունման տարիներով չարչրկված հարցը կարելի է լուծված համարելՙ այս շաբաթ կայանալիք խորհրդի նիստում ստանդարտը վերջնականապես կհաստատվի: 1990-ականներից հասունացած այս հարցի ձգձգման գլխավոր պատճառը համակարգչային այբուբենի հաստատումը հայերենի ուղղագրության փոփոխությունների հետ կապելն էր: Վերջին քննարկման ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտների վարչության «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» հանձնաժողովի նախագահ Լեւոն Ասլանյանը դարձյալ փորձել է համանման մեկնաբանություններով ու ջանադիր հիմնավորումներով հետաձգել հարցի լուծումը, սակայն բախվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ու լեզվի պետական տեսչության ներկայացուցիչների կտրուկ առարկությանը:
«Ստանդարտի հարցը վաղուց էինք բարձրացրել, այն ժամանակ դեռ «Յունիկոդով» ստեղծված ստանդարտը գոյություն չուներ, խնդիրը բախվում էր միայն «ու» տառի հարցինՙ միատառ, թե՞ երկտառ: ArmSCII-8 համակարգը բավարարում էր ոչ միայն արեւելահայերենին, այլեւ արեւմտահայերենին, գրաբարին, ուներ մի ստեղնաշար, որն ամբողջապես բավարարում էր հայերենի հնչյունական համակարգին, սակայն չէր դրվում որպես պետական ստանդարտ ունենալու խնդիրը: Երբ դնում էինք այդ հարցը, որոշ մարդիկ անմիջապես հանդես էին գալիս հայերենի ուղղագրության փոփոխության վերաբերյալ հայտարարություններովՙ նրանք ոչ մի կերպ չէին ընդունում ուղղագրության խնդիրը լեզվի մասնագետներին թողնելու, իսկ համակարգչային հայերենը որպես գործիք ունենալու հրատապության մասին մեր պնդումները: Նրանց հետ մեր բանավեճերն անցնում էին անօգուտ, մինչդեռ հարցը խիստ կարեւոր էր, քանի որ միջազգային ընկերություններից, օրինակ, «Մայքրոսոֆտը», ցանկություն էր հայտնում տեղադրելու մեր պետության կողմից ընդունված համակարգչային հայերենի ստանդարտ: Ու մինչ մենք այստեղ բանավիճում էինք, սփյուռքի հայ մասնագետներն իրենց նախաձեռնությամբ 2 տարի առաջ «Մայքրոսոֆտի» «Յունիկոդ» համակարգում տեղադրեցին հայկական ֆոնտեր: Չէի ասի, թե տառատեսակները գոհացնող են, կան շտկման կարիք ունեցող որոշ թերություններ», ասում է Արմեն Գրիգորյանը:
Հայկական գրանշանների կոդավորման ստանդարտի ձգձգվող քննարկումները խոչընդոտել են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այլեւ հայագիտության զարգացմանը, մասնավորապես լուրջ դժվարություններ առաջացրել հայ մատենագիտության թվայնացման եւ ուսումնասիրման համար: Այդ մտահոգությամբ Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը վերջերս նամակ է հղել վարչապետին, հորդորելով, Հայաստանում եւ արտերկրում ստեղծված բազմաթիվ կոդավորման համակարգերից պետական ստանդարտ ընդունել երկար տարիների փորձություն անցած ArmSCII -8-ը, որը նկատելիորեն կդյուրացնի Մատենադարանի մշակութային ժառանգության, գրաբար ու միջին հայերեն տեքստերի մուտքագրումն ու մասնագիտական բառարանների, հայագիտությանն անհրաժեշտ օժանդակ ծրագրերի ստեղծումը:
«Իրենք «Յունիկոդով» աշխատելու դժվարություններ ունեին, վարչապետին դիմելուց հետո, մեր խորհուրդը աջակցեց նրանց եւ արդեն մի քանի ամիս այդ համակարգը ներկայացրել ենք ստանդարտների ազգային կենտրոնին: Առաջին փուլում արդեն ամփոփվել են կարծիքները, դրանց 90 տոկոսը դրական է, առաջիկա օրերին կլինի եւս մի քննարկում եւ ստանդարտը վերջնականորեն կհաստատվի: Այսինքն, կհաստատվի մի բան, որը վաղուց գործում էր Հայաստանում, պարզապես կունենաք պետության հաստատած համակարգչային հայերեն այբուբենի ստանդարտ», հավելում է Արմեն Գրիգորյանը:
Փաստորեն ստեղծվել է մի համակարգ, որը քիչ է տարբերվում «Յունիկոդից»: Վերջինը ArmSCII -8-ին համակցելով լուծվում է նաեւ ստեղնաշարային խնդիրը, որից հետո այն կտեղադրվի «Յունիկոդ» համակարգում: Արդեն իսկ ստեղծվել են 10-ից ավելի գրանշանային ստանդարտներ, որոնք առաջիկայում կուղարկվեն համակարգչային հայտնի ընկերություններին: Շուտով կլուծվի նաեւ «Վինդոուզի» հայացման խնդիրը, որը մեզ կազատի ինտերնետում հայերեն գրելու պրպտումներից, մեր համակարգիչներից կանհետացնի կադվինն ու հայերեն գրելու համար անհրաժեշտ այլ ծրագրեր: Մինչեւ տարեվերջ, Գրիգորյանի հավաստմամբ, անգլերենի ու մյուս լեզուների պես հայերենն իր փառավոր տեղը կունենա համակարգչային ծրագրերում, կունենանք անգլերեն-հայերեն թարգմանիչ, սրբագրիչ եւ ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ այլ ծրագրեր: Դրանք անառարկելիորեն կհանգեցնեն նոր տեխնոլոգիաներից օգտվողների թվի աճի, որովհետեւ համակարգչային գիտելիքներից խուսափելու պատճառներից մեկը միջին սերնդի անգլերենի իմացության պակասն էր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային վերելք ապահովող ամենաազդու գործոնը «Արմենտելի» արդեն կայացող վաճառքն է, որի ժամանակ նոր սեփականատիրոջ առջեւ մենաշնորհից հրաժարվելու նախապայման է դրվել: Իսկ դա նշանակում է, որ կունենանք էժան ու մատչելի ինտերնետ կապ, համակարգչային ընկերությունների հետ ազատորեն համագործակցելու հնարավորություն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ