«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2006-10-06 | #191, 2006-10-07 | #192, 2006-10-10


ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԹԻՎ 40 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏ

Երեկ կեսօրին Ախալքալաքի թիվ 40 շրջանային ընտրական տեղամասի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով, ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել տեղի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, եւս մեկ մարդ Աշոցքի հիվանդանոցում է:

«Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի թիվ 40 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Մահտեսյանը հայտնեց, որ ընտրատեղամասի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել վերը նշված կուսակցության եւ դաշինքի անդամները` պահանջելով կրկնակի քվեարկություն: «Բայց համաձայն Վրաստանի գործող օրենսդրության, նման բողոքները ընդունվում են մինչեւ քվեատուփերի բացումը, իսկ դրանք բացելուց հետո բողոքները չեն ընդունվում», հավելեց պրն Մահտեսյանը: Վիճաբանության մասով պրն Մահտեսյանը խուսափողական պատասխաններ տվեց` կատարվածին մեղմ որակումներ տալով: Նրա խոսքով, թեթեւ բռնկում է եղել ընտրական հանձնաժողովի եւ ակցիայի մասնակիցների մեջ, իրարանցում է եղել, լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Վահագն Չախալյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք գնացել են հիշյալ ընտրատեղամաս` ընտրությունների արդյունքներն իմանալու, քանի որ, վերջինիս հավաստմամբ, 4 օր իրենց ոչինչ չեն ասում: Լռության պաշտոնական մեկնաբանություն դաշինքի անդամները չեն ստացել, բայց Վահագն Չախալյանն ունի իր մեկնաբանությունը. «Մենք ընտրությունների ենք գնացել «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության հետ եւ 70 տոկոս ձայն ենք հավաքել»: Նրա ներկայացմամբ, ակցիայի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ վրացական հեռուստաընկերությունները, հայտնվել է Ախալքալաքի ոստիկանապետի տղան` Գեորգի Պետրոսյանը, վեճ եւ քաշքշուկ է սկսել, ոստիկանապետի տղան օդ է կրակել եւ 5 րոպե անց անհետացել: Չախալյանի վստահեցմամբ, տուժողներ չեն եղել, սակայն հետո հայտնված ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի հետ վեճ է եղել, քանի որ նա հարձակվել է ժողովրդի վրա, ամբոխն էլ զայրացած նրա վրա է հարձակվել: Ոստիկանապետն այժմ հիվանդանոցում է, սակայն մեր աղբյուրների տեղեկությամբ, նա հիվանդանոցում է հայտնվել զուտ ծեծի հետեւանքով եւ հրազենային վնասվածքներ չեն եղել:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի խոսքով, ընտրություններում մոտ 70 տոկոս ձայն է հավաքել իշխանական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, իսկ մոտ 30 տոկոսն էլ` «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը: Մաքսիմ Մահտեսյանը մանրամասնեց, որ 10 մանդատից 7-ը ստացել է իշխանական հիշյալ կուսակցությունը, 3-ը` «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները հաղթահարած 22 պատգամավորներից 15-ը «Միացյալ ազգային շարժում»-ից են, մյուսներն առանձին նախաձեռնող խմբեր են: Մահտեսյանը նշեց, որ այս արդյունքները կարելի է վերջնական համարել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4