«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


«ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻՆ ԱՌՈՂՋ ՊԱՀԵԼՈՎ, ՈՂՋ ԱԶԳԻՆ ԿՊԱՀԵՆՔ», ԱՍՈՒՄ Է ՌԻՏԱ ՊԱԼՅԱՆԸ

Դոլարի աղետալի անկումները, սակայն, ցնցումային իրավիճակ են ստեղծել բարեգործական ծրագրի համար

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Այսօր, արդեն 10-րդ տարվա ավանդույթով Մամոգրաֆիայի հայ-ամերիկյան համալսարանական կենտրոնն առողջության քայլարշավ է կազմակերպում: Քայլարշավին մասնակցում է 3 հազար մարդ, որոնց թվում Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոխանորդն իր կնոջ հետ, Եգիպտոսի դեսպանը, Իտալիայի դեսպանի կինը, բժշկական համալսարանի ուսանողները, կրծքագեղձի քաղցկեղից փրկված հայ կանայք, նաեւ դպրոցահասակ երեխաներ, որոնք պիտի իրենց մայրերին հորդորեն այցելել մամոգրաֆիայի կենտրոն` հետազոտվելու: «Սա հայ կանանց զգաստության կոչելու յուրատեսակ տոն է, որովհետեւ հայ մայրն ավանդաբար եւ Հայաստանում, եւ սփյուռքում, միշտ վերջում է մտածում իր առողջության մասին: Մայրը պիտի ողջ լինի, որ կարողանա իր երեխային նայել եւ որպեսզի Հայաստանում որբ երեխաներ չլինեն», ասում է կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանը:

Առողջության կենտրոն հիմնելու գաղափարը նա հղացել է, երբ իր երկու քույրերի կյանքը հաջողվել է փրկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման շնորհիվ: Այսօր կենտրոնն իր տեսակի մեջ միակն է հետխորհրդային նախկին տարածքում: Նաեւ 300 արտասահմանցիներ են հետազոտվել այստեղ:

Մեր երկրում կրծքագեղձի քաղցկեղից կանանց մահացությունն ամենից շատ է տարածված, երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է: Արդեն 85 հազար կին է հետազոտվել այստեղ, վաղ ախտորոշման եւ վիրահատության շնորհիվ հաջողվել է փրկել 3 հազար կնոջ կյանք: Կենտրոնում հետազոտվել է նաեւ 99 տղամարդ, որոնցից 2-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի չարորակ նորագոյացություն:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ կառավարությունը 12 մլն դրամի չափով պետպատվերային հատկացում է արել մամոգրաֆիայի կենտրոնին: Սրա շնորհիվ օրական միջին հաշվով 80 կին անվճար է հետազոտվում: Ամենեւին պարտադիր չէ, որ այս կանայք սոցիալական անապահով շերտի պատկանեն, բավական է տեղամասային պոլիկլինիկայի ուղեգիրը:

Իսկ ընդհանրապես, մեկ հետազոտության իրական ծախսը 100 դոլար է կազմում, թեեւ հետազոտման վճարն ընդամենը 10 հազար դրամ է:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր ամենից շատ հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում, եւ ընդհանրապես Սեւանի ավազանի բնակավայրերում 100-ից 50 կնոջ մոտ գոյացությունների հայտնաբերման հավանականությունը մեծ է: Հետաքրքրական է այլ իրողություն. Ղարաբաղում հետազոտված 170 կանանցից ոչ մեկի մոտ ոչ բարորակ, ոչ չարորակ գոյացություններ չեն հայտնաբերվել:

Կենտրոնի մասնագետների կարծիքով մաքուր օդը, էկոլոգիական նպաստավոր իրավիճակն է պատճառը: Իսկ ընդհանրապես, բացի աղտոտված միջավայրից, այս ախտի զարգացման ակտիվ խթաններ են ստրեսները եւ քիմիական հավելանյութերով առատ սնունդը: «Որքան քաղաքակրթվենք, այնքան քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է», ասում է Ռիտա Պալյանը: Կրծքագեղձի քաղցկեղը հաճախ է հանդիպում չամուսնացած աղջիկների մոտ, մեծ դեր է խաղում նաեւ ժառանգական գործոնը:

40-ն անցած ամեն կին իրեն այս ախտից ապահովագրելու համար ամեն տարի պիտի հետազոտություն անցնի: Կենտրոնի հիմնադիրն ասում է, որ հակառակ առաջին տարիների, հիմա այդ նպատակով կենտրոն եկող կանանց թիվը մեծանում է:

Նորագույն սարքավորումներով հագեցած հաստատությունը պահելու համար մեծ գումարներ են պետք, որոնք կենտրոնի անխոնջ հիմնադիրը հայթայթում է մեծ դժվարությամբ` ողջ ԱՄՆ-ի տարածքով բարեգործական նվիրատվություններ կազմակերպելով:

Սակայն վերջին շրջանում դոլարի աղետալի անկումները ցնցումային իրավիճակ են ստեղծել բարեգործական այս ծրագրի համար: Սկսվել եւ հոկտեմբերի վերջին նախատեսվում էր ավարտել կենտրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, սակայն ֆինանսական չկանխատեսված բարդությունները դժվար թե թույլ տան: «Հիմա որ դոլարի կուրսն իջել է, բոլոր բարեգործական ծրագրերը մեծ վնասներ են կրում, որովհետեւ մենք մեր բոլոր հաշիվները դոլարով ենք անում: Իսկ պետությունը որեւէ բացատրություն չի տալիս այս մասին: Մեր ծախսերը 50 տոկոսով ավելացել են: Երբ մենք գործը սկսեցինք, 1 դոլարը 530 դրամ արժեր, գրեթե մեկ երրորդի չափով վնաս ենք կրել: Ես ամենամեծ մուրացիկն եմ դարձել Ամերիկայի մեջ, որպեսզի կարողանամ այս կենտրոնը պահել: Որտեղից ես պիտի հիմա բերեմ այդ փողերը, չգիտեմ:

Մեր խանդավառությանը, մեր նվիրվածությանը դա այնպիսի հարված է, որ երբեմն հարց ես տալիս ինքդ քեզ` որքան ժամանակ պիտի մնաս այսպիսի հիմար վիճակում: Եթե այսպես շարունակվի, մի օր բոլորովին կդադարեն դրսից եկող փողերը», վրդովված ու դառնացած ասում է մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4