Ի՞նչ պիտի անեն Ռուսաստանից հեռացվող վրացիները Վրաստանում...
Երբ մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստան ժամանած մի շարք կովկասագետներ ու այս տարածաշրջանի փորձագետներ պնդում էին, թե Ռուսաստանը առանձնակի չի հասկանում իր շահն ընդհանուր Կովկասում եւ, ըստ էության, արտաքին քաղաքականության ուղղակի գիծ չունի, միակ բացատրություն էր մնում հայտնի խոսքը, թե Ռուսաստանին չես հասկանա բանականությամբ: Սակայն այն, ինչ այսօր իրականություն ու օրակարգ է ռուս-վրացական հարաբերություններում, վկայում է ոչ միայն Ռուսաստանի անհասկանալի լինելը: Վրաստանի վարած քաղաքականությունն էլ ոչ մի կերպ տրամաբանված չես կոչի` անգամ ՆԱՏՕ-ական կամ Միացյալ Նահանգների թելադրանքի գոյությունն ընդունելու պարագայում:
Ամեն դեպքում, այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցողը բնավ էլ վրաց իշխանությունների ցուցաբերած մոտեցումներին համարժեք քայլերով պատասխանելու դեպքը չէ: Եվ եթե Վրաստանի իշխանությունների ձեռքին խաղաքարտ դարձան մի քանի ռուս սպաներն ու մի քանի հարյուր ռուսաստանցիները, ապա Ռուսաստանն իր լայնարձակ տարածքում տառացիորեն հաշվեհարդար է տեսնում որոշ տվյալներով միլիոնից ավելի վրացիների հետ, որոնք ոչ միայն վրաց ներկա իշխանությունների հետեւորդ չեն, այլեւ առնչություն չունեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Վրացի գողականների եւ հանցավոր խմբերի բացահայտումներն ու ձերբակալություններն ամեն դեպքում ողջունելի են, թեեւ պետական պատժիչ համակարգի նման ընտրովի կիրառությունը մտորելու, իսկ ավելի շուտ զգուշանալու տեղիք է տալիս: Ստացվում է, որ ուզածդ պահին Ռուսաստանը կարող է զարթնել քնից ու հիշել արդարադատության, օրինականության եւ էլի նման ժողովրդավարական բարիքների մասին, որոնք բերում են կոնկրետ մարդկանց ձերբակալությունների: Ավելին, նման արժեքների գոյությամբ ու ապահովման անհրաժեշտությամբ են հիմնավորվում նաեւ մինչեւ վերջին օրերը Ռուսաստանում լավ էլ բարգավաճ գործունեություն ծավալող ռեստորանների, սրճարանների ու կազինոների փակումը:
Եթե քիչ ծուռ նայենք, ապա Ռուսաստանը, հատկապես շարքային ռուսաստանցիները դեռ մի բան էլ Սաակաշվիլուն պիտի շնորհակալ լինեն, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալեց մի քանի ռուս սպաների ու ռուսական իշխանությունների մոտ սեփական երկրում կարգ ու կանոն հաստատելու ցանկություն առաջացրեց: Ընդ որում, այնպիսի մի մոլուցքով, որ ռուսական պետության ղեկավարը հիշեց, որ ինչ-որ ժամանակ կազինոները քաղաքներից հեռու տանելու նախագիծ կար: Պուտինը ներկայացրեց նոր օրինագիծ` կազինոները հատուկ, մինչ այդ չբնակեցված զոնաներ տեղափոխելու մասին, որ Պետդումայի աջակցության դեպքում իրականությունը կդառնա մինչեւ 2009 թ.: (Ի դեպ, սա էլ որոշ հայաստանցիների համար կարող է հետաքրքրական փորձ դառնալ, քանի որ նորակառույց բնակավայրերում եւ ճանաչողները քիչ կլինեն, եւ գողությունները` հաճախակի: Մյուս կողմից էլ, նման վայրում հայտնվելու դեպքում մեր պատգամավորներն ու նրանց նման գրպանում «ավելորդ» գումարներ ունեցողները չեն կարող չքմեղանալ, թե բնավ էլ կազինոյում չեն եղել):
Ողջունելի ցանկություն ու մտադրություն է: Բայց Ռուսաստանի նախագահը «անհանգստացած» է ոչ միայն կազինոների հարցով: Վլադիմիր Պուտինին մեծապես «մտահոգում է» իրավիճակը Ռուսաստանի շուկաներում: Ըստ Պուտինի, դրանք պետք է մաքրել այն մարդկանցից, որոնք, նախ, կապ չունեն շուկայի արտադրանքի հետ: Բացի այդ, Պուտինի խոսքերով, պետք է կարգավորել օտարերկրացիների աշխատանքը Ռուսաստանում, խստագույնս ստուգել անօրինական միգրանտներին, խստացնել անցագրային ռեժիմը: Դեռ պետք է երեւի շնորհակալ լինել, որ այս խոսքերի հետ մեկտեղ չնշվեց հատկապես ազգությամբ վրացիների հանդեպ «ուշադիր» լինելու կարեւորության մասին:
Էլի լավ են անում, սեփական երկրում ցանկանում են օրինականություն ունենալ: Բայց ի՞նչ գնով, ե՞րբ եւ հատկապես ինչի՞ց հետո այդ մասին հիշելով: Ռուսաստանում բնակվող վրացիներին, հատկապես Վրաստանի քաղաքացիներին այս կերպ անելանելի վիճակի մեջ դնելով` հավանական է, որ Վրաստանում իշխանություններից դժգոհությունը մեծանա: Ու թերեւս վատ նպատակ չէ Ռուսաստանի համար, քանի որ վրացական իշխանությունների քայլերին ի պատասխան քարոզվող օրինականության հաստատումը վրացիներին հաստատապես դժգոհ կթողնի հենց Սաակաշվիլու հանդեպ: Այսինքն, կարելի է Ռուսաստանում վրաստանցիներին նեղելով ու արտաքսելով` դժգոհության ալիք բարձրացնել Վրաստանում, հատկապես որ Հայաստանի նման Վրաստանի բնակիչների մի զգալի մասն էլ ապրում է Ռուսաստանից ստացվող գումարներով:
Այս ամենի կողքին Վրաստանը շարունակում է «քաղաքական ցինիզմ» դրսեւորել` Ռուսաստանից ազատվելու իր ձգտումներով շատ յուրօրինակ մոտեցումներ հնարելով: Այն ժամանակ, երբ նախորդ շաբաթ առաջին ռուսական ինքնաթիռը Վրաստան է վերադարձրել 100-ից ավելի վրացիների, նույն ինքնաթիռով Վրաստանը լքող ռուսաստանցիներին «ճամփու էին դնում» խաղողով, գինով ու վարդերով լիքը զամբյուղներով: Բացի այդ, անօրինական վրացի միգրանտներին Թբիլիսի բեռնատար ինքնաթիռով տեղափոխելու հանգամանքը հարուցել է Վրաստանի նախագահի խիստ «դժգոհությունը», եւ Սաակաշվիլին որոշել է այլեւս բեռնատար ռուսական ինքնաթիռ չընդունել Թբիլիսիում: Պահանջելով վրացիներին հայրենիք տեղափոխել քաղաքակիրթ ձեւով` վրացական իշխանությունները վերջին օրերի Ռուսաստանի գործողությունների առնչությամբ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս հայտարարությունների հետ մեկտեղ Միխայիլ Սաակաշվիլին ձեռաց նաեւ պատրաստակամություն է հայտնել գնալ ուր եւ երբ հարմար է` Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ինչ խոսք, ռուս-վրացական հարաբերություններում ինչ-որ բան սխալ է, ոչ մի կերպ չի աշխատում: Երկու կողմում էլ քաղաքական գործիչները անում են հայտարարություններ, որ բնավ էլ երկկողմ հարաբերությունների նորմալացմանը չեն նպաստում: Ճիշտ հակառակը, թշնամանք են «ցանում» այնպիսի մի մակարդակում, որտեղ մինչ այս նման հարց չէր բարձրացվում. Ռուսաստանը շատ ընտրովի «մաքրում է» երկիրը վրացի «հանցագործներից եւ անօրինական միգրանտներից», եւ սա այն դեպքում, երբ քսենոֆոբիական տրամադրությունների ի հայտ գալու դեպքերում իրավապահների անկարողությունը համար մեկ պատճառաբանություն էր:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ