Հիվանդագին բնույթ է ստանում «Ցեղասպանության ուրացման» օրինագծին Անկարայի հակազդեցությունը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Որքան մոտենում է Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող օրինագծի քվեարկության օրը, որը նշանակված է հոկտեմբերի 12-ին, Թուրքիայում այնքան աճում են հակաֆրանսիական տրամադրությունները, եւ հիվանդագին բնույթ է ստանում պաշտոնական Անկարայի հակազդեցությունը:
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամըք Թանը նախազգուշացրել էր, որ օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան կկորցնի Թուրքիային: Դրան նախորդել էր նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերիՙ օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին հասցեագրած նամակը:
Ի դեպ, նամակի մասին թուրքական հանրային հեռուստատեսությունը հաղորդեց երեք օր ուշացումով եւ առանց բովանդակությունը մանրամասնելու: Այդ ընթացքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Օնուր Օյմենն օրինագծի ընդունման պարագայում ապօրինաբար Թուրքիայում բնակվող իբր 70 հազար Հայաստանի քաղաքացիներին երկրից վտարելու առաջարկ էր արել: Նախորդ օրն Օյմենի առաջարկը կրկնել է երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր, նախորդ արտգործնախարար Յաշար Յաքըշը:
Նա Օյմենի պես անցյալ շաբաթ Փարիզ գործուղված խորհրդարանական պատվիրակության կազմում էր: Անկախական մեկ այլ պատգամավոր, որին պաշտպանել են իշխող կուսակցության երկու պատգամավորներ, առաջարկել էր Ալժիրում իրագործված ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրենք ընդունել Մեջլիսում:
Եղել են նաեւ Թուրքիայում ֆրանսիական ապրանքները բոյկոտելու առաջարկներ: Ավելինՙ Անկարայի առեւտրի պալատի նախագահ Զաֆեր Չաղլայանը, ինչպես հոկտեմբերի 9-ի համարում նշել է «Զամանը», հոկտեմբերի 12-ին օրինագծի քվեարկության օրը հանդիպելու խնդրանքով դիմել է Փարիզի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահին: Ըստ թուրքական թերթի, նա դիմումի առնչությամբ հայտարարել է. «Հոկտեմբերի 12-ին մեկնելու եմ Փարիզ, այնտեղ «առաջին մեղավորը» ճանաչվելու համար հրապարակավ ժխտելու եմ Հայոց ցեղասպանությունը: Ցանկանում եմ, որ այսպիսի անբարոյական, անմիտ եւ լկտի նախաձեռնություններին միահամուռ ուժերով արժանի հակահարված տան մեր պետությունը, ողջ թուրք ազգը, անհատներն ու հաստատությունները»:
Անկարայի առեւտրի պալատի նախագահն ասել է նաեւ, որ օրինագծի հաստատումը հանգեցնելու է Ֆրանսիայում հինգերորդ հանրապետության կործանմանը, պատճառաբանելով, թե այդ օրինագիծը ոտնահարում է մտքի ազատությունը, արհամարհում մարդու իրավունքները, դրանով միաժամանակ անտեսվում է տարեկան Թուրքիա 6 մլրդ դոլարի ֆրանսիական ապրանք արտահանելու պարագան:
«Հայոց ցեղասպանության ուրացման» համար պատիժ նախատեսող օրինագծով 5-րդ հանրապետությունը Ֆրանսիայում, անկախ Անկարայի առեւտրի պալատի նորընտիր նախագահի ցանկությունից, հազիվ թե կործանվի: Բայց որ օրինագծի ընդունման հավանականությունը բավականին մեծ է, եւ այս հետեւությունը պատկանում է Ֆրանսիական լրատվական գործակալությանըՙ AFP-ին, կասկած չի հարուցում: Թերեւս այս հանգամանքն էլ ստիպել է նախագահ Սեզերից հետո երկրորդ նախաձեռնությունը ցուցաբերել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ օրինագծի առնչությամբ հեռախոսով դիմել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին:
«Միլիեթի» տվյալներով հեռախոսազրույցի ընթացքում Սարկոզին, ֆրանսիական աղբյուրների համաձայն, ուշագրավ առաջարկ է արել: Ի պատասխան օրինագծին չաջակցելու Էրդողանի առաջարկին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ասել է. «Դուք չեղյալ հայտարարեք թուրքական քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածը, փոխարենը մենք էլ կկասեցնենք օրինագծի ընդունումն Ազգային ժողովում»:
Նիկոլա Սարկոզին այդ նույն աղբյուրների համաձայն Էրդողանից միաժամանակ պահանջել է. «Բացել Թուրքիայի հայկական սահմանը եւ թուրք-հայկական համատեղ հանձնաժողովը դարձնել քաղաքական, այլ ոչ թե դա, թուրքական կողմի առաջարկի համաձայն, կազմել Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբաններից»:
«Միլիեթը» հեռախոսազրույցի մասին այլ տեղեկություն չի հայտնում, քանի որ չի էլ անդրադառնում Սարկոզիի առաջարկի արձագանքներին, ուստի պետք է ենթադրել, որ էրդողանը չի ընդունել: